Երբ լքում են պաշտոնները, բայց ոչ համալսարանները

Երբ լքում են պաշտոնները, բայց ոչ համալսարանները
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ գործող օրենքով բուհերի կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդները ձեւավորվում են հետեւյալ համամասնությամբ՝ 25 տոկոս ներկայացվածություն ունի հիմնադիրը, այսինքն՝ ՀՀ կառավարությունը, 25 տոկոս՝ լիազորված մարմինը տվյալ դեպքում՝ ՀՀ ԿԳ նախարարությունը, եւս 25-ական տոկոս ներգրավվածություն ունեն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը։ Չնայած կառավարության եւ լիազոր մարմնի ներկայացուցիչներն ի պաշտոնե ներկայացված չեն բուհերի կառավարման խորհուրդներում, բայց, այնուամենայնիվ, արտահայտում են կառավարության ներկայությունը պետական բուհերում։ Այսինքն՝ մարդիկ պաշտոնից ազատվել են, բայց շարունակում են բուհերի կառավարման խորհուրդներում լինել, որոշումներ կայացնել, կառավարության տեսակետն արտահայտել։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ, օրինակ, Արմեն Աշոտյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության «մարդը»՝ ներկայացուցիչը ԵՊՀ-ում եւ Բժշկական համալսարանում։



Եվ այսպես, Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը մինչ այժմ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն է։ Հիմնադիրի կողմից ներկայացված անդամների ցանկում են պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նաեւ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նախկին ԿԳ նախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Դավթյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի նախկին տեղակալ Արսեն Քարամյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանը եւ ուրիշներ։ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Աշոտյանն է։ Անդամներն են՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀ նախագահի նախկին օգնական Մարտին Զաքարյանը, ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Սահակյանը։ Նույն իրավիճակն է նաեւ Պետական տնտեսագիտական համալսարանում։ Այստեղ էլ կառավարությանը ներկայացնում են ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը։



Վարչապետի մամուլի խոսնակ **Արման Եղոյանից** փորձեցինք ճշտել, թե կառավարությունում քննարկվե՞լ է բուհերի հոգաբարձուների խորհուրդների հարցը՝ գոնե կառավարության ներկայացուցիչների մասով, սակայն նա խորհուրդ տվեց դիմել ԿԳՆ, չնայած խորհուրդները ձեւավորում է ՀՀ կառավարությունը։ «Այդ հարցերը խնդրում եմ Արայիկ Հարությունյանից ճշտեք, նա էլ է կառավարության անդամ, վարչապետն անձա՞մբ է նշանակում այդ մարդկանց։ Կառավարությունն իրենից ի՞նչ է ներկայացնում․ նախարարներ, 3 փոխվարչապետներ եւ վարչապետ, բոլորը միասին լինում են կառավարություն, կառավարության որոշումներն ընդունելուց առաջ որեւէ նախարարություն բերում է որոշման նախագիծ, հիմա այդ որոշումը ո՞ր նախարարությունն է բերում, այ, իրենց էլ պետք է հարցնել, հո վարչապետը չի՞ գրում այդ որոշման նախագիծը»,- մեզ հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակը։



ԿԳ նախարարի մամուլի խոսնակ **Լուսինե Մարգարյանն** էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ կարգի փոփոխություններ են պատրաստվում, դրանց մասին տեղեկատվություն կլինի մոտ ապագայում․ «Հիմա փոփոխություններն ընթացքի մեջ են, այս պահին որեւէ բան չենք կարող ասել, առաջիկայում կտեղեկանաք փոփոխությունների մասին։ Փոփոխությունները վերաբերում են խորհուրդների ձեւավորման կարգին, դա հնարավորինս շուտ կլինի, ու կտեղեկանաք»։ Այսինքն՝ մոտ ապագայում սպասենք նաեւ անձերի՞ փոփոխություններ բուհերի կառավարման խորհուրդներում։ «Խորհուրդների ձեւավորման կարգին են վերաբերում փոփոխությունները, ըստ այդմ էլ կլինեն դրան հետեւող գործողություններ։ Անձերի հետ կապված այս պահին որեւէ ավել բան չենք կարող ասել»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**