ՀՔԾ-ն քաղաքական պատվեր է կատարում

ՀՔԾ-ն քաղաքական պատվեր է կատարում
Հատուկ քննչական ծառայությունը՝ իր նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանով որոշել է նոր իրավաբանության հիմունքներ սահմանել երկրում․ այս կառույցը նախ չեղած հոդվածով մեղադրանքներ հարուցեց բարձրաստիճան անձանց նկատմամբ եւ համառորեն հրաժարվեց հասկանալ, որ իրավաբանությունը ճշգրիտ գիտություն է եւ քաղաքական հրահանգներին, պետերի ու տարբեր ղեկավարների կամայականություններին, պահի թելադրանքին ենթակա չէ։ Աշխարհի բոլոր բուհերի իրավաբանական ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներն անգամ գիտեն, որ օրենքը հետադարձ ուժ չունի եւ մարդուն կարելի է դատել միայն այդ պահին գործող օրենսգրքով եւ նրանում առկա հոդվածների համաձայն։ Բայց մենք մարսեցինք ու այլեւս չանդրադարձանք 300.1 հոդվածին՝ «Սահմանադրական կարգը տապալելը», որով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին եւ Ռոբերտ Քոչարյանին, չնայած հոդվածը օրենսգրքում տեղ է գտել ընդամենը 2009 թվականին։



Մենք չանդրադարձանք նաեւ ՀՔԾ «քաջագործությանը»՝ որ առանց ՀՀ նախկին նախագահի անձի անձեռնմխելիության հարցը պատշաճ պարզելու եւ պատկան մարմիններից մեկնաբանություն ստանալու կալանքի սանկցիայով մտավ դատարան՝ դատավորներին կրակի մեջ գցելով եւ իրավական լուրջ թնջուկ առաջացնելով երկրում։



Մենք չենք անդրադառնում ագամ ՀՔԾ պետի առնվազն տարօրինակ հարցազրույցներին ու գնահատականներին, մասնավորապես անկախ համարվող համակարգի՝ դատարանների վերաբերյալ։ Մինչդեռ պատմության մեջ թերեւս առաջին դեպքն է, որ նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը գնահատականներ է տալիս դատարանին՝ նրա որոշումներն անվանելով ապօրինի։ Փոխարենը ՀՔԾ-ն անդրադառնում է մեր այսօրվա հրապարակումին եւ դասեր տալիս մեզ։



Ի՞նչ է հրապարակել ՀՔԾ-ն իր կայքում՝ անդրադառնալով «Հրապարակ»ում 04.09.2018թ.-ին տպագրված «Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ» վերտառությամբ հրապարակմանը․ «Հարկ ենք համարում հայտնել, որ ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դեռևս 08.08.2018թ.-ին տարածած հաղորդագրության մեջ է նշվել, իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը: Այդ նպատակով նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, ուստի լրատվամիջոցին հորդորում ենք անանուն աղբյուրներից ստացված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հրապարակելուց առաջ դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանց հավաստիությունը ստուգելու համար»:



Հիմա դառնանք մեր լուրին, որտեղ բառացիորեն գրված է․



«Որոշ տեղեկություններով, հայաստանյան իրավապահ մարմիններն անհարմար վիճակի մեջ են հայտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործով եւ հիմա չգիտեն, թե ինչպես դուրս գան իրենց հայտարարության տակից։ Խոսքն այն հայտարարության մասին է, որ այդ զենքը կիրառվել է Մարտի 1-ի ժամանակ։ ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ։ Նշենք, որ գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն Աբրահամյանների արսենալում մեծամասամբ ավտոմատներ են եղել, իսկ մարտյան իրադարձություններին հիմնականում «Մակարով» տեսակի զենքեր են կիրառվել։ Հիշեցնենք, որ ՀՔԾ վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Հենրիկ Աբրահամյանը, ում պատկանող տարածքում հայտնաբերվել են ռազմամթերք եւ հրազեն»։



Հատուկ ՀՔԾ աշխատողների համար նորից ենք ընդգծում՝ հենց լուրի մեջ գրված է, որ «փորձաքննությունը դեռ չի ավարտվել», այնպես որ այդ մասին հաղորդագրություն տարածելն անիմաստ էր։ Բացի այդ, ուզում ենք հիշեցնել, որ Մխչյանում խուզարկությունն ու Հենրիկ Աբրահամյանի ձերբակալությունը կատարվել է օգոստոսի 8-ին, այսինքն՝ զենքերի առգրավումից անցել է շուրջ 27 օր, որի ընթացքում ուղղակի ամոթ է, որ զենքերի իդենտիֆիկացիա չեն հասցրել կատարել եւ փորձաքննությունն էլ ոչ մի կերպ չի ավարտվում։ Մանավանդ՝ աղմկոտ գործերով, որտեղ կան քաղաքական դեմքեր եւ նրանց ազգականները, պետք է որ շտապեին քննչական գործողություններ կատարելիս։



Բացի այդ, տարրական իրավաբանությունն ու անձի անմեղության կանխավարկածի դրույթն ասում է, որ առանց վերջնական եզրակացությունների իրավապահ մարմինները նման հայտարարություններ անելու իրավունք չունեն։ Եթե լրատվամիջոցին մեղադրում եք «շտապելու» եւ տեղեկությունների «հավաստիությունը» չստուգելու մեջ, հարց է ծագում՝ իսկ դուք ինչո՞ւ էիք չճշտված տեղեկություններ հրապարակում՝ վարկաբեկելով մարդկանց եւ հայտարարելով, որ հայտնաբերված զենքերը կարող են կապ ունենալ Մարտի 1-ի հետ, դրանով իսկ բարոյահոգեբանական ճնշում գործադրելով կալանքի սանկցիան քննող դատավորների վրա եւ հասարակական կարծիք ձեւավորելով։ Թե՞ մեր աչքի շյուղը տեսնում եք, ձեր աչքի գերանը չեք տեսնում։ Մենք էլի կսպասենք՝ փորձաքննության եզրակացության ավարտին։ Տա աստված, որ այն ձեր վարկածի օգտին լինի, հակառակ դեպքում՝ կստացվի դուք եւ քաղաքացիներին եք վարկաբեկում ու վնասում, եւ մամուլին, ինչպես նաեւ զբաղված եք քաղաքական պատվերներ կատարելով։



**ՀԳ** _Ընդգծենք նաեւ, որ մեզ համար ոչ մի նշանակություն չունի քրեական հետապնդման ենթարկվողների անձը՝ նրանք նախկին պաշտոնյաներ են, թե ներկա իշխանավորներ, օլիգարխներ են, թե շարքային քաղաքացիներ։ Օրենքը պետք է հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ եւ անօրինականություններ չպետք է կատարվեն ոչ մեկի նկատմամբ։_



**«Հրապարակ»**