Բաց նամակ վարչապետին

Բաց նամակ վարչապետին
_Ինչո՞ւ, ո՞վ եւ ինչի՞ց ելնելով որոշեց, թե ես ցանկացել կամ փորձել եմ սպանել Գուրգեն Արսենյանի թիկնապահին_



Հարգելի Նիկոլ Փաշինյան, բոլորովին վերջերս 2015 թ. սեպտեմբերի 19-ի չարաբաստիկ առավոտը լուսացավ այնպես, որ հետո հայտնվեցի բանտարկյալի կարգավիճակում: Մեղադրանքը դուրս է նույնիսկ երեւակայության սահմաններից: Այդ օրը Մաշտոցի պողոտայում պատահեց մի միջադեպ, ըստ էության՝ վեճ, որին մասնակից դարձավ այն ժամանակ պատգամավոր, նաեւ բիզնեսմեն Գուրգեն Արսենյանը՝ իր օգնական-թիկնապահի, մի խոսքով, ամեն ինչի հետ: Խառնվելով վիճաբանությանը՝ վերջիններս իրենց պահեցին ամենավերջին խուլիգանի պես՝ դառնալով մի փուչ քրեական գործի պատճառ, որը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Մինչ այսօր վարույթն իրականացնող մարմինները (քննիչ, դատախազ, դատավոր) ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի ազդեցության տակ գործել են՝ շրջանցելով Քրեական օրենսգրքի տողերը եւ անգամ տողատակերը:



Հարգելի պարոն վարչապետ, բանն այն է, որ միջադեպի ընթացքում սույն օգնականը, հարվածներ հասցնելով ընկերներիս եւ անմիջական վտանգ սպառնալով ինձ, մարմնական վնասվածք ստացավ, որը փաստացի վտանգ չէր սպառնում նրա կյանքին, եւ անգամ ի վիճակի էր գետնին տապալել 2 ֆիզիկապես առողջ տղամարդու, ապա նստել մեքենայի ղեկին եւ վարել այն, գնալ ու ստանալ բուժօգնություն: Վերջինիս եզրակացությունից հստակ երեւում է, որ նա ստացել է միջին ծանրության վնասվածք, հաջորդ օրվանից անցել բնականոն կյանքի եւ շարունակել իր աշխատանքը:



Հարգելի պարոն վարչապետ, այսուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինները երեւի Քրեական օրենսգրքին լավ ծանոթ չլինելու պատճառով կամ չգիտեմ ինչու ինձ մեղադրանք առաջադրելիս Քրօր․ 116 հոդվածի առաջին մասի փոխարեն, այն է՝ մեկ ուրիշի առողջությանը վնաս պատճառել՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, ինձ առաջադրել են մեղադրանք ՀՀ քրօր․ 34-104 հոդվածի երկրորդ մասով, եւ սույն թվականի օգոստոսի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, դատապարտել է ինձ 16 տարի 6 ամիս ազատազրկման:



Հիմա հարց է առաջանում․ ինչո՞ւ, ո՞վ եւ ինչի՞ց ելնելով որոշեց, թե ես ցանկացել կամ փորձել եմ սպանել տուժող հանդիսացող Ավետիս Գալստյանին: Պարզապես չտեսնված ու չլսված դեպք է եւ աննախադեպ երեւույթ քրեական դատավարության պրակտիկայում: Առանց այդ հանգամանքը հաստատող որեւէ ինքնախոստովանության վրա հիմնվելու, ներքին համոզմունք կոչվածի վրա այդպիսի դատավճիռ է կայացվել: Այն դեպքում, երբ ՀՀ քրդատավարության օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասը հստակ ամրագրում է, որ «դատավճիռ կայացնելիս դատարանը պետք է լուծի հետեւյալ հարցը՝ ապացուցվա՞ծ է արդյոք արարքը, որի մեջ մեղադրվում է ամբաստանյալը»: Այս դեպքում արդյոք ապացուցվա՞ծ է եւ եթե այո, ապա ինչպե՞ս, երբ չկա սպանության ցանկություն՝ մասնավորապես այն դեպքում, երբ ես տուժողին անգամ չեմ ճանաչել:



Սպանելու իմ ցանկության մասին չի կարող ոչինչ ասել ո՛չ Գուրգեն Արսենյանը եւ ո՛չ էլ քննիչը կամ դատախազը: Այդ գիտեմ միայն ես եւ պատասխանատու հայտարարում եմ, որ նման ցանկություն ես չեմ ունեցել, ուստիեւ չեմ կատարել 34-104 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք:



Մեծարգո վարչապետ, 16 տարի խլել 24 տարեկան մարդուց եւ այդ անել ապօրինի, արդյոք արդա՞ր է: Խնդրում եմ Ձեր հոգատար վերաբերմունքը:



**Անդրանիկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ**