Սպիտակ տան վարչակազմը Դոնալդ Թրամփին ցուցաբերում է լուռ դիմակայություն․ NYT

Սպիտակ տան վարչակազմը Դոնալդ Թրամփին ցուցաբերում է լուռ դիմակայություն․ NYT
[**The New York Times**](https://www.nytimes.com/2018/09/05/opinion/trump-white-house-anonymous-resistance.html) պարբերականը հրապարակել է հոդված, որի հեղինակը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակիցներից մեկն է, ով ցանկացել է մնալ անանուն։ Հոդվածում խոսվում է այն մասին, որ Սպիտակ տան աշխատակիցները «լուռ դիմակայություն» են ցուցաբերում նախագահ Թրամփին իր իսկ վարչակազմի ներսում։ «Իրավիճակը այնքանով է բարդ, որ Թրամփը մինչեւ վերջ չի գիտակցում, որ նրա վարչակազմի շատ բարձրաստիճան անձինք հետեւողականորեն աշխատում են, որ խաթարեն նրա օրակարգը։ Ես դա գիտեմ, ես նրանցից մեկն եմ»,- ասված է հոդվածում։



Հոդվածագիրը մանրամասնել է, որ խոսքն, անշուշտ, ձախերի բացահայտ դիմակայությունը չէ, այլ նրանց, ովքեր աշխատում են Սպիտակ տան ներսում եւ ցանկանում են անկեղծորեն, որպեսզի վարչակազմը հասնի հաջողությունների եւ կյանքն ԱՄՆ-ում բարելավվի։ «Բոլոր խնդիրների արմատը նախագահի բարոյազրկությունն է։ Բոլորը, ովքեր աշխատում են նրա հետ, գիտեն, որ նա չունի որեւէ սկզբունք, ու նույնիսկ թեեւ որպես հանրապետական է ընտրվել, սակայն հանրապետականների իդեալների հանդեպ էլ առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերում։ Հոդվածում նշվում է նաեւ, որ Թրամփն ակնհայտ համակրանք ունի այնպիսի բռնապետների հանդեպ, ինչպիսիք են Կիմ Չեն Ընը, Վլադիմիր Պուտինը։



Թրամփը, ըստ անանուն հեղինակի, բազմիցս է գանգատվել, որ իրեն ստիպում են, որ ավելի խորացնի առճակատումը Մոսկվայի հետ։ Շատերը, ըստ հրապարակման, ցանկանում են, որպեսզի գործի դրվեն նախագահի պաշտոնանկության գործընթացը, սակայն խուսափում են գործնական քայլերից, քանի որ չեն ցանկանում, որպեսզի երկրում սկսվի սահմանադրական ճգնաժամ։