Վարչապետը կատակեց․ «Առանց երկրորդ երեխայի, հնարավոր չէ երրորդին և չորրորդին ունենալ»

Վարչապետը կատակեց․ «Առանց երկրորդ երեխայի, հնարավոր չէ երրորդին և չորրորդին ունենալ»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր կառավարության նիստին զեկուցեց մի նախագիծ, որով առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ՝ սահմանելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծնվելու դեպքում կազմի հարյուր հիսուն հազար դրամ: Այս պահին գործող կարգավորմամբ՝ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում պետությունից տրամադրվում է հիսուն հազար դրամ գումար, իսկ երրորդ և չորրոդ երեխայի ծննդյան դեպքում՝ մեկ միլիոն դրամ։



«Այս փոփոխությամբ ուզում ենք հստակ հաղորդագրություն հղել մեր հասարակությանը, որ երկրորդ երեխայի ծնունդն իրականում ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, և այս պահին այդ իրավիճակը բարվոք չէ։ Ուզում եմ նաև օգտվել այս առիթից և մեր ընտանիքներին կոչ անել երկրորդ երեխայի ծնունդին վերաբերվել պատասխանատու։ Այդ ընթացքում փորձեց ռեպլիկ անել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Բայց նրա մտքի թռիչքը օդում որսաց վարչապետը՝ առաջ անցնելով․«Պարոն Տոնոյան, ուզում էիք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը, չէ՞։ Ձեր հայացքում ես դա կարդացի, ու ինչքան հանրավոր ա՝ շուտ դառնան 18 տարեկան»։



«Չէ, ես կողմնակից եմ ավելի շատ ուշադրություն դարձնել ավել շատ երրորդին և չորրորդին»,-իր չարտահայտած միտքը բացեց Տոնոյանը։ Վարչապետն էլ շարունակեց կատակել․ «Մի էսպիսի տեխնիկական բարդություն կա, ուղղակի, առանց երկրորդի, հնարավոր չէ երրորդին և չորրորդին ունենալ, եթե ժամանակակից, իննովացիոն տեխնոլոգիաներն այլ հնարավորություն չեն տա»։



Նախագին արժանացավ կառավարության անդամների դրական արձագանքին և գնահատականին, բայց այն, ամեն դեպքում, չընդունվեց, քանի որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց զույգ երեխաների դեպքում կրկնապատկել գումարը։ Սրանից առաջացան այլ հարցեր ևս, թե հետո ինչպես են որոշում՝ որն է երկրորդ երեխան, որը՝ երրորդը և այլն։ Նախարարները սկսեցին խճճվել թվաբանության մեջ, ու որպեսզի ամեն ինչ պարզ լինի, վարչապետն առաջարկեց այս պահին նախագծի ընդունումը հետաձգել, ուղարկել այս հաշվարկներն ու փոփոխությունները հստակեցնել, հաջորդ նիստին նոր բերել ընդունել։ Առաջարկն ընդունվեց։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**