Ալիեւը խնդրում է վերադառնալ Կազանի փաստաթղթի՞ն

Ալիեւը խնդրում է վերադառնալ Կազանի փաստաթղթի՞ն
Ռուս քաղաքագետ Մարկովը գտնում է, որ Սոչիում Պուտին-Ալիեւ հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնց մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Նա ենթադրում է, որ այդ թվում խոսք է եղել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու հնարավորության մասին: Ինչպես կարծիք է հայտնում Մարկովը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եւ Ալիեւի հայտարարությունը, թե Բաքուն հույս ունի, որ Մոսկվան կշարունակի այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, վերաբերում է կարգավորման այն ծրագրին, որը փորձագիտական շրջանակներում հայնտի է «կազանյան բանաձեւ» անվանումով: Ռուս քաղաքագետի ասելով՝ դա ենթադրում է Լեռնային Ղարաբաղի «շուրջ տարածք[ների վերադարձ Ադրբեջանին, Հայաստանի ապաշրջափակում եւ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ](http://www.1news.az/news/sochinskie-peregovory-il-hama-alieva-i-vladimira-putina-chto-neglasno-obsudili-lidery-foto )ճանաչում»:



Ինչպես հայտնի է, 2011թվականին Հայաստանը պատրաստ էր ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն վերջին պահին Ադրբեջանն առաջ էր քաշել մի քանի նոր առաջարկություններ, եւ համաձայնությունը չէր կայացել: Մարկովը գտնում է, որ դրանից հետո Ռուսաստանի շահագրգռվածությունը նվազել է: Սոչիում Ալիեւը փորձե՞լ է կրկին շահագրգռել Ռուսաստանին: Ավելի պարզ ասած՝ նա միջնորդե՞լ է, որպեսզի Ռուսաստանը թարմացնի «կազանյան բանաձեւը» եւ վերստին ստանձնի գլխավոր միջնորդի դերը: Ռուս քաղաքագետը նաեւ ասել է, թե ԼՂ խնդիրը միակ հարցն է, որի շուրջ Ռուսաստանը եւ Արեւմուտքը տարաձայնություններ չունեն:



Կարելի՞ է այնպես հասկանալ, որ եթե Ռուսաստանը վերստին շրջանառության դնի «կազանյան բանաձեւը», ապա Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան դրա դեմ չեն առարկի: Ըստ երեւույթին, Մարկովը նկատի ունի հենց դա: Մոտակա օրերին Մոսկվա կայցելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանի նախագահը նրան ներկայացնի Իլհամ Ալիեւի հետ ԼՂ հարցով քննարկումների մանրամասնությունները: Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կապվա՞ծ է Սոչիում Պուտին-Ալիեւ բանակցությունների հետ: Կարելի՞ է սպասել, որ մինչեւ տարեվերջ Մոսկվան կազմակերպի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպում: