Դժվարություններ «Եվրատեսիլ-2019»-ի կազմակերպչական աշխատանքներում

Դժվարություններ «Եվրատեսիլ-2019»-ի կազմակերպչական աշխատանքներում
Մինչ հաջորդ տարվա «Եվրատեսիլ» մրցույթ փառատոնը, որը տեղի է ունենալու Իսրայելում, դեռ մեկ տարի կա, սակայն արդեն այսօր կարելի է ասել, որ նախապատրաստական աշխատանքները մի քանի լուրջ սկանդալների առիթներ կարող են դառնալ։ Մինչ այս պահը, մի քանի ճգնաժամային իրավիճակներ հաղթահարվել են եւ կազմակերիչներն հիմա էլ նոր ճգնաժամի էպիկենտրոնում են գտնվում։ Նոր խնդիրը կապված է այն բանի հետ, որ անհրաժեշտ է, որպեսզի հյուրընկալող երկիրը 12 միլիոն եվրո որպես երաշխիքային գումար վճարի Եվրոպական հեռարձակողների միությանը, այն դեպքում, երբ Իսրայելում փառատոնի կազմակերպման համար անհրաժեշտ է մինչեւ 45 միլիոն եվրո։ Դեռ օգոստոսի սկզբին այդ գումարը պետք է վճարված լիներ, սակայն մինչ օրս այն չի փոխանցվել կազմակերպիչներին Իսրայելի Ֆինանսների նախարարության կողմից, քանի որ համապատասխան հանձնարարական չի ստացվել վարչապետի գրասենյակից։ Իսրայելի Կապի նախարարությունն առաջարկել է Հանրային հեռարձակող կորպորացիային Ֆինանսների նախարարությունից 12 միլիոն եվրոյի փոխառություն վերցնել, սակայն այս գաղափարն այնքան էլ հիացմունքով չի ընդունվել, քանի որ կողմերի միջեւ կա խորը անվստահություն։ Հանրային հեռարձակող կորպորացիան կարծում է, որ եթե պետությունն իրոք ցանկանար գումար հատկացնել մրցույթի անցկացման համար, դա կաներ նաեւ ավելի շուտ։ Նույնիսկ կա մտահոգություն, որ եթե նույնիսկ փոխառության գնով այդ 12 միլիոնը վճարվի, ապա կառավարությունը այլեւս չի հատկացնի մնացյալ մասը անհրաժեշտ 45 միլիոնի, որով կկորի եւ երաշխիքային գումարը եւ մրցույթը։ Այս պարագայում կազմակերպիչները պնդում են, որ կառավարությունը գրավոր կերպով պարտավորվի, որ կվճարի գումարի մնացյալ մասն էլ՝ երաշխիքային գումարի վճարումից հետո։ Հարցը դեռեւս մնում է բաց։