Նախարարը քարոզչությա՞մբ է զբաղվում

Նախարարը քարոզչությա՞մբ է զբաղվում
Արդարադատության նախարար, «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը երեկ աշխատանքային ժամին դաշինքի գործընկերների հետ այց է կատարել Երեւանի վերելակների գործարան։ Նախարարությունից ասացին, որ նախարարի արձակուրդը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ից, իսկ երեկ նա այս այցը կատարել է իր ընդմիջման ժամին։ Փաստացի՝ «Լույս» դաշինքը, ինչպեսեւ ընտրություններին մասնակցող շատ ուժեր, քարոզարշավը դեռ պաշտոնապես չմեկնարկած՝ դե ֆակտո սկսել է նախընտրական արշավները։ Իսկ նախարարի մասնակցությունը երեկվա այցին կարելի է գնահատել որպես ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում։



Ճիշտ է, պաշտոնատար անձն ինքն է որոշում՝ ինչպես տնօրինել իր ընդմիջման ժամը, բայց եթե պաշտոնյան նաեւ թեկնածու է, սա կարող է դիտվել որպես դիրքի չարաշահում եւ անօրինական քարոզչություն։ Էլ չենք ասում, որ Զեյնալյանը, վստահաբար, վերելակների գործարան մեկնել է իրեն հատկացված ծառայողական մեքենայով։ «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախարարի այցն այսպես մեկնաբանեց․ «Նախ ասեմ, որ դա տեղի է ունեցել ընդմիջման ժամին, քարոզչություն, ինչպես հասկանում եք, հնարավոր չէ վերելակների գործարանում իրականացնել, մենք ծանոթացել ենք տեղի հնարավորություններին»։ Իսկ ինչո՞ւ է նախարարն այս փուլում իր պարտականությունների կատարմանը չառնչվող այց կատարում։ Խաժակյանը խոստովանեց, որ իրենք նախընտրական ծրագիրն են ավարտին հասցնում ու պետք է հասկանան յուրաքանչյուր կետի իրականացվելիությունը․ «Ե՛վ պարոն Զեյնալյանը մեծահոգաբար համաձայնել է իր ընդմիջման ժամանակը հատկացնել դրան, ե՛ւ եկել է մեզ հետ ծանոթանալու գործող արտադրական հնարավորություններին»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**