Եթե դուրս չեմ գալիս ՀՀԿ-ից, չի նշանակում, թե նախկին իշխանության համար տառապում եմ

Եթե դուրս չեմ գալիս ՀՀԿ-ից, չի նշանակում, թե նախկին իշխանության համար տառապում եմ
Հակառակ որոշ հանրապետականների խրոխտ հայտարարություններին ու հարցազրույցներին, կուսակցությունում, ըստ որոշ տեղեկությունների, «հանձնված» վիճակ է։ Իշխանափոխությունից հետո իրատեսները հասկանում են, որ «հրաշք» պետք է լինի, որ նորից վերադառնան իշխանության, այդ պատճառով էլ մի կողմ են քաշվել ու չեն ուզում հասարակության ատելության հավելյալ բեռ կուտակել ու նոր գնալ պատմության գիրկը։ Նրանք ասպարեզը թողել են թիմի ռմբարկուներին՝ Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Վիգեն Սարգսյան եւ էլի մի քանիսին, որոնք, ամենայն հավանականությամբ, լավագույն սցենարի դեպքում ՀՀԿ-ի գերբի ներքո կանցնեն հաջորդ խորհրդարան։



ՀՀԿ-ականները չեն ոգեւորվում նույնիսկ Սերժ Սարգսյանի «հոգեբանական» կուրսերից․ նա ավելի քան մեկ ամիս է՝ ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում կուսակցականների հետ եւ առանձին խմբերով ընդունում-ճամփում՝ ներշնչելով, որ ամեն ինչ ավարտված չէ, իրենք շանսեր ունեն կամաց-կամաց իշխանությունը հետ վերցնելու։ Վիճակն այնքան հուսադրող չէ, որ Սերժ Սարգսյանը ոմանց հորդորել է գոնե «տղավարի» պահել իրենց ու կուսակցությունից հեռանալու դիմումներ չգրել։ Ի դեպ, նախնական տեղեկությունների համաձայն, նախատեսվում էր այս շաբաթ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստ հրավիրել, քանի որ ԱԺ աշխատանքներն արդեն փաստացի մեկնարկել են՝ հանձնաժողովների նիստեր են հրավիրվում, սակայն նիստը չի կայանա, քանի որ շարքերում առանձնապես ակտիվություն չի դրսեւորվում։ ՀՀԿ ԳՄ վերջին նիստն էլ տեղի է ունեցել հուլիսի 22-ին, իսկ խորհրդի նիստը՝ ավելի վաղ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ ասաց, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն կսկսեն նիստերը, եւ որ միշտ էլ իրենք մեկուկես ամիս հանգստացել են։ Դիտարկմանը, թե միշտ իշխանափոխություն չի եղել՝ հիմա իրավիճակ է փոխվել, Բաղդասարյանն արձագանքեց, որ իշխանություն լինեին, ավելի շատ նիստեր կանեին․ «Ես վստահեցնում եմ, որ ՀՀԿ-ում ոչ թե անկումային, այլ ճիշտ հակառակը՝ վճռական տրամադրություն կա»։



Տեղեկացանք, որ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր **Ալիկ Սարգսյանը**, ով իշխանափոխությունից հետո մասնավոր զրույցներում եւ նույնիսկ լրագրողների մոտ չէր թաքցնում, որ սեպտեմբերին ինքն էլ կլքի ՀՀԿ շարքերը, ավելին՝ քաղաքական իրավիճակի փոփոխության համար հրապարակային մեղադրում էր իր կուսակիցներին, որոշել է Սերժ Սարգսյանի խաթրից դուրս չգալ ու մի քիչ էլ համբերել։ Սակայն Սարգսյանը մեզ փորձեց համոզել, թե իր ակնկալիքները չեն իրականացել նոր իշխանությունից, ու դրա համար որոշել է չհեռանալ։ «Այո, ես հայտարարեցի, որ հնարավոր է դուրս գամ, բայց հիմա տրամադրությունս փոխվել է»,- խոստովանեց Ալիկ Սերգեյիչը՝ շարունակելով․ «Ես սպասում էի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, իմ սպասումները մի քիչ այլ էին, հիմա եթե դուրս չեմ գալիս, դա չի նշանակում, թե նախկին իշխանության նկատմամբ համակրանքի հիվանդությունից այսպես տառապում եմ։ Ուղղակի նոր իշխանություններից սպասելիքներս մի քիչ անհասկանալի են, եւ որոշեցի մի քիչ սպասել ու դառնալ նորմալ ընդդիմություն, եթե այսպես շարունակվի։ Մինչեւ հոկտեմբերի վերջ դեռ կսպասեմ։ Առայժմ չեմ տեսնում այն պտույտը, որը պետք է արվի անարդարության դեմ եւ այլն, եւ այլն»։



Դիտարկմանը, որ նախորդ իշխանություններից ստացած ծանր ժառանգության պարագայում 3-4 ամսում հնարավո՞ր է տեսանելի արդյունքներ ունենալ, ՀՀԿ-ականը պատասխանեց․ «Բայց ես չէ՞ որ չեմ ասում, թե տեսեք՝ այս երեք ամսում տնտեսությունը չզարգացավ, աշխատավարձերը չբարձրացան եւ այլն։ Ես հասկանում եմ, որ որեւէ մեկը կախարդական փայտիկ չունի, բայց այսօրվա այս իրավիճակը՝ մարդկանց ազատ խոսքից զրկելը, սեւերի ու սպիտակների բաժանելը, տարանջատելը, վախի մթնոլորտի տակ պահելն անընդունելի է»։ Նրա կարծիքով, իշխանությունն օրինական ճանապարհով հարցերը լուծելու փոխարեն համացանցում որոշ խմբերի «ֆաս» է տալիս թիրախների դեմ․ «Երկիրն անվտանգության խնդիր ունի, իսկ դու իմ ու քո-ի, տարեցների ու երիտասարդների խնդիր ես դնում։ Չպիտի լինի նման խնդիր։ Մոռացեք»։ Ալիկ Սարգսյանը չի թաքցնում՝ վիրավորված է սեփական կուսակցությունից, ասում է, որ իր պես «գաղափարական» մարդկանցից բացի, ՀՀԿ-ն իր շարքերը համալրել էր շահադիտական նկրտումներ ունեցողներով, որոնց պատճառով նաեւ տեղի ունեցավ հեղափոխությունը։ Տեղեկացնում է, որ ՀՀԿ-ում հիմա մաքրման գործընթաց է սկսվել․ «Ժամանակ է պետք՝ բացասման սկզբունքով սխալները հասկանալու համար, ու ՀՀԿ-ն այդ ճանապարհին է։ Ինչ վերաբերում է Ձեր ասած վերակենդանացման շանսերին, ՀՀԿ-ն չի մահացել, որ վերակենդանանա։ ՀՀԿ-ն հիմա լուրջ ինքնամաքրվում է բոլոր այն մարդկանցից, որոնց պատճառով եղավ այս ամենը»։ Խոսքը մականունավորների՞ մասին է։ Այո։ Իսկ գլխավոր մեղավոր Սերժ Սարգսյանից ե՞րբ է «մաքրվելու»։ «Հիմա Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, քննարկում ենք պատճառները՝ ինչի համար ստացվեց։ Այն մարդիկ, ովքեր մեղավոր են, կա՛մ ինքնակամ, կա՛մ պարտադրաբար կհեռանան։ Բայց այո, գուցե Սերժ Սարգսյանն ինչ-որ բաներ չի արել, որ պետք է աներ այս իրավիճակից խուսափելու համար։ Եթե ասեմ, որ ամեն ինչ իդեալական է եղել, կուսակցության ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկել ամեն ինչը վերահսկելու համար, սուտ կլինի։ Եթե ձեռնարկած լիներ, այս ամենը չէր լինի»։ Ի դեպ, Ալիկ Սարգսյանը Քոչարյանի վերադարձի առիթով բարձրացած «վայնասունն» անտեղի է համարում․ «Չէ՞ որ Քոչարյանի ժամանակ տնտեսություն էր ծաղկում, երկնիշ թվերով աճ էինք արձանագրում»։ Սակայն երկրորդ նախագահի միջոցով ՀՀԿ-ի՝ իշխանության վերադարձի հնարավորության մասին նա լռում է․ «Ես տեղյակ չեմ համագործակցության մասին»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**