Սգո ծառայության սրահը պատուհաս է բնակիչների եւ բուժանձնակազմի համար (ֆոտո)

Սգո ծառայության սրահը պատուհաս է բնակիչների եւ բուժանձնակազմի համար (ֆոտո)
Հրազդանի բժշկական կենտրոնի հարակից տարածքում տեղակայված սգո ծառայության սրահը հրազդանցիների եւ բուժանձնակազմի դժգոհության առիթ է դարձել: Ամիսներ առաջ մենք անրադարձել էինք նույն տարածքում Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետի կողմից իրականացվող շինարությանը, որի ավարտից հետո այն կծառայեր որպես սգո ծառայությունների սրահ:



Նյութի հրապարակումից հետո շինարարությունը դադարեցվել է: Նշենք, որ հենց այդ ժամանակ նաեւ դադարեցվել է ԲԿ-ի դիմաց սգո արարողությունների սրահի շինարարությունը: Այդ շինարարությունն էլ, ըստ հրազդանցիների, պատկանում է նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին: Մի խոսքով ասած՝ առողջապահության վարչության պետն ու Արամ Դանիելյանը որոշել էին «սգո» բիզնես բացել, բայց ինչպես ասում են՝ մուրազները փորները մնաց:



Կարծես թե խնդիրը լուծվեց: Բայց արի ու տես Հրազդան քաղաքի բնակիչ, ոմն Սուրոն Հրազդանի ԲԿ-ի դիահերձարանին կից մի «դոմիկ» է տեղադրել այսպիսի գրությամբ՝ ծաղկեպսակներ, նկարի մեծացում, մոմեր, կատաֆալկա, ավտոբուսն էլ տրամադրվում է անվճար, կարճ ասած՝ մեռելը ձեզանից՝ մնացածը մեզանից: 2 այսպիսի մեծ ցուցանակներով սգո ծառայության սրահ կոչվածը ոչ միայն չնկատել չի լինի, այլ շատ տհաճ է, նամանավանդ, որ այն տեղադրված է Հրազդանի ծննդատան պատուհանների դիմաց։



«Յանի էս ինչ են արել, ծննդատան պատուհանից նայում ենք, տեսնում ենք դագաղները շարած: Շատ վատ ենք մենք զգում, նորածին երեխայի մայրը նայում է ու ինչ տեսարան է տեսնում՝ դագաղ: Ուրիշ տեղ չեն կարող էդ բուտկեն դնեն: Մի ժամանակ դուռը բաց էր, դագաղները հանում էր հերթով շարում էր դռան կողքերը, հիմա դա չկա, բայց շատ ճնշող ա: Թող հանեն, քիչ չի դիահերձարան է այստեղ, հիմա էլ դա»,- բողոքում են հրազդանցիները:



Այս ամենը նաեւ չի կարողանում հանդուրժել բժշկական կենտրոնի անձնակազմը: Տնօրեն Լիլիա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ անգամ տվյալ «օբյեկտի» տիրոջը ասել են, որ հիվանդները, ծննդկանները շատ են ընկճվում դագաղներից եւ գրությունից. «Ասում ենք, որ ծառայությունը փակի, գրությունները ջնջի, ի վերջո հազարավոր մարդիկ են հիվանդանոց մտնում, շատ տհաճ է այս ամենը: Չնայած մեր խնդրանքներին եւ հորդորներին՝ ծառայությունը նույն ձեւով գործում է, ասում է հողը ես առել եմ, ինչ կուզեմ կանեմ», -ասում է տնօրենը:



Մեր այցելության ժամանակ ծառայության դռները փակ էին, տիրոջ հետ էլ կապ հաստատել չհաջողվեց: Նյութի հրապարակումից հետո, կարծում ենք պատկան մարմիները կզբաղվեն խնդրի լուծման հարցով:



**Նելլի Կարապետյան**