Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայաստանյան ներքին զարգացումներին

Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայաստանյան ներքին զարգացումներին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄՀՄՊԻ ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայաստանյան զարգացումներին, նշելով, որ Մոսկվան իհարկե անհանստացած է, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է «եռալ»։



Ինչպես փոխանցում է TACC լրատվկան գործակալությունը, նախարար Լավրովը միաժամանակ նաեւ ասել է, որ թեեւ Հայաստանի ներքին գործն է տասնամյա վաղեմության դեպքերի քննությունը կամ դրանցով պայմանավորված ձերբակալությունների իրականացումը, սակայն Մոսկվայում գտնում են, որ դրանք պետք է արվեն օրինական ամուր հիմքերով, Սահմանադրության եւ օրենքների շրջանակում:



ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ ռուսական կողմը հետաքրքրված է, որ դաշնակցային ու ռազմավարական գործընկեր պետություններում կայուն իրավիճակ լինի, ներքաղաքական գործընթացները հիմնված լինեն Սահմանադրության վրա, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ լինեն։ Նա նաեւ շեշտել է, որ Մոսկվայում ուշի ուշով հետեւում են վարչապետի ընտրվելուց հետո տեղի ունեցող իրադարձություններին, սակայն երկրի ներքին գործերին միջամտելուն միտված որևէ քայլ չի նախաձեռնում, թեեւ նույնը մյուս արտաքին խաղացողների մասով հավաստիացնել չի կարող:



Լավրովը հավելել է, որ մոտ ժամանակներս հանդիպում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, քանի որ կա անհրաժեշտություն հասկանալու, թե Հայաստանի նոր ղեկավարը ինչպես է գնահատում իր երկրում զարգացման հեռանկարները եւ ինչպես է կատարելու ՀԱՊԿ շրջանակում իր ստանձնած պարտավորությունները: