«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար ստացվել է 42 հայտ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար ստացվել է 42 հայտ
Մենք [գրել էինք](https://www.hraparak.am/posts/5b89a0607e644806ab27f6e9/%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%A2%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B6), որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն ավարտվել է։



«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն ավարտվել է օգոստոսի 31-ի կեսգիշերին: Ստացվել է 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/: Դիմող անհատներն առհասարակ շատ բարձրորակ թեկնածուներ են: Դիմումների մեծ քանակը փաստում է պաշտոնի նկատմամբ հայտատուների մեծ հետաքրքրությունը:



Ընտրող հանձնաժողովը ուշադրությամբ կքննի դիմումները: Ժողովը կկայանա 2018թ.-ի սեպտեմբերի 10-ին, Երևանում: Հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը /Շվեյցարիա/: Հանձնաժողովը կգլխավորի Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը /Ֆրանսիա/:



Դիմումները քննարկելուց հետո հանձնաժողովը ընտրված թեկնածուին կներկայացնի Հայաստանի Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հավանությանը, նա էլ առաջադրված թեկնածուին կներկայացնի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Միայն դրանից հետո թեկնածուն կստանձնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Նա կպարտավորվի բարեփոխել և առավել հզորացնել այս եզակի կառույցը, որը վերջին 26 տարվա ընթացքում հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:



Հիմնադրման առաջին օրվանից՝ 1992թ.-ից սկսած, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է 1100 խոշոր ծրագիր և հազարավոր այլ կարևոր ծրագրեր Հայաստանում ու Արցախում: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 350 մլն դոլար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի քաղաքական և կրոնական բարձրագույն պատասխանատուներից, ինչպես նաև աշխարհում հեղինակություն վայելող անհատներից: