Պուտինին լուրջ դոսյե են ուղարկել Հայաստանից

Պուտինին լուրջ դոսյե են ուղարկել Հայաստանից
Մենք փորձեցինք Տիգրան Սարգսյանին մերձ շրջանակներից ճշտել, թե ինչ նյութեր են նախապատրաստվում նախկին վարչապետի դեմ, քրեական գործ հարուցվելու հեռանկար կա, թե ոչ, իրեն հարցաքննության հրավիրե՞լ են։ Մեր աղբյուրը կտրականապես հերքեց նյութերի նախապատրաստման մասին լուրը։ Ավելին՝ պնդեց, որ դա հատուկ տարածվող լուրերի շարքում է՝ «փորձում են Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցից առաջ նրան նոր հարված հասցնել»։



Բանն այն է, որ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը «չի մարսվել» եւ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ քրգործի հարուցումը կարող է ավելի բարդացնել հայ-ռուսական առանց այն էլ ոչ պարզ հարաբերությունները։ Եւ, ըստ Տիգրան Սարգսյանի շրջապատի, նման լուրի տարածումը արվում է հակաիշխանական շրջանակներից։



Ավելին՝ մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ հակաիշխանական շրջանակները լուրջ փաթեթ են պատրաստել եւ ուղարկել Կրեմլ։ Իսկ փաթեթում հատկապես մանրամասն ներկայացված է, թե ովքեր են Փաշինյանի կառավարությունում ընդգրկված, ինչ կենսագրություն ունեն եւ նրանցից քանիսն են հակառուսական ձեռնարկներում մասնակցություն ունեցել։ Ըստ մեր աղբյուրի, փաթեթը կազմվել է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից, որոնք Քոչարյանի դեմ հարուցված քրգործից հետո համակարգային պայքար են սկսել նոր իշխանությունների դեմ։



#####