Տիզբոնի սինդրոմը

Տիզբոնի սինդրոմը
Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նոր իշխանություններին անուղղակի կամ տողատակով մեղադրել է արեւմտյան ազդեցության «գործակալ» լինելու մեջ: Թերեւս հենց դրա դիմաց է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը տասնամյա ընդմիջումից հետո նրան շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, ինչը քաղաքական եւ փորձագիտական որոշակի շրջանակների եւ սոցցանցերի օգտատերերի թույլ է տվել եզրահանգել, որ «Մոսկվան Քոչարյանի վրա լուրջ խաղադրույք է դրել»:



Պատկերավոր ասած՝ գործ ունենք Տիզբոնի սինդրոմի հետ, եւ ադրբեջանական մամուլն էլ հաճույքով տիրաժավորում է հայրենական մի քանի լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Պուտինը ռուսաստանաբնակ հայ մեծահարուսներին «անձամբ արգելել է կոպեկ իսկ տրամադրել Հայաստանի կառավարությանը»։ Հայրենի իշխանություններին կարելի է նաեւ չսիրել, լինել ընդդիմախոս: Բայց դա չի նշանակում, թե ամեն անգամ պետք է շտապել Մոսկվա, գտնել Պուտինի շրջապատից մեկին եւ ականջին փսփսալ, որ Փաշինյանի կառավարությունը «սորոսական է»: Երկրորդ նախագահն ու նրա թիմակիցները, ցավոք, կարծես թե այդ ընտրությունն են կատարել, եւ նրանցից ոմանք իրենց մղումներում այնքան են առաջ գնացել, որ Պուտինից «ավելի լավ են հասկանում եւ պաշտպանում» Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը: Հասկանու՞մ են Մոսկվայում, որ այդ մարդիկ չեն կարող Ռուսաստանի բարեկամը լինել՝ կարելի է միայն ենթադրություններ անել: Տրամաբանական է թվում, որ սեփական երկրի շահերը դավող մարդն այլ պետության առաջնորդի հարգանքը չպետք է վայելի: Ռուսաստանը նրանց կարող է միայն օգտագործել այնքանով, որքանով որ հնարավոր է ճնշումներ գործադրել Հայաստանի նոր իշխանությունների վրա:



Հիմնական խնդիրը դա է, քանի որ նոր Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ ունենալ իրավահավասար եւ փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցված հարաբերություններ: Դա արդարացի նպատակադրվածություն է: Հակառակ դեպքում Հայաստանը կկորցնի միջազգային սուբյեկտությունը, եւ մեր խնդիրները կլուծվեն երրորդ-չորրորդ երկրների միջեւ պայմանավորվածություններով: Ինչպես որ եղավ Արշակունյաց Հայաստանի դեպքում, երբ Տիզբոնի սինդրոմը կատարեց իր կործանիչ դերը, եւ Պարսկաստանն ու Բյուզանդիան իրար միջեւ կիսեցին մեր հայրենիքը:Այսօր որոշ ուժեր մղվուն են դեպի Մոսկվա: Նպատակը մեկն է՝ տապալել Փաշինյանի կառավարությունը, հասնել ռեւանշի: Օտար միջամտությամբ սեփական տան հարցերը լուծելու գայթակղությունը կարող է աղետալի լինել: Խնդիրն այս կամ այն ուժի ապագան չէ, այլ՝ Հայաստանի՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետության հեռանկարը: Այս իրողությունը պետք է առաջնորդի թե իշխանություններին, որոնք պարտավոր են զսպել «հեղափոխական էյֆորիան», թե նրանց ընդդիմախոսներին: Նրանք էլ իրենց հերթին պարտավոր են գիտակցել, որ իշխանության վերադառնալու մոլուցքը կարող է մեծ ավերածություններ գործել եւ սասանել Հայաստանի պետականությունը: Սեփական տան հարցերը պետք է լուծվեն ներքին միջոցներով: Այլապես Տիզբոնը կլուծի բոլորի հարցերը, եւ մեր հայրենիքը կվերածվի «մարզպանության»: