Լավրովի հայտարարություններով գնդակը նետվեց Երևանի խաղադաշտ

Լավրովի հայտարարություններով գնդակը նետվեց Երևանի խաղադաշտ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարություններ է արել՝ նաեւ կապված Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ։ Ըստ էության, իր հայտնի հայտարարությունից հետո սա առաջին անգամն է, որ տեւական լռությունից հետո նախարար Լավրովն անդրադառնում է հայաստանյան ներքաղաքական կյանքի զարգացումներին եւ դրանց նկատմամբ Մոսկվայի պատկերացումներին ու մոտեցումներին։



Միանգամից արձանագրենք, որ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման նախաշեմին այս հայտարարությունները վկայում են քննարկվելիք օրակարգի «դաժանության» մասին։ Պարզ ասած՝ Լավրովը, իսկ ավելի հավանական է՝ նաեւ ինքը՝ Պուտինը, հայտարարում են, որ «խաղերն» այս անգամ «չեն անցնելու», եւ խոսելու են չափազանց անկեղծ ու չափազանց կոնկրետ։ Իսկ եթե դիվանագիտական բառապաշարը վերծանենք խոսակցականի, ապա Մոսկվան հասկացնում է, որ հետաքրքրված չէ Հայաստանի ներկայիս իշխանությունների արկածախնդիր քայլերով, որոնք անում են ներքին քաղաքական դաշտում։ Որեւէ կերպ հետաքրքրված չէ եւ չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքին գործերին, ինչը չի արել նաեւ իշխանափոխության ժամանակ։ Սակայն եւ զգուշացնում է, որ տեղյակ է, որ համանման կեցվածք չեն որդեգրել այլ արտաքին խաղացողներ, օրինակ՝ Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը։ Այսինքն՝ Կրեմլից հասկացնում են, որ իրենք թեեւ չեն խառնվում, սակայն Երեւանում պետք է «խելքները գլուխները հավաքեն» եւ արտաքին մյուս խաղացողների «դեմն առնեն»։



Մյուս կողմից, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանը հստակ մեսիջ է ուղարկում, որ ինքն անհանգստացած է այն հանգամանքով, որ իրադրությունը Հայաստանում սկսել է նմանվել «եռացող կաթսայի»։ Ցանկացած եռացող կաթսա ի վերջո թափվում է եւ վնասում շրջապատին։ Այսինքն՝ պետք է իրավիճակը հանգստացնել, բերել նորմալ ջերմաստիճանային վիճակի՝ տհաճ հետեւանքներից խուսափելու համար, քանի որ Մոսկվան, այն էլ հիմա, երբ անկախ իր վրա կիրառվող նորանոր սանկցիաներից՝ հասել է հաջողության Մերձավոր Արեւելքում, ինչի մասին նույնիսկ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին է խոստովանել երեկ՝ ասելով, որ ԱՄՆ-ն այսօր վճարում է այն անգործության համար, որ ցուցաբերել է Սիրիայում, չի հանդուրժի եռացող կաթսայի առկայությունը Հարավային Կովկասում, այսինքն՝ Մերձավորարեւելյան ճակատի թիկունքում։



Ուշագրավ են նաեւ հայաստանյան զարգացումներում Սահմանադրության եւ օրենքների տառն ու ոգին պահպանելու հետ կապված Լավրովի արտահայտությունները։ Ըստ էության, ռուսական կողմը հստակ հասկացնում է, որ անկախ քինախնդրությունից, անձնավորված հարաբերությունների վատթարությունից կամ այլ մասնավոր հանգամանքներից, ինքը միայն այն դեպքում կհասկանա Երեւանի քայլերը, եթե դրանք լինեն օրենքների եւ Սահմանադրության սահմաններում։ Ավելի բացենք փակագծերը․ պարզորոշ արձանագրվում է, որ երկրորդ նախագահ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ իրականացված իրավական գործողություններն իրավական, օրինական ամուր հիմքերի վրա կառուցված գործողություններ չեն, հետեւաբար՝ նաեւ չափազանց թեական են, չասելու համար՝ անօրինական։ Ի վերջո, Սահմանադրության համաձայն՝ նախագահներն անձեռնմխելի են, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեպքում էլ միջպետական համաձայնագրեր կան եւ ընթացակարգեր, որոնք թույլ չեն տալիս նման «գեղական կարգով» հարցեր լուծել։ Այս ֆոնին, Կրեմլի ակնկալիքը Հայաստանից Ռուսաստանի ԱԳ նախարարը ձեւակերպել է այսպես․ հանգիստ երկիր՝ կայուն զարգացող տնտեսությամբ, առանց ցնցումների հասարակությամբ, անվտանգ ու ապահով իրականությամբ։ Ու եթե այս ակնկալիքը խախտվում է, ապա Ռուսաստանի համար առնվազն հարց է, թե անկայունության պայմաններում ինչպես է, օրինակ, Հայաստանը շարունակելու կատարել ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում իր ստանձնած պարտավորությունները։ Իսկ այդ երկու կառույցների ղեկավարություններում Հայաստանը բավականին ներկայացված է, հետեւաբար, անկայունությունն ու հեղհեղուկությունը կարող են հանգեցնել այն բանին, որ Հայաստանը զրկվի այդ ներկայացվածությունից գոնե այնքան ժամանակով, քանի դեռ իրավիճակը չի կայունացել, եւ «կլոունադան» չի վերածվել «խաղաղ եւ ստեղծագործ աշխատանքի»։ Ի դեպ, հայտնի ժողովրդական խոսք կա, թե «թամամ խոսքն էշին են ասում»։ Լավրովը ներկայացրել է Կրեմլի կեցվածքը, այն էլ՝ շատ պերճախոս կերպով։ Հիմա գնդակը Երեւանի դաշտում է։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**