Եթե Մարտի 1-ը չբացահայտվի, ապա Նիկոլ Փաշինյանն անելիք չունի

Եթե Մարտի 1-ը չբացահայտվի, ապա Նիկոլ Փաշինյանն անելիք չունի
ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը, որը 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործության տուժածներից է, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի փորձերին, ասաց․ «Քոչարյանը չի փոխվել, մնացել է այնպիսին, ինչպիսին կա, իրեն պատկերացնում է հաղթանակած։ 1998 եւ 2003թթ․ նա զավթեց ՀՀ նախագահի աթոռը, թեեւ ժողովուրդն իր քվեն տվել էր Կարեն եւ Ստեփան Դեմիրճյաններին։ Նա կարծում է, որ կարող է իր զոռբայությունը շարունակել։ Գրում են, որ Քոչարյանի հետ հանդիպելու համար հերթ են կանգնել։ Ովքե՞ր են հերթ կանգնել, թող գրեն անուն առ անուն, իմանանք, թե ովքեր են նրան այսօր սատարում։ Ինչո՞ւ են գաղտնի պահում, ինչո՞ւ են գաղտնի համագործակցում։ Հիմա փոխվել են ժամանակները։ Հասարակությունն անցած ժամանակահատվածում շատ զրկանքներ է կրել, տառապանքներ է տեսել եւ այսօր թույլ չի տա, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա։ Նրան այսօր առաջադրված է կոնկրետ մեղադրանք»։



Սոցցանցերում հնչում են կարծիքներ, որ իշխանափոխությունից հետո պետք է բացահայտվի ոչ միայն Մարտի 1-ը, այլեւ հոկտեմբերի 27-ը։ Իրատեսակա՞ն են այդ պահանջները։ «27-ի բացահայտումն իրատեսական չեմ համարում, որովհետեւ կար արտաքին ուժերի գործոնը, բայց Մարտի 1-ը պետք է անպայման բացահայտվի։ Եթե այն չբացահայտվի, ապա Նիկոլ Փաշինյանն անելիք չունի։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է բացահայտել Մարտի 1-ը, ժողովուրդն էլ նրան իշխանության է բերել Մարտի 1-ը բացահայտելու համար։ Ես ասում եմ՝ պետք է սպասել եւ հուսալ»,- ասաց Էմմա Խուդաբաշյանը։ ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ ժողովրդի մեջ հասունացել էր իշխանափոխության պահանջը, դրան նպաստեց նաեւ ՀՀԿ-ականների ոչ ճիշտ պահվածքը։ Էմմա Խուդաբաշյանը նկատում է, որ թեեւ մեր ժողովրդի մեջ մեծ է արդարության պահանջը, սակայն միայն տարբեր նախկին պաշտոնյաներին բռնել-բաց թողնելով հնարավոր չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները։ Ըստ այդմ՝ նա կարծում է, որ ժամանակն է նաեւ ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներին։