Ովքեր էին ներկա «Սարոյան Հաուս» նախագծի բացմանը Ֆրեզնոյում (լուսանկարներ)

Ովքեր էին ներկա «Սարոյան Հաուս» նախագծի բացմանը Ֆրեզնոյում (լուսանկարներ)
Երեկ՝ օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110 ամյակի օրը, Ֆրեզնոյում բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Բացման միջոցառումը տեղի ունեցավ համալսարանի «Սեթըլիթ Յունիըն» դահլիճում: Միջոցառումը մեկնարկեց Սարոյանի կյանքին նվիրված ցուցահանդեսով, որին հաջորդեց Վիլյամ Սարոյանի և «Սարոյան Հաուս» նախագծի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:



«Սարոյան Հաուս» նախագծի սկիզբն ազդարարվեց 2016 թվականին, երբ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ձեռք բերեց Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի Գրիֆիթ Վեյ (W Griffith Way) 2729 հասցեում գտնվող  տունը, որտեղ գրողն անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները:



Նշանավոր գրողին լիարժեք ներկայացնելու համար «Սարոյան Հաուս» նախագիծը  ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել ու շարունակում է տարբեր միջոցներով ձեռք բերել  Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Ամբողջ նյութը թանգարանում ներկայացվելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով: Սրահներից մեկում «ներկա» կլինի հենց գրողը՝  հոլոգրաֆիկ պատկերով:



Հետագայում տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն: Նորարարական բոլոր լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում: Բացմանը ներկա էր ոչ միայն նախագծի մեկենաս Արթուր Ջանիբեկյանը, այլ նաեւ հայտնի ամերիկահայեր։