Ցանկությունս է՝ իշխանությունները առաջնորդվեն բացառապես պետական ու ազգային շահերով

Ցանկությունս է՝ իշխանությունները առաջնորդվեն բացառապես պետական ու ազգային շահերով
«Ես և իմ գործընկերներից շատերը մեր հրապարակած հոդվածում հայտնել ենք մեր մտահոգությունը ՀՀ-ՌԴ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։



«Որպես պատգամավոր՝ հուսով եմ, որ բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունների կողմից ձեռնարկվում են կամ կձեռնարկվեն, կբխեն բացառապես ՀՀ ազգային ու պետական երկարատև շահերից։ Իմ անձնական ցանկությունն է, որ ՀՀ նոր իշխանությունները առաջնորդվեն բացառապես երկրի պետական ու ազգային շահերով»,- ասաց նա։



Դիտարկմանը, որ տեսակետ կա, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, հիմա ՀՀ-ն ՌԴ-ի հետ հավասարը հավասարի հետ է խոսում․



«Եթե կարծում եք, որ միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող բոլոր պետություններն ունեն նույն հնարավորությունները, ապա դա  նշանակում է, որ առնվազն ծանոթ չենք համաշխարհային քաղաքականության պատմությանը։ Այլ բան է, որ ցանկացած պետություն ինքնուրույն մշակում ու իրականացնում է իր արտաքին քաղաքականությունը, առաջնորդվում է իր շահերով, օգտագործելով  իր բոլոր մեխանիզմները՝ պաշտպանում իր ազգային շահը»։