Եթե ես լինեի ցուցակի առաջին համարը, բացառված է, որ այդ ցուցակը դուրս գար պայքարից

Եթե ես լինեի ցուցակի առաջին համարը, բացառված է, որ այդ ցուցակը դուրս գար պայքարից
ՀԺԱՄ-ը դեռ ընտրապայքարը չսկսված՝ դուրս եկավ պայքարից։ Մի քանի օր առաջ ՀԺԱՄ-ականները հետ վերցրին ԿԸՀ հանձնած իրենց դիմումը։ Այնուհետեւ հայտարարություն տարածեցին, որում, փաստացի, ակնարկում են, որ իրենց սպասելիքները «նոր Հայաստանից» չեն արդարացել, եւ նոր իշխանությունն աշխատում է հին մեթոդներով։ Մասնավորապես նշել էին․ «Պարզվեց՝ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին, եւ մեր նախնական ցանկում ընդգրկված որոշ թեկնածուների «հորդորել» էին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց»։ Ապա հայտարարության մեջ ՀԺԱՄ-ն անդրադարձել է իշխանական «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարություններին․ «Նշենք, որ անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների», «հների» եւ «նորերի», «սեւերի» եւ «սպիտակների» մրցավազքի վերածելու եւ հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը»։



ՀԺԱՄ վարչության նախկին նախագահ, այժմ ՀՀԿ անդամ եւ ՀՀԿ-ի օրոք պատգամավոր, ԿԳ փոխնախարար աշխատած **Վահրամ Մկրտչյանն** ասաց, որ ՀԺԱՄ-ը, փաստացի, ենթարկվել է անուղղակի ճնշումների իշխանությունների կողմից, այդ պատճառով է դուրս եկել։ Ըստ Մկրտչյանի՝ ՀԺԱՄ նախնական ցուցակում ընդգրկված են եղել անձինք, որոնք պետական ապարատի, այդ թվում՝ տարբեր նախարարությունների աշխատակիցներ են։ Եվ, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, նրանց գերատեսչությունների ղեկավարները ոչ անվանական, ընդհանուր ժողովներում ասել են, որ իրենք չեն խրախուսում, որ իրենց աշխատակիցներն ընդգրկվեն քաղաքական պրոցեսներում։



«Մի քիչ էդ հանգամանքն է դեր խաղացել, մի քիչ էդ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը… դա հենց էնպես չի, էլի։ Երբ որ հին իշխանություններն էին նման բաներ ասում, մենք հասկանում էինք, որ փողի, ճնշման դար է, հիմա իրենք կոպեկներով մտել են խաղի մեջ, հազիվ մի քանի միլիոն դրամ են հայթայթել, հիմա էլ Հայկոն կանգնում ասում է՝ մեր դեմ խաղ չկա, ստացվում է՝ անիմաստ պիտի գումարներ կորցնենք, ավելի լավ է հրաժարվենք, հետո ընթացքում կերեւա։ Էդ «մեր դեմ խաղ չկա»-ն իշխանությունը միշտ էլ երկու ձեւով է արել՝ վարչական լծակ է կիրառել եւ ֆինանսական միջոցներ է ներդրել ընտրական պրոցեսներում։ Հիմա մարդիկ մտածել են, որ եթե էդ սկզբունքն է՝ «մեր դեմ խաղ չկա»-ի, ավելի լավ է հիմա դուրս գանք պայքարից, էդ միջոցները խնայենք, ընտրությունները կանցնեն, կտեսնենք, որ գործող իշխանությունը կարողացավ արդար, թափանցիկ ընտրություն անել, մյուս ընտրություններին՝ Ազգային ժողովի, ավելի դուխով կմտնեն խաղի մեջ։ Սա ես իրենց մեկնաբանությունն եմ ասում»,- ասաց պարոն Մկրտչյանը։



Մկրտչյանին հարցրինք՝ որպես տարբեր ժամանակներում քաղաքական պայքարի մեջ եղած անձ ու նաեւ որպես ՀԺԱՄ վարչության նախկին նախագահ, ի՞նչ է կարծում, արդյոք սա թուլության նշան չէ՞ր, որ նման իրավիճակում իր նախկին կուսակցությունը հետ կանգնեց պայքարից։



«Անձամբ ես, եթե ես լինեի ցուցակի առաջին համարը, որովհետեւ էդպիսի բան քննարկվում էր, բացառված է, որ այդ ցուցակը դուրս գար պայքարից։ Բացառված է ուղղակի։ Կգնայի մինչեւ վերջ, ցանկացած ճնշման, ճնշման փորձի կամ սպառնալիքի կհակադարձեի տասնապատիկ եւ կապացուցեի, որ էդպիսի մեթոդները հնացած են վաղուց։ Չնայած համոզված չեմ, որ դրանք էդպես էլ եղել են։ Այո, կարելի է նաեւ գնահատել, որ ՀԺԱՄ-ը կարող էր եւ իր ցուցակը չհանել։ Կարող է նաեւ այլ գործոններ են եղել՝ բացի թվարկածս գործոններից, հավանաբար, նաեւ ֆինանսական միջոցների խնդիրն էր, հավանաբար, նաեւ այլ խնդիրներ կային, մարդիկ, ի վերջո, ընդհանուր փաթեթը քննարկելուց են այդ որոշման եկել, ոչ թե միայն մեկ հանգամանքով»,- ասաց Վահրամ Մկրտչյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**