Աղջնակի մազերը դպրոց ճանապարհելու համար էին կտրել, մինչդեռ ուսուցչուհին այլ բան է կարծել

Աղջնակի մազերը դպրոց ճանապարհելու համար էին կտրել, մինչդեռ ուսուցչուհին այլ բան է կարծել
«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով, յուրաքանչյուր ամառ՝ ուսումնական տարվա նախաշեմին, իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագիր: Ծրագրի շրջանակում, Գյումրու և Շիրակի մարզի գյուղերի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին բաժանվում են պայուսակներ, գրենական պիտույքներ, հագուստ, հիգիենիկ պարագաներ և այլն:



Այս տարի կենտրոնը մոտ 700 երեխայի նման աջակցություն է ցուցաբերել: «Մնացել է մոտ 15-20 պայուսակ, դրանք էլ կբաժանենք, բայց եթե խիստ անհրաժեշտություն լինի, հանդիպենք երեխաների, որոնք ծայրահեղ վիճակում են, գետնի տակից էլ լինի, մի ճար կանենք»,-**hraparak.am**-ի հետ զրույցում ասաց կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը:



Նրա խոսքերով, հատկապես սոցիալապես շատ ծանր վիճակում են գյուղաբնակները: «Այս տարի, մենք հատկապես ուշադրություն դարձրեցինք գյուղերին, որտեղ խեղճ ու կրակ մարդիկ իրենց անկյունները քաշված ապրում են, սոսկալի վիճակ է այնտեղ»,-ասաց նա՝ հիշելով մի դեպք, որը մանկավարժն է պատմել: «Երեխան շատ գեղեցիկ, երկար մազեր է ունեցել, սեպտեմբերին աղջնակը դպրոց է գնացել մազերը կարճ կտրած, ուսուցչուհին շատ է ափսոսացել, մտածել է, որ մազերը կտրել են, քանի որ ոջիլ է ընկել, բայց հետո պարզել է, որ այն վաճառել են, որպեսզի երեխային դպրոց ճանապարհեն»: «Շիրակ կենտրոն»-ի նախագահը ուրախությամբ նշում է, որ այս տարի առաջին անգամ բարերարներին են միացել Ռուսաստանի դաշնության մի խումբ երիտասարդներ: «Սովորաբար ՌԴ-ից շատ հազվադեպ ենք օգնություն ստանում, բայց պարզվում է, որ այս վերջին հեղափոխական ալիքը ռուսաստանի հայ երիտասարդների վրա էլ է ազդել, եւ մոտավորապես 140 պայուսակ, գրենական պիտույքներ, հագուստներ այնտեղից մի երիտասարդ բերեց, հասցրեց:



Ծրագրին մասնակցեց նաև Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատունը եւ մոտ 260 երեխայի օգնեցին, եւ իհարկե մեր ծրագրի անփոխարինելի հովանավորները ամերիկահայերն են»,-նշեց նա: Սոցիալապես անապահով ընտանիքներին կենտրոնի աշխատակիցները երկար չեն փնտրում, նրանք կամ իրենց ոտքով են գալիս՝ օգնություն խնդրելու, կամ աշխատակիցներն են հայտնաբերում: Ի դեպ, այս տարի Շիրակի մարզպետարանը նույնպես կենտրոնին ցուցակ է ուղարկել, խնդրել, որ իրենց դիմած մոտավորապես 60 ընտանիքի երեխաներին օգնեն պայուսակներով, գրենական պիտույքներով, որպեսզի դպրոց հաճախեն:



**Արևիկ Հակոբյան**