Հարուցված նոր քրգործը Քոչարյանին չի վերաբերում

Հարուցված նոր քրգործը Քոչարյանին չի վերաբերում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի խոսքով՝ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված նոր քրեական գործը Քոչարյանին չի վերաբերում. «Մենք որեւէ կարգավիճակ չունենք այդ մասով, հետեւաբար, չեմ ուզում մեկնաբանել»։



_Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն եւ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին:_



Քոչարյանի մյուս պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ, անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից որոշ տվյալների հրապարակումները արգելելուն, նշեց, որ դա ընդամենը պաշտպանիչ շղարշ է թաքցնելու ոչ իրավաչափ գործողությունները։



Հարցին՝ առերեսում եղե՞լ է Քոչարյանի հետ, խուզարկության հետեւանքով ինչե՞ր են հայտնաբերվել, Խուդոյանը պատասխանեց, որ դրանք համարվում են նախաքննական գաղտնիք․ «Մենք դիմել ենք Հատուկ քննչական ծառայությանը, որ թույլ տան հրապարակել այն տվյալները, որոնք տրամաբանորեն չեն կարող խոչընդոտել նախաքննությանը, մեր բոլոր միջնորդությունները, սակայն, մերժվել են: Սակայն, ՀՔԾ-ն շարունակում է հատվածաբար ինֆորմացիա տալ: Օրինակ՝ երբ Սասուն Խաչատրյանին հարցնում են, թե Ռոբերտ Քոչարյանի տանն ու գրասենյակում կատարված խուզարկությամբ ինչ է հայտնաբերվել, նա ասում է, որ նպատակահարմար չեն գտնում դրան պատասխանել եւ այդպես շարունակ տարբեր հարցերի վերաբերյալ»:



Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը եւ անձեռմխելիության իրավունքով Քոչարյանին ազատ էր արձակել։