Հետո կասե՞ն՝ չգիտեինք, քանի որ այդ «դասին» չէինք եկել. տեսանյութ

Հետո կասե՞ն՝ չգիտեինք, քանի որ այդ «դասին» չէինք եկել. տեսանյութ
Սեպտեմբերի 5-ին «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի 2-րդ համարներին ու նախընտրական շտաբերի պետերին հրավիրել էր քննարկման։ Հանդիպման նպատակը պայմանավորավածությունն էր, որ նախընտրական քարոզարշավի օրերին միմյանց չեն սևացնելու, չեն վատաբանելու և համատեղ պայքարելու են հնարավոր ընտրախախտումների դեմ․ «Պարոն Հովհաննիսյանը ցանկություն հայտնեց, որ թեկնածուներով քննարկենք ընտրապայքարի խաղի կանոնները, որպեսզի լինեն ազատ, արդար, իսկապես հավասարակշռված քարոզարշավ բոլորի համար, առավել ևս ցեխշպրտոցի չլինի, միմյանց նկատմամբ սև փիառ չլինի։ Քննադատության մասին որևէ խոսք չի կարող լինել, յուրաքանչյուրը իր կուսակցության ներսում է քննադատում, ուր մնաց թե քաղաքական մրցակցության պայմաններում չքննադատի, և դա ճիշտ է, որ քննադատություն լինի, բայց ո՛չ վիրավորանք, ո՛չ ցեխշպրտոցի, ո՛չ սև փիառ։ Կարծում եմ, որ քարոզարշավը պետք է իսկապես առանց ադմինիստրատիվ ռեսուրսի լինի, մենք, այնուամենայնիվ, շատ հեղհեղուկ իրավիճակում ենք ապրում․ ԱԺ-ն այլ մեծամասնություն ունի, կառավարությունը՝ այլ մեծամասնություն, և այդ հանգամանքը մեզ բերում է նրան, որ մենք ասում ենք, որ ադմինիստրատիվ ռեսուրսը որևէ կերպ չպետք է օգտագործվի։ Ցավոք սրտի մտահոգություններ կան, որ անմիջապես ընտրակաշառք տալու փոխարեն այլ մեխանիզմներ կիրառվեն, որն է, այսպես կոչված, աշխատողների, կամավորների հավաքագրումը, և դրա անվան տակ նորից տեղի ունենա ընտրակաշառքի բաժանում։ Ես կարծում եմ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այստեղ խնդիր ունեն, որ պետք է բոլոր նմանատիպ մտավախությունները ցրեն, եթե նմանատիպ լայնածավալ քայլեր իրականացվեն, անպայման պետք է բացահայտումներ լինեն», իր բացման խոսքում նշեց «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համար Արմեն Մարտիրոսյանը։



«Հայք» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը միացավ Մարտիրոսյանի խոսքին՝ իր հերթին կոչ անելով, որ քարոզարշավի ժամանակ փոխադարձ վիրավորանքներ չլինեն․ ««Հայք» կուսակցությունը նույնպես մտավ ընտրապայքարի մեջ, քանի որ հավատում ենք, որ հեղափոխությունը նույնպես պետք է անշրջելի լինի։ Իրապես ուզում ենք հավատալ, որ ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառություն չի լինի, կլինեն հավասար պայմաններ բոլոր 12 կուսակցությունների ու դաշինքների համար, և ժողովուրդը իր տեղական ինքնակառավարման իշխանությունը կիրագործի՝ իր նախընտրելի թեկնածուին ձայն տալով։



Դրա համար ես նույնպես կոչ եմ անում, որ քարոզարշավի ժամանակ չլինեն, միմյանց հանդեպ վիրավորանքներ» Ռեֆորմիստների կուսակցության 3-րդ համար Կարեն Վարդանյանի խոսքով՝ հնչեցված մտքերը նաև իրենց կուսակցության ցանկություններն են․ «Կարող եմ ասել, որ դա նաև մեր կուսակցության ցանկությունն է, որպեսզի ընտրությունները անցնեն համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Մենք գտնում ենք, որ դաշտում հակառակորդներ չունենք, սա ընդամենը արդար մրցակցություն է»։ «Լույս» դաշինքի ներկայացուցիր Դավիթ Խաժակյանն էլ իր հերթին գնահատեց «Ժառանգության» ջանքերը՝ ուժերին համախմբելու գործում․ ««Ժառանգությունը», ինչպես միշտ, այդ համախմբման դերը իր վրա է ստանձնում, և սա առաջիկա ընտրությունների համար շատ կարևոր է, քանի որ մենք մեր հասարակության նկատմամբ ունենք պարտավորություն այսքան ժամանակ տեղի ունեցած ընտրությունների մեր «ընդդեմը» փոխարինելու և «հանունի» դարձնելու։



Կարծում եմ, որ լինելու են բացառիկ հետաքրքիր ընտրություններ, որտեղ լինելու է առողջ բանավեճ, որտեղ մենք ծավալելու ենք քննարկումներ մեր տեսլականների շուրջ, և դա լինելու է փոխըմբռնման մթնոլորտում»։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանն էլ իր հերթին ընտրությունների թափանցիկությանն ու անաչառությանը այնքան է հավատում, որ նախընտրական շտաբերի անհրաժեշտությունը չի տեսնում․ «Համոզված ենք, որ թավշյա հեղափոխությունից հետո, այսպես կոչված, իշխող վարչախումբը չի գնալու որևէ կեղծիքի, և կարիք չի լինելու արագ արձագանքման որևէ խնդիր լուծել, ուստի շտաբեր չենք ձևավորել և անվանել ենք մեր տարածքները գրասենյակներ»,- ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Արթուր Գասպարյանը ՕԵԿ մամուլի խոսնակ և ավագանու թեկնածու Վահե Թորոսյանն էլ նշեց, որ պետք է բացառել իրավախախտումները առհասարակ, քանի որ թավշյա հեղափոխությունը այլ նպատակով չեն կերտել․ «Ցանկանում եմ ընդգծել այն մոտեցումը, որ պետք է իրապես բացառել ընտրակաշառքների, ընտրական իրավախախտումների դեպքերը Հայաստանի հանրապետությունում։



Մենք փաստորեն թավշյա հեղափոխությունը կերտել ենք այն նպատակով, որ առաջիկայում պետք է բացառենք նման արատավոր երևույթները Հայաստանում»։Իհարկե, պայմանավորվածությունը ամբողջական չէր, քանի որ հանդիպմանը չէին ներկայացել ՔՊ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀՇ-ի և ոչ էլ «Երևանի հանրություն» դաշինքի ներկայացուցիչները։ Արմեն Մարտիրոսյանը դրա մեջ չցանկացավ ասել, որ դա գուցե այն բանի նշանը լինի, որ վերթնշյալ ուժերը չեն ցանկանում նման պայմանավորվածության գալ․ «Չեմ կարող ասել, նմանատիպ խոսք չեմ ասի, որովհետև ցանկացած պարագայում քարոզարշավի ընթացքում կերևա, քանի որ տվյալ ուժերի հետ տարբեր ժամանակահատվածներում տարբեր ձևաչափերով համագործակցություններ եղել են՝ այդ թվում նաև ընտրությունների վերահսկողությունների հետ կապված, դրա համար որևէ նմանատիպ պնդում չեմ անի, որ իրենք շահագրգիռ չեն։ Գուցե տեխնիկական ինչ-որ խնդիրներ են եղել»։



Արմեն Մարտիրոսյանին խնդրեցինք նաև անդրադառնալ Հայկ Մարությանի հայտարարությանը, ըստ որի, այն ուժերը, որոնք չեն ցանկանում ՔՊ-ի հաղթանակը, սև ուժեր են․ ««Ժառանգությունը ցանկանում է, որ Երևանի քաղաքացին հասնի հաջողության։Մենք մեր բելեր գործընկերներին հաջողություն ենք մաղթում, որևէ խնդիր չկա, բոլորի հետ կարող ենք համագործակցել։ Փառք Աստծո՝ այն ուժերը, որոնք ավագանիում ցանկանում են լինել, այնպիսի հետագիծ չունեն, որի պատճառով համագործակցության որևէ եզր չի կարող լինել։ Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի ասածին, ապա շատ դրական եմ գնահատում, որ հաջորդ օրը ինքը իր սխալը ընդունեց և պարզաբանում տվեց։ Ես կարծում եմ, որ դա բավարար է, թեև այնտեղ մի դրվագ էլ կար, որի համար կցանկանայի պարզաբանում ստացած լինեի։ Ասաց, որ միայն ՔՊ-ում են հավաքված այն անձինք և ուժերը, ովքեր ոչ միայն հեղափոխության օրերին են պայքարել, այլև մինչև այդ։ Դա, կարծես թե, մի փոքր չի համապատասխանում պատմությանը։ Համենայն դեպս, կարծում եմ, դա անցած էտապ է»։



**Կորյուն Սիմոնյան**