Ցույց տվե՛ք մի մտավորականի, որը կոչում է ստացել, հետո գնացել Ազատության հրապարակ

Ցույց տվե՛ք մի մտավորականի, որը կոչում է ստացել, հետո գնացել Ազատության հրապարակ
Մշակույթի նախարարությունը սահմանել է դրամաշնորհային ծրագիր, որով մինչեւ մեկ միլիոն դրամ է տրվելու տեւական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար։ Ըստ նախարարության՝ ծրագիրը լրացնում է մշակութային դաշտում պետական քաղաքականության բացը՝ տեղափոխելով շեշտադրումը գրքաստեղծման հրատարակչական-տպագրական փուլից ստեղծագործական փուլ։ Կարող են անհատապես կամ խմբով դիմել գրողները, գրաքննադատները, հետազոտողները։



Այս առթիվ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Ֆեյսբուքում արել է հետեւյալ գրառումը․ «Նիկոլ Փաշինյանին եթե զինակիցները չքաշեն, էլ ով պիտի քաշի։ Կառավարությունը, ի դեմս Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետի ընտրություններին զուգընթաց որոշել է վճարել մտավորականներին, ինչը կարող է դիտարկվել, որպես ընտրողի ձայնը գնելու փորձ։ Եթե դա աներ Ծառուկյանը՝ հիմա բանտում կլիներ։ Ինչ տարբերություն, թաղի ասֆալտ փռելո՞վ սիրտը կշահեն այդ թաղի բնակիչների, թե՞ մտավորականներին պետական բյուջեից գրանտ կբաժանեն։ Նիկոլ Փաշինյանը Օպերայի թատրոնում մտավորականների հանդիպման ժամանակ հստակ նշեց, որ չի կարելի պետական փողով կռացնել մտավորականին։ Մշակույթի նախարարությունում այդ ելույթը լավ չեն ընկալել։ Կասեք՝ հա, բայց հաստատ էդ նպատակով չեն արել։ Ով ասեց որ Ծառուկյանը հենց էդ նպատակն է ունեցել։ Ով ասեց, որ Սերժը հենց էդ նպատակով էր անում։ Ոնց է, որ Նիկոլ Փաշինյանը դատավորներին զանգելու գայթակղությանը կդիմանա, իսկ Մշակույթի նախարարությունը մտավորականներին լոյալ դարձնելու գայթակղությանը՝ ոչ։ Մենք սրա համար էինք հեղափոխություն անու՞մ"։ Գրառումն արձագանք է գտել գրողների, մշակույթի ոլորտի մարդկանց շրջանում, որոնք էլ տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ են արել նրա ներքո։ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այդ գումարը կարելի է տրամադրել գրական որեւէ մամուլի միջոցով՝ «Ինքնագիր»-ի, «Գրեթերթ»-ի, «Գրական թերթ»-ի միջոցով։



«Անտարես»-ի տնօրենը նկատում է, որ իշխանություններին դուր գալու մտավորականների ձգտումն օգտագործելով Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ղեկավարեցին Հայաստանը։ Նույնը նա չի ակնկալում նոր իշխանություններից։ «Դուք ո՞ւմ գիտեք, որ կոչում է ստացել, հետո դուրս եկել Ազատության հրապարակ։ Ես հիշում եմ Երվանդ Մանարյանին, Օհան Դուրյանին, Լեւոն Խեչոյանին։ Իսկ քանի՞ մտավորական դուրս չի եկել Ազատության հրապարակ, քանի՞ մտավորական իր կարծիքը երբեք չի բարձրաձայնել։ Իսկ ո՞նց եղավ, որ 20 տարի լռեցին, Պողոս Պողոսյանի սպանության ժամանակ ձայն չհանեցին։ Իսկ կոչումներով մտավորականների բողոքն ուղղորդեցին ընդդիմության կողմը։ Ո՞ւր էին նրանք, բոլորը համաձա՞յն էին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, ուզո՞ւմ էին Հայաստանը տեսնել այսպիսի վիճակում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պետությունը չպետք է ուղղորդի մտավորականին։ Իսկ եթե պետությունն ուզում է ֆինանսավորել իր ստեղծագործողներին, ապա, ըստ նրա, կան տարբեր ձեւեր։ Դրա համար, «Անտարես»-ի տնօրենի կարծիքով, պետք է այնպես անել, որ ստեղծագործողը դառնա պահանջված։



«Օրինակ՝ Թաթան պետությունից փող ստանալու խնդիր չունի, որովհետեւ իր ստեղծագործությունը պահանջված է։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր գրողները դառնան Թաթայի նման պոպուլյար, մարդիկ ոնց որ ուզում են Թաթայի համերգին մասնակցել, նույն ձեւով պետք է գրքեր կարդան»,- առաջարկում է Արմեն Մարտիրոսյանը։ Դիտարկմանը, թե մեր գրականությանը միայն Թաթանե՞ր են պետք, «Անտարես»-ի տնօրենն արձագանքեց․ «Նույն կերպ ես կարող եմ ասել Տիգրան Մանսուրյանի մասին, որը պահանջված կոմպոզիտոր է։ Ճիշտ է, Մանսուրյանի արվեստն ավելի շատ պահանջված է Գերմանիայում, այլ երկրներում, բայց պահանջված է։ Թող գրողներն էլ լինեն նույն կերպ պահանջված։ Իսկ դրա համար հայաստանցիների մեջ պետք է արթնացնել ընթերցելու, գրախանութ, գրադարան այցելելու մշակույթը»։ Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է նաեւ Մշակույթի նախարարության մեկ այլ նախաձեռնության մասին՝ 50 մլն դրամ մտավորականներին տրամադրելու մասին, որպեսզի նրանք իրենց ներկայացնեն մարզերում։



Մեր զրուցակիցը կարծում է, որ այդ գումարով մեկը կարող է գնալ, իր կենսագրությունը պատմել, մյուսը իր վեպերի մասին կպատմի, երրորդը՝ համեմատական քննադատություն կանցկացնի հայ եւ ավստրիական արձակի միջեւ։ Դրա փոխարեն ամբողջ տարվա ընթացքում մարզային գրադարանները 5 մլն դրամ ֆինանսավորում են ստացել։ «Մշակույթի նախարարությունն էդ ձեւով սոցիալական հարց է լուծում, իսկ դա Լիլիթ Մակունցի տիրույթը չէ, այլ՝ Մանե Թանդիլյանի։ Սոցիալապես անապահով մարդկանց սպասարկում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, մշակույթի նախարարությունը մշակույթը զարգացնելու, տարածելու համար է»,- հիշեցնում է մեր զրուցակիցը՝ կոչ անելով ուշադիր լսել, թե ինչ է ասում վարչապետը։



**Թագուհի Հակոբյան**