Անընդունելի ենք համարում ընտրապայքարը «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու փորձերը. ՀԺԱՄ հայտարարությունը

Անընդունելի ենք համարում ընտրապայքարը «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու փորձերը. ՀԺԱՄ հայտարարությունը
«Հայաստանի Ժողովրդավարական ազատական միության» (ՀԺԱՄ) վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․



«Սիրելի երևանցիներ,



ՀԺԱՄ կուսակցությունը Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: ՀԺԱՄ ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են գործարարներ, պետական համակարգի աշխատակիցներ, կուսակցականներ:



ՀԺԱՄ կուսակցությունը վերջին անգամ մասնակցել էր 2003թ-ի ԱԺ ընտրություններին՝ ստանալով ընտրողների շուրջ 4.8% քվե, որից Երևան քաղաքում՝ մոտ 20.000 ձայն: Հետագա տարիներին ՀԺԱՄ-ը չի մասնակցել համապետական ընտրությունների, քանի որ այն վերածվել էր  հսկայածավալ ֆինանսական միջոցների մրցավազքի: Ընտրություններն ընթանում էին ոչ թե ծրագրի և գաղափարի մրցակցության հարթակում, այլ վարչական և ֆինանսական լծակների գործադրման: Նման պայմաններում ՀԺԱՄ-ը ընտրություններին մասնակցելու ո´չ ցանկություն ուներ, ո´չ  հնարավորություն:



Հայաստանում առկա նոր իրողությունը հույս էր ներշնչել, որ այսուհետ ՀՀ-ում ընտրություններն ընթանալու էին առանց վարչական լծակների կիրառման և ֆինանսական խոշոր միջոցների անհրաժեշտության: Այդմ վստահ էինք, որ կարող ենք արժանապատիվ հանդես գալ Երևանու ավագանու ընտրություններին: Սակայն պարզվեց, որ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին, և մեր նախնական ցանկում ընդգրկված որոշ թեկնածուների «հորդորել» էին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց:



Նշենք, որ անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և  «հակահեղափոխականներ»,«հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը:



Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ չենք մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ  ընտրություններին և ներկայացնում ենք ինքնաբացարկ:



Բարի երթ ենք մաղթում առաջադրված մյուս կուսակցություններին և դաշինքներին, հորդորում նրանց ձեռնպահ մնալ ամեն գնով հաղթելու մոլուցքից և «մեր դեմ խաղ չկա» վտանգավոր կարգախոսից»։