Բաց նամակ Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Եվա Վրայլային

Բաց նամակ Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Եվա Վրայլային
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ որպես հայ ժողովրդի համազգային ցավի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցում բարեկամ Հունաստանի եւ եղբայրական հույն ժողովրդի բացառիկ ազնիվ ու մարդասիրական դիրքորոշման նկատմամբ խորին հարգանքի, երախտագիտության ու բարի կամքի դրսեւորում՝ Երեւանի հյուսիսային համալսարանը որոշել է 2018-2019 ուսումնական տարվանից համալսարանում սովորելու համար Ձեր երկրի քաղաքացիներին տրամադրել անվճար ուսուցման տեղեր։ Այդ մասին Հյուսիսային համալսարանի ռեկտորատը ս․ թ․ հուլիս ամսին տեղեկատվական նամակով իրազեկել է Հունաստանի հինգ բուհերի (Աթենքի տնտեսագիտության եւ բիզնեսի համալսարան, Սալոնիկիի Արիստոտելի համալսարան, Հելենիկ միջազգային համալսարան, Հոնիայի համալսարան եւ Մակեդոնիայի համալսարան)։



Հունաստանից Հյուսիսային համալսարան սովորելու համար ուղարկված անձանց կրթությունը մեր համալսարանում կիրականացվի արտասահմանյան երկրների քաղաքացիների կրթությունը կազմակերպելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից մեր բուհին տրված քվոտաների շրջանակներում՝ հետեւյալ մասնագիտությունների գծով․



1. տնտեսագիտություն



2. կառավարում



3. ծրագրային ճարտարագիտություն։



Ընդ որում՝ ենթադրվում է, որ համալսարանում անվճար սովորելու համար ուղարկվող ուսանողներին կարելի է ընդունել ինչպես բարձրագույն կրթության համաեվրոպական տարածքում իրականացվող ուսանողների շարժունության սկզբունքի շրջանակներում, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր ընդունվող ուսանողների թվից։



Համալսարանում անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում Ձեր երկրից Հյուսիսային համալսարան սովորելու գործուղված ուսանողների համար ուսուցման ու կենցաղի բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ՝ այն հաշվով, որ մի կողմից առավել հագեցած ու արդյունավետ լինի ուսումնական գործընթացը, մյուս կողմից՝ ուսանողները հնարավորինս արագ ինտեգրվեն մեր երկրի կյանքին ու առօրյային, իրենց զգան հարազատ ու մտերիմ միջավայրում։



Տեղեկացնելով վերոհիշյալի մասին՝ միաժամանակ հայտնում ենք Ձեզ, հարգելի դեսպան, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչած եւ դատապարտած երկրներին ուղղված «Խորին հարգանքի ու երախտագիտության» ծրագրի համատեքստում Հյուսիսային համալսարանն իր պատրաստակամությունն է հայտնում՝ անվճար հիմունքներով առաջիկայում կազմակերպելու Հայաստանում Հունաստանի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ու մյուս աշխատողների հայոց լեզվի ուսուցումը։



Մենք այն կարծիքին ենք, որ հայոց լեզուն՝ որպես համամարդկային մշակույթի ու գիտության ոլորտներում ուրույն դերակատարում ունեցող հինավուրց լեզու, անտիկ դասական ժառանգության զարդը հանդիսացող հունարենի (իհարկե՝ անգլերենի, ռուսերենի, չինարենի, ֆրանսերենի, իսպաներենի, արաբերենի, գերմաներենի, իտալերենի եւ պատմական հարուստ ավանդույթներ ու լայն տարածում ունեցող այլ լեզուների) հետ մեկտեղ կարող է դառնալ մեր մշակույթների փոխհարստացման, երկու բարեկամ երկրների ու եղբայրական ժողովուրդների միջեւ շփման ու համագործակցության խորացման կարեւոր միջոց։



Դեսպանատան աշխատակիցների հայոց լեզվի ուսուցումը համալսարանը կիրականացնի իր լավագույն կադրերի, առավել հմուտ ու գործիմաց մասնագետների միջոցով՝ ուսուցման ժամանակակից ծրագրերի ու տեխնոլոգիաների կիրառմամբ։



Մենք համոզված ենք, որ դեսպանատան աշխատակիցների կողմից հայոց լեզվի տիրապետումն էապես կնպաստի արդի հայ հանրության տարբեր հատվածների հետ նրանց անմիջական շփումների սերտացմանը, հայկական իրականությանը, երկրի ու ժողովրդի ներկա կյանքն ավելի մոտիկից ճանաչելու, Հայաստանի կենսական զարկերակն անմիջականորեն ընկալելու՝ դեսպանատան աշխատակիցների ջանքերի արդյունավետության բարձրացմանը, փոխըմբռնման ու համագործակցության մթնոլորտի հաստատմանը, իր ամբողջության մեջ դեսպանատան առաքելության առավել հաջող իրականացմանը։



Հայտնելով վերը նշված նախաձեռնության իրականացման մեր պատրաստակամության մասին՝ սպասում ենք Ձեր արձագանքին։



Հավելենք նաեւ, որ Հյուսիսային համալսարանը ծրագրել է համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի բակում կառուցել հայ-հունական եղբայրության հուշարձան։ Այն կկառուցվի 2020 թվականին, եւ բացումը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 105-ամյակի օրը։



Խորին հարգանքով ու լավագույն մաղթանքներով՝



**Բ․ ՄԱԿԻՉՅԱՆ**



Հյուսիսային համալսարանի ռեկտոր