Ի՞նչ ազդակ է ստացել Ադրբեջանի պաշտպանության նախարարը

Ի՞նչ ազդակ է ստացել Ադրբեջանի պաշտպանության նախարարը
Սոչիում ավարտվել են Պուտին-Ալիեւ բանակցությունները: Կողմերն ստորագրել են մի քանի միջկառավարական եւ միջգերատեսչական համաձայնագրեր: Նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Սա, թերեւս, Սոչիի հանդիպման ամենահեաքրքրական պահն է: Իր խոսքում Ռուսաստանի նախագահը հիմնական շեշտը դրել է երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար հարաբերությունների վրա՝ ընդգծելով ռուսական ներդրումների կարեւորությունն Ադրբեջանի համար, ինչպես նաեւ նրբորեն ակնարկել, որ երկու երկրների էներգետիկ համակարգերը «գործում են սերտ ինտեգրացիոն ռեժիմում»:



Ադրբեջանի համար ամենակարեւոր՝ Լեռնային Ղարաբաղի, խնդրին Պուտինն անդրադարձել է ամենավերջում՝ անելով, ինչպես ասում են, «հերթապահ ձեւակերպումներ» այն մասին, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի: Իլհամ Ալիեւն, ընդհակառակը, ելույթի ամենասկզբում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կրկնել ադրբեջանական կողմի հայտնի տեսակետները եւ հույս հայտնել, որ կարգավորման գործում Ռուսաստանը կունենա արժանի դերակատարում: Կարելի է ենթադրել, որ Ալիեւի նախաձեռնությամբ հանդիպման օրակարգ մտած Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկումներում կողմերը որեւէ ընդհանուր տեսակետի չեն եկել: Դա հասկացվում է Ռուսաստանի նախագահի խոսքի տոնայնությունից եւ Ալիեւի որոշակի նյարդայնությունից, երբ նա անդրադառնում էր «օկուպացված տարածքների եւ փախստականների ու ներքին տեղահանվածների» խնդիրներին:



Ըստ երեւույթին, Ռուսաստանի նախագահը խուսափել է ԼՂ հարցում որոշակիացումներից: Մինչդեռ Ադրբեջանում հույսեր կային, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների «լարվածությունը» ԼՂ հարցում նոր հնարավորություն է ստեղծում: Դժվար է, իհարկե, կանխատեսել, թե կոնկրետ ի՞նչ կտրվածքով է Սոչիում քննարկվել ԼՂ խնդիրը: Բայց մի հանգամանք գալիս է որոշակիացնելու տպավորությունը: Նույն օրն Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, թե հիմնական խնդիրն է «բանակը նախապատրաստել օկուպացված տարածքների ազատագրմանը»: [https://minval.az/news/123819834](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fminval.az%2Fnews%2F123819834&h=AT0le5syFRHr-zF_DB1ANTkNKy5N4UqZGFG05o5r0B-qycDbM9KTsBTUzyEu0aMI1OPZkmkZBt0tedDHRF2OYtpdfUqG6tOM5smtp_SPulQSRxmKl1c1RNWlUmC8FnnOgI7q) Սա կարելի՞ է համարել Սոչիի հանդիպումից նրա ստացած ազդակը, թե՞ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կանխորոշել է Պուտին-Ալիեւ բանակցությունների արդյունքը: Ամեն դեպքում չափազանց ուշագրավ է, որ փաստացի պատերազմի նախապատրաստվելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը համընկնում է Սոչիում Պուտին-Ալիեւ բանակցություններին: