Արթուր Վանեցյանը շարունակում է նախկին իշխանությունների տխրահռչակ պրակտիկան

Արթուր Վանեցյանը շարունակում է նախկին իշխանությունների տխրահռչակ պրակտիկան
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջադրվել է որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։



Իհարկե այս հարցում օրենքի որևէ սահմանափակում չկա, ԱԱԾ տնօրենը իսկապես կարող է համատեղել այդ երկու պաշտոնները, բայց, այնուամենայնիվ, փաստն այդ որոշակի տարակուսանք է առաջացնում։



Տպավորությունն այնպիսին է, որ գործ ունենք մի արատավոր ավանդույթի հետ, որը ժառանգություն է մնացել տակավին նախորդ իշխանություններից։ Իսկ ի՞նչ ավանդույթի մասին է խոսքը։ Բանն այն է, որ վերջին տասնամյակներին գործել է չգրված մի օրենք, որի համաձայն բարձրաստիճան պաշտոնյանները պարբերաբար ստանձնում էին գիտակրթական և սպորտային կազմակերպությունների ղեկավարությունը։ Օրինակ՝ նախագահ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, ինչպես նաև՝ շախմատի ֆեդերացիայի նախագահը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ խորհդրի նախագահն էր, իսկ Արթուր Գևորգյանը՝ (նախկին ոստիկանապետի փեսան) Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը։ Ցանկն այս անվերջ կարելի է շարունակել, իսկ թե ինչն է սպորտում, գիտության և կրթության մեջ այդքան գայթակղում պաշտոնյաններին իհարկե դժվար է ասել։



Միայն կարող ենք ասել, որ եթե նախորդ իշխանության ներկայացուցիչները սպորտի ու կրթական համակարգերում փող ու քաղաքական հենարան էին փնտրում, ապա Արթուր Վանեցյանի պարագայում գործ ունենք պարզապես սպորտաձևի երկրպագու լինելու հանգամանքի հետ։ Այո՛, մենք որևէ հիմք չունենք կասկածելու ԱԱԾ տնօրենի անկեղծությանը, բայց երկու կարծիք լինել չի կարող, որ նա ամենայն անկեղծությամբ փաստացի շարունակում է նախկինների տխրահռչակ ավանդույթը։



Ի՞նչ գործ ունի Հանրապետության ազգային անվտանգության և սահմադրական կարգի ապահովման պատասխանատուն Ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչպե՞ս է համատեղելու այդ երկու խիստ պատասխանատու աշխատանքները։ Վստահաբար ֆեդերացիայի աշխատանքը մղվելու է երկրորդ պլան և Վանեցյանը զուտ վերահսկողի, որպես հեղինակություն հեռվից կոռուպցիոն ռիսկերը կաշկանդողի դերակատարություն է ստանձնելու, իսկ նրա բուն պարտականությունները իրականացնելու են տեղակալները։ Մի՞թե այս ֆորմալությունն այդքան անհրաժեշտ է ու պահանջարկված, արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանին կաշկանդելու այլ մեխանիզմներ չկան։ Կարծում եմ գործ ունենք պարզապես Վանեցյանի կամակոր ցանկության հետ, որն այդքան էլ չի տեղավորվում ՀՀ ներկայիս արժեքային միջավայրում։ Թերևս վերջին հարցադրումը․ Ինչպե՞ս է Վանեցյանը մասնակցելու ՖԻՖԱ-ի հրավիրած հրապարակային միջոցառումներին, արդյո՞ք պատշաճ է, որ համանման հարթակներում ներկայացված լինի ՀՀ ԱԱԾ տնօրենը, որն համատեղության կարգով նաև ՀՖՖ-ի նախագահն է։ Կարծում եմ իրավիճակն այդքան էլ պատշաճ չէ։



Վերջաբանի փոխարեն միայն նշենք, որ սպորտի կազմակերպումը լրջագույն աշխատանք է՝ մասնագիտական համապատասխան գիտելիքներ ու փորձ պահանջող ոլորտ։ Արդյո՞ք ֆուտբոլի երկրպագու լինելը բավական է ֆեդերացիա ղեկավարելու համար։ Իմ համոզմամբ ՀՖՖ նախագահ պետք է ընտրվի ֆուտբոլի, ինչպես նաև սպորտի կազմակերպման գործում մասնագիտացած ինչ-որ մեկը, որը տիրապետում է ոլորտի տեսական ու գործնական առանձնահատկություններին։ Իմ կողմից առաջարկում եմ Յուրի Ջորկայֆի թեկնածությունը, իսկ Վանեցյանը թո՛ղ իր գործով զբաղվի։



**Ալեքսանդր Բզնունի**