Երեւանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը

Երեւանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը
Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը: Կազմակերպությունը կսկսի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 11-ին: Մեկնարկը կտրվի ձեռնարկության Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ): Այգավանի մասնաճյուղը (Արարատի մարզ) կմիանա գործընթացին սեպտեմբերի 12-ին: Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) Երևանի կոնյակի գործարանը կմթերի սեպտեմբերի 17-ից: Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի և որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը:



Այս տարի գործարանը կմթերի 29 000 տ խաղող, ինչի համար ձեռնարկությունը հատկացրել է 4 միլիարդ 60 միլիոն դրամ:



Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-ից 4 օրվա ընթացքում՝ գումարը գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով, որոնք ևս բացվել են կազմակերպության կողմից:



Մթերվող խաղողի գինը 1 կիլոգրամի համար կկազմի 140 դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Ավելին՝ հավատարիմ մնալով «մեկ տարի – մեկ գին» մոտեցմանը, որը ենթադրում է միասնական գին մթերվող խաղողի բացարձակապես ողջ քանակի համար բոլոր երեք մասնաճյուղերում՝ կազմակերպությունը պատրաստ է կոմպենսացնել Տավուշի մարզի խաղողի շաքարայնության անբավարարությունը մթերվող խաղողի քանակով:



Ընկերությունն այս տարի ևս շարունակել է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է ավելի քան 260 մլն դրամ: Նշենք, որ ծրագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ:



Երևանի կոնյակի գործարանը շարունակում է 2013 թվականին ներդրված բազմամյա պայմագրերի ծրագիրը, որոնց ընդհանուր թիվը այս պահին կազմում է 400: