Ձեր իշխանություններն այդ թուղթը չեն տեսել

Ձեր իշխանություններն այդ թուղթը չեն տեսել
Սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստանում էր Ճապոնիայի ԱԳ նախարարը: Նախարար Տարո Կոնոն Երեւան էր ժամանել սեպտեմբերի 2-ին եւ մեկնեց սեպտեմբերի 4-ին: Հայաստանը տարածաշրջանային այցի առաջին կանգառն էր, որտեղից նախարարական պատվիրակությունը մեկնում էր Վրաստան, այնուհետ այցելելու էր Ադրբեջան եւ այցի ծրագիրն ավարտելու էր Բեռլինում:



ԽՍՀՄ փլուզումից, միութենական հանրապետությունների անկախացումից եւ Ճապոնիայի հետ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Ճապոնիայի ԱԳ նախարարի առաջին այցն էր Հայաստան եւ Վրաստան (Ադրբեջան մի այց եղել էր` 1999-ին): Հետեւաբար, նախարար Կոնոյի այցն ուներ տարածաշրջանի երկրների հետ Ճապոնիայի հարաբերություններն ավելի բազմաբնույթ դարձնելու եւ խորացնելու նպատակ, ինչպես նաեւ նրանց ներկայացնելու Ճապոնիայի Կովկասյան նախաձեռնությունը (Japan’s Caucasus Initiative):



Նախաձեռնությունը ներկայացնելու համար նախարար Կոնոյին ուղեկցող Ճապոնիայի ԱԳՆ փոխխոսնակը, որ նաեւ ԱԳՆ մամուլի եւ հանրային կապերի գլխավոր փոխտնօրենն է, հայաստանյան մի քանի լրագրողների հրավիրել էր հանդիպման: Նույնիսկ նախաձեռնության ամփոփագիրն էր պատրաստվել մեկ էջի սահմաններում, որը մեզ տրամադրվեց: Սակայն՝ նախ լրագրողների կողմից տրված հարցերի մասին, որոնց պատասխանեց փոխխոսնակ Միցուկո Շինոն:



Հնչած առաջին հարցն իմն էր, եւ ինձ ինչը հետաքրքրեց։ Նախարար Կոնոյի այցի մասին տեղեկատվական թերթիկում Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից մեկական նախադասությամբ բնութագրված էր Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկիր: Ադրբեջանի մասին ասված էր, որ այն միջազգային էներգետիկ անվտանգության հիմնական դերակատար է: Վրաստանի մասին ասված էր, որ առաջամարտիկ է ազատությունների եւ ժողովրդավարության ուղղությամբ ջանքերի առումով եւ ունի բարենպաստ գործարար միջավայր (9-րդ հորիզոնականը Համաշխարհային բանկի Doing Business 2018 աղյուսակում): Հայաստանի մասին ասված էր, թե ունի մրցունակ IT (տեղեկատվական տեխնոլոգիաների) արդյունաբերություն, հարուստ մարդկային եւ զբոսաշրջային ռեսուրսներ:



Ճապոնիայի ԱԳ նախարարի այցի նախապատրաստությունը, հասկանալիորեն, սկսվել է ավելի վաղ, քան ապրիլ-մայիսյան իրադարձությունները Հայաստանում, բայց հետաքրքիր էր, որ «թավշյա հեղափոխությունը» կամ իշխանափոխությունը Հայաստանում ոչինչ չէր փոխել երկրներին տրվող գնահատականների առումով: Հետեւաբար, Ճապոնիայի ԱԳՆ փոխխոսնակին հարցրի, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են արձագանքել այս թերթիկին ու գնահատականին, որ Հարավային Կովկասում ազատության եւ ժողովրդավարության առաջամարտիկ դիտվում է Վրաստանը:



Տիկին Շինոն նախ ըստ էության պատասխանեց, որ Վրաստանում ժողովրդավարացման գործընթացն ավելի վաղ է սկսվել, ավելի շատ բարեփոխումներ են իրականացվել, արդյունքներ են արձանագրվել, իսկ Հայաստանի դեպքում Ճապոնիայի կառավարությունը ողջունում է գործադիր իշխանության խաղաղ փոխանցումը, խորհրդարանական իշխանակարգ կայացնելու ուղղությամբ աշխատանքները, բայց փոփոխությունները դեռ պետք է հաստատուն դառնան եւ արդյունք տան։ Ինչ վերաբերում է նախարար Կոնոյի այցի մասին տեղեկատվական թերթիկին, դրանում Ադրբեջանին, Վրաստանին, Հայաստանին տրված գնահատականներին եւ մեր իշխանության արձագանքին, տիկին Կոնոն կատակեց, թե «այդ թերթիկը լրագրողների համար ենք պատրաստել, Ձեր իշխանություններն այն չեն տեսել, որ արձագանքեին…»:



**Ճապոնիան վավերացրել է, Հայաստանը` դեռ ոչ**



Գալով հայ-ճապոնական հարաբերություններում տնտեսական համագործակցության հեռանկարին՝ Ճապոնիայի ԱԳՆ փոխխոսնակը տեղեկացրեց, որ երկու երկրների միջեւ ստորագրման է պատրաստվում ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիր, որը բազային փաստաթուղթ է եւ իրավական դաշտ պետք է ապահովի Հայաստանում ճապոնական կամ Ճապոնիայում հայաստանյան ընկերությունների գործունեության համար: Մի քիչ դժվար է երեւակայել, թե հայաստանյան ինչ ընկերություններ կարող են ճապոնական շուկայում գործել, բայց տիկին Շինոն ասաց, թե Վրաստանից կարողանում են գինի արտահանել Ճապոնիա: Այդ դեպքում Հայաստանից էլ գոնե կոնյակը, ուտեստները եւ զբոսաշրջային վայրերը կարող են ճապոնացիներին գրավել:



Ամեն պարագայում, հայկական ռեստորանների մենյուն եւ հյուրասիրությունը ճապոնական պատվիրակության վրա տպավորություն էին գործել, իսկ տեսարժան վայրերից եղել էին Գառնիում եւ Գեղարդում: Նախարար Կոնոն այցելել էր նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ «Թումո» ստեղծագործական կենտրոն, որտեղ նախարարն այնքան էր տպավորվել, որ անձամբ իր համար հեռախոսով ինչ-որ կադրեր, տեսանյութեր էր նկարել:



Իսկ բուն ներդրումների համաձայնագրի շուրջ իրավիճակի առումով ուշագրավն այն է, որ ճապոնական կողմն ավարտել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ պայմանագրի ստորագրման եւ ուժի մեջ մտնելու համար, ներառյալ խորհրդարանում վավերացումը, իսկ հայկական կողմում պայմանագիրը դեռ խորհրդարանում է, վավերացում չի անցել: Ենթադրելի է, որ ապրիլ-մայիսյան իրադարձություններն են այդտեղ դեր կատարել, սակայն պետք է հուսալ, որ գոնե աշնանային նստաշրջանում Արմեն Աշոտյանի ղեկավարած հանձնաժողովը ժամանակ կգտնի մի փոքր էլ հայ-ճապոնական հարաբերություններով զբաղվելու:



Գալով Ճապոնիայի ԱԳ նախարարի այցի պաշտոնական կողմին, ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ բանակցություններին՝ ըստ փոխխոսնակի, երկու կողմերը լիովին միակարծիք են եղել այն հարցում, որ ԼՂՀ կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, ըստ կողմերի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեւավորված հակասական իրավիճակը նույնպես ճիշտ է հանգուցալուծել բանակցային ճանապարհով: Նախարարներ Մնացականյանը եւ Կոնոն համահունչ դիրքորոշումներ են հայտնել նաեւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ` ճիշտ համարելով միջազգային պատժամիջոցների ուժի մեջ մնալը՝ մինչեւ խնդրի վերջնական կարգավորում: Նախարար Կոնոն իր հայաստանցի կոլեգայից բացի, հանդիպումներ է ունեցել նաեւ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Սարգսյանի հետ:



**Արմեն Սարգսյանը կհրավիրվի Ճապոնիա**



Ինչպես արդեն ասվեց, իր այս տարածաշրջանային այցի ընթացքում Ճապոնիայի ԱԳ նախարարը ներկայացնում էր Ճապոնիայի կառավարության Կովկասյան նախաձեռնությունը: Այդ նախաձեռնության հիմնական սկզբունքն այն է, որ Ճապոնիայի կառավարությունը Հարավային Կովկասը դիտում է իբրեւ Եվրասիայում մայրցամաքային միջանցիկ կենտրոն (the center of the corridor running through Eurasia continent) եւ Ասիան ու Եվրոպան միացնող դարպաս (the gateway connecting Asia and Europe)։ Ելնելով այս աշխարհագրական կամ աշխարհաքաղաքական իրողությունից՝ Ճապոնիան աջակցում է կայուն զարգացումներին տարածաշրջանում եւ հասարակությունների առավել տեղեկացմանը տարածաշրջանային ընդհանուր խնդիրներին, ինչպիսիք են ջրային ռեսուրսները, բնական աղետները եւ այլն:



Գործողությունների առումով Ճապոնիայի Կովկասյան նախաձեռնությունը երկու հենասյունային բաղկացուցիչ է ներառում։ Առաջինը` աջակցություն տարածաշրջանի երկրների պետականաշինությանը, ինչը Հայաստանի դեպքում ներառում է օրենքի գերակայության, շրջակա միջավայրի եւ բնական աղետների դիմակայության, սոցիալական եւ տնտեսական ենթակառույցների զարգացման եւ ճապոնական մշակույթի եւ լեզվի ներկայացմանը նպաստող ծրագրեր:



Երկրորդ բաղադրիչը նախատեսում է բազմակի վիզաների տրամադրում, երկկողմ ներդրումային համաձայնագրի ստորագրում, դրան հետեւող IT ոլորտի մասնագետների փոխանակումներ, համագործակցություն` աղետների դիմակայության, տեղական համայնքների զարգացման եւ վերականգնվող էներգիայի ոլորտում:



Վերջապես, երկկողմ շփումների ասպարեզում կարծես թե Ճապոնիա մեկնելու առիթ է ուրվագծվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համար: Ամենայն հավանականությամբ, այլ պետությունների գլուխների եւ ղեկավարների թվում Հայաստանի նախագահը նույնպես կհրավիրվի մասնակցելու կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարման եւ Ճապոնիայի նոր կայսեր գահակալության արարողություններին, որ ծրագրված են հաջորդ տարի: Հավանաբար, 2020-ին էլ ՀՀ նախագահը կհրավիրվի Ճապոնիա` օլիմպիական խաղերի բացման առիթով: Իսկ ՀՀ քաղաքացիներից փոխանակային ծրագրերով Ճապոնիա են գնում հիմնականում ուսանողներ, լրագրողներ, իրավաբաններ, ընթացիկ սեպտեմբերին ու հոկտեմբերին էլ IT ոլորտի եւ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ են մեկնելու Տոկիո` մասնակցելու միջազգային ցուցահանդեսների:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**