Հայությունն արդեն իսկ կուսակցություն է

Հայությունն արդեն իսկ կուսակցություն է
Հատկապես այս օրերին, երբ Երեւանի քաղաքապետի ընտրությունների հարցն է հոլովվում, ճշմարիտն ասած՝ զարմանք ապրեցի, երբ տեղեկացա, որ Հայաստանում 72 կուսակցություն գոյություն ունի։ Զարմացա, որ վերմակաչափ փոքրիկ մի երկրում 72 կենտրոնաձիգ եւ կենտրոնախույզ ուժեր իրար են քաշում ու ձգում, որ ամեն գնով իշխանություն ու պաշտոն ձեռք բերեն։ Ոչ վաղ անցյալում Կինեմատոգրաֆիստների միության յուրաքանչյուր համագումարի նախօրեին լուսահոգի Կարեն Դեմիրճյանը միշտ իր մոտ ընդունում էր կինոգործիչների 20-25 հոգուց մի խումբ, որտեղ տաք-տաք խոսում, վիճում էին, իրենց հուզող խնդիրներն էին բարձրացնում մեր կինոյի ներկայացուցիչները։ Ի դեպ, այդ 5-6 ժամ տեւողությամբ հանդիպման ժամանակ նրանք լիցքաթափվում էին, եւ հաջորդ օրվա համագումարում ասելու շատ քիչ բան էր մնում: Ինչո՞ւ։ Որովհետեւ տեղնուտեղը բոլոր հուզող հարցերի պատասխանն արդեն տրված կամ լուծված էր լինում։ Հրաշալի ավանդույթ, որը վատ չէր լինի, որ այսօր էլ շարունակական լիներ։ Անցյալի ամեն բան չէ, որ պետք է արատավոր համարել: Նման հանդիպումներից մեկի ժամանակ, երբ խոսք բացվեց մարդու ազատությունների, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության մասին, Դեմիրճյանը բառացիորեն հետեւյալն ասաց․ «…Խելոք մարդուն երբ ազատություն ես տալիս, նա չգիտի ինչպես վարվի, ինչ անի այդ ազատության հետ։ Հետո էլ՝ մի «Հայէլեկտրո» գործարան ունենք, որը միայն մի տնօրեն ունի, դա այսինչն է, Հայաստանի Կենտկոմի առաջին մի քարտուղար կա, դա էլ ես եմ: Մեզանում բոլորն ուզում են գործարանի տնօրեն կամ Կենտկոմի առաջին քարտուղար լինել»:



Հիմա մեր այս 72 կուսակցություններն են։ Ժամանակ կար, երբ սփյուռքահայ մամուլում կարդում էինք, որ 4 թե 5 կուսակցություն ունեն: Մեկը մյուսին հակոտնյա էր, իրար տանել չէին կարողանում։ Մենք ուղղակի զարմանում էինք։

1969-ին, երբ առաջին անգամ Բեյրութում հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպվեց, ամենուր բազմաբնույթ խոսակցություններ էին, թե ինչու հնչակյանների մոտ չցուցադրվեց, այլ՝ ռամկավարների։ Ինչու համայնավարները մասնակցեցին, իսկ դաշնակցականները՝ ոչ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ… Այդ «ինչու»-ների արդյունքում գաղթօջախը մասնատվում էր, իրար էին խառնվում։ Դա դեռ՝ 4-5 կուսակցության պարագայում։ Հիմա հարցնող լինի, թե հայաստանյան այս 72 կուսակցությունները մեզ ի՞նչ են տալիս: Մոտ 2 միլիարդի հասնող Չինաստանը միայն մի կուսակցություն ունի։ Դիցուք, մեզանում էլ թող լինի 2 կամ 3, 4 կամ 5, լավ՝ 6 կամ 7, ոչ թե 72… Սա ոչ ավել, ոչ պակաս՝ արդեն տնաքանդություն է։

Կարծում եմ, որ հայությունն ինքը՝ մի ամբողջական «հայություն» անվամբ, արդեն իսկ կուսակցություն է: Երանի թե այդպես լիներ։



Հետողորմյան երբեք էլ ուշ չէ



«Ռեֆորմ» կամ «բարենորոգում» ասվածը մարդու մոտ ինքնին դրական էմոցիա է առաջացնում։ Սակայն անկախության այս 30 տարիների ընթացքում այդ բառն այնպես իմաստափոխվեց ու արժեզրկվեց, որ ճիշտ հակառակը՝ «ավերում», «ոչնչացում» նշանակությունը ձեռք բերեց։ «Ռեֆորմ» անվան տակ քանդեցինք ու ավերեցինք ամեն ինչ… Քանդեցինք Հայաստանի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը, կրթական համակարգը, իսկ տեղը անհասկանալի, մուտանտանման ինչ-որ բան ստեղծեցինք։



Մի անվանի տնտեսագետի ասացի․ «Չե՞ս ափսոսում, որ «Բելառուս» տրակտորները մինչեւ այժմ արտադրում են, իսկ աշխարհում հայտնի քլորոպրենային կաուչուկի մեր գործարանը դեռ էն գլխից փակեցինք»: Չհամոզեցի, ինքն իր թվերի երեւակայական էքսպերիմենտներով այնքան էր տարվել ու ներշնչվել, որ ուղղակի չհամոզվեց։ Այժմ բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ շատ առաջատար երկրներ Խորհրդային Միությունից եկող լավը վերցրին, վատը դեն գցեցին։ Եվրամիությունն առաջին փայլուն օրինակն է: Դե ո՞նց կլինի, մենք պիտի տարբերվե՞նք, թե՞ ոչ, կամ թե չէ՝ ամեն բանի առաջինը պիտի մե՞նք լինենք, թե՞ ոչ։ Կոպիտ ասած՝ մեր մատը տարանք՝ մեր աչքը հանեցինք։ Հիմա մեր այս 12-ամյա դպրոցներն են: Նախարարից սկսած մինչեւ ուսուցիչ գիտեն, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Վերջին երկու տարին դպրոցում ո՛չ աշակերտը գիտի ինչով զբաղվի, ո՛չ էլ՝ ուսուցիչը։ 21-րդ դարում այդ երկու թանկ տարին կամ էլ թե չէ` ժամավաճառությունը մի կյանքի սկիզբ է։ Է՛հ, փոխեք, էլի, ո՞ւմ եք սպասում… Երեք տասնամյակ է՝ որ իշխանությունը գալիս է, ձեռքը կրթական համակարգին է դնում։ Երեք տասնամյակ է, ինչ նեյնիմ-նեյնիմներ ենք անում… Գուցե վերականգնե՞նք նախկին 10-ամյա համակարգը։

Հետողորմյան երբեք էլ ուշ չէ։



**Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ**