Հեղափոխությունից հետո ստեղծված ատելության եւ թշնամանքի դեմ նախաձեռնություն է ստեղծվել

Հեղափոխությունից հետո ստեղծված ատելության եւ թշնամանքի դեմ նախաձեռնություն է ստեղծվել
«Համախմբում» կուսակցության նախկին անդամ Աղվան Պողոսյանը իր ընկերների հետ ստեղծել է «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դրա հետևում ոչ մի քաղաքական ուժ կանգնած չէ, այս պահին էլ 100-ից ավելի մարդ միացել է նախաձեռնությանը․ «Անընդհատ հանդիպումներ ենք ունենում երիտասարդության հետ, ավելին ասեմ նախաձեռնության մասով մեծ հետաքրքրություն կա»։



Մեր զրուցակցի խոսքով՝ հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում բախվում են տարատեսակ երևույթների, թշնամանքի ու ատելության քարոզի, հասարակության խիստ բևեռացման, ժողովրդի բաժանման՝ սև և սպիտակի, որոնք չեն կարող անտեսել և շրջանցնել․ «Քաղաքական և քաղաքացիական գործընթացները պետք է տարանջատել և տեղափոխել համապատասխան հարթության վրա՝ արժևորելով մարդու իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը և խոսքի ազատությունը: Հաշվի առնելով երկրում ստեղծված այս իրավիճակը, քաղաքական ու քաղաքացիական իրողությունները՝ մի շարք երիտասարդների կողմից նախաձեռնվել է ստեղծել «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը, որը գործելու է ոչ իշխանական դաշտում: Նախաձեռնության անդամները միավորվել են օրինականության, արդարության, հավասարության, խոսքի ազատության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների ու արժեքների շուրջ: Մենք կարևորում ենք հետևյալ գործիքակազմի ընտրությունը՝



Երիտասարդներին, քաղաքացիական/հանրային ծառայողներին, անկախ վերլուծաբաններին, լրագրողներին ժողովել տարբեր ձևաչափերում:



Իրականացնել ոչ ֆորմալ և ֆորմալ միջոցառումներ՝ քննարկումներ, դասընթացներ, աշխատաժողովներ, բանավեճեր, խաղաղ երթեր և բողոքի ակցիաներ»։