Խոզ խանձողի մտածողությամբ ղեկավարը

Հրապարակված լուսանկարներից երեւում է, որ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Անկարա մեկնելը լիքը բան է տվել Փաշինյան Նիկոլին: Բայց միաժամանակ հերթական վնասն է հասցրել Հայաստանի համարյա զրոյացված հեղինակությանը: Նիկոլին տրված օգուտը նրա կարծիքով էր, սակայն եթե հարցը կողքանց դիտարկվի, ապա կպարզվի, որ նրա ստացած օգուտը երեւութական էր: Իրականում հարված էր հասցվել նաեւ նրա չեղած հեղինակությանը: Դա հատկապես երեւում է այն լուսանկարներից, որտեղ ինքը կանգնած կամ նստած էր Հայաստանի թշնամի երկրի ղեկավարի թիկունքում: Բայց դա այն դեպքն է, երբ մարդը չի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում անձնապես իր շուրջը: Եվ դրա պատճառը շլացուցիչ այն միջավայրն է, որում հայտնվել է ինքը: Լինի նա շարքային քաղաքացի, թե պետության ղեկավար: Եվ կամ պետության ղեկավար՝ շարքային քաղաքացու մտածողությամբ: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ ապա խոզ խանձող մեկի մտածողությամբ:
Եթե շարունակենք հարցի դիտարկումը Փաշինյան Նիկոլի տեսակետից, ապա կտեսնենք, որ նա հասել է իր առջեւ դրված մինիմում ծրագրի իրականացմանը: Ինքը սեղմել է Թուրքիայի պես հզոր երկրի ղեկավարի ձեռքը: Ինչն իր գլխավոր հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո դարձել էր իդեա ֆիքս: Թե որն է Նիկոլի մաքսիմում ծրագիրը՝ դժվարանում եմ ասել: Էրդողանը կայսերական մտածողությամբ թուրք է, եւ, որպես այդպիսին, նրա ընկեր կարող է դառնալ, ասենք, առնվազն ՌԴ-ի նման երկրի ղեկավարի մակարդակի անձը: Հիշենք՝ նախքան նախագահական ընտրությունները վերջինս արհամարհանքով էր արտահայտվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առնչությամբ: Իսկ Ֆրանսիան այն երկիրն է, որ մեր ամենահամարձակ երազներում անգամ չէինք փորձի համեմատվել: Այդ առումով էլ դժվարանում եմ որեւէ բան ասել Նիկոլի մաքսիմում ծրագրի վերաբերյալ: Եթե, իհարկե, չընդունեմ, որ նրա մաքսիմում ծրագիրը Հայաստանի Հանրապետության՝ Թուրքիայի արբանյակի վերածելն է:
Դրա կանխարգելման միայն մի ուղի կա՝ դա Նիկոլին վարչապետի աթոռից պոկելն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով: Իսկ հնարավոր տարբերակները շատ չեն՝ ժողովրդային արմատական ընդվզում, Ազգային ժողովի ՔՊԿ-ական մեծամասնության հեղաշրջում եւ պետությունը կործանումից փրկելու՝ ուժայինների նախաձեռնողականություն: ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը փողոցային գործընթացի ակտիվ մասնակիցն ու պայքարի անհաջողության ականատեսն էր: Նախկին մարզպետ, Լեհաստանում նախկին ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը երկրորդ տարբերակի նախաձեռնողն ու դրա տապալման ականատեսն էր: Երրորդ՝ ուժային տարբերակը մեզանում նախաձեռնվեց «ձին կառքի հետեւում դնելու» սցենարով. սկզբում հայտարարություն տարածվեց, իսկ հետո դրա նախաձեռնողներն ու ստորագրողները պաշտոնանկ արվեցին: Այնպես, որ 3-րդը դեռեւս կարող է կյանքի կոչվել, եթե ձիերը լծվեն կառքին՝ ինչպես անհրաժեշտ է: Կարծում եմ, որ հենց այդ հույսով է Վազգեն Մանուկյանը դիմել ուժայիններին: Անկեղծորեն, նույն հույսը մինչեւ այժմ ունեմ ես՝ հենց վերը նշված տրամաբանությամբ:
Կարծիքներ