Քսենոֆոբիան ու ժողովրդավարությունը անհամատեղելի են

Քսենոֆոբիան ու ժողովրդավարությունը անհամատեղելի են
Եթե Հայաստանը իսկապես նորմալ երկիր լիներ, ապա բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե ղեկավարությանը չի կարելի քննադատել, կամ չի կարելի նրանց ընդդիմադիր կեցվածք ունենալ, պիտի կանգնեն դատարանի առջև ու պատասխանատվության ենթարկվեն, քանի որ դա հակաօրինական քարոզչություն է ու սահմանադրական կարգի տապալման կոչ է:



Այդ ընկերները պիտի հասկանան, որ մեր սահմանադրությունը հստակորեն երաշխավորում է մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը, և որ Հայաստանը բազմակուսակցական երկիր է, որտեղ բազմակարծությունը երաշխավորվում է օրենքով: Եթե Հայաստանը իսկապես նորմալ երկիր լիներ, ապա Քոչարյանին ու ոչ հայաստանյան ծագում ունեցող բոլոր ընդդիմադիր գործիչներին «գյալմա» անվանողները նույնպես պիտի կանգնեն դատարանի առջև, քանի որ դա հստակ քսենոֆոբիայի դրսևորում է ու քաղաքացիների իրավահավասարության սահմանադրական նորմի դեմ իրագործված կոնկրետ արշավ:



Եթե Քոչարյանը ու իր շրջապատը հանցանքներ են գործել, ապա նրանք պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ ու այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց պիտի պատժվեն նաև այն մարդիկ, որոնք, օգտագործելով ժողովրդի կողմից նախկին իշխանավորների հանդեպ ունեցած ատելության հանգամանքը, փորձում են քաղաքացիներին դասակարգել ըստ խմբերի ու ըստ այդմ որոշել, թե որ խումբը իրավունքներ ունի, և որ խումբը այդ իրավունքներից պիտի զրկվի: Հանցագործության դեմ հանցագործությամբ չեն պայքարում, դա տանելու է ուղիղ դեպի կործանում: Մի բան լավ պիտի հասկանաք, հարգելիներս, որ քսենոֆոբիան ու ժողովրդավարությունը ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ են: