Դիլիջանից Վանաձոր մեկնելն էլ է հեշտացել

Դիլիջանից Վանաձոր մեկնելն էլ է հեշտացել
Չնայած սպասելիքներին՝ իշխանափոխությունից հետո էլ հատկապես մարզերին սպասարկող տրանսպորտը մնաց անմխիթար վիճակում։ Նույն գերբեռնված եւ հնամաշ ավտոբուսները՝ դռներից կախված երթեւեկող ուղեւորներով։ Նույն խցանումները քաղաքում՝ օրվա տարբեր ժամերին։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հարցում էինք ուղղել՝ պարզելու, թե ինչ ծրագիր է մշակված մոտիկ մարզերից Երեւան ժամանող տրանսպորտի աշխատանքը կանոնակարգելու համար։



Հետաքրքրվել էինք նաեւ, թե սպասվո՞ւմ է, որ առաջիկայում մարզերին սպասարկող երթուղիներին կհատկացվեն նոր փոխադրամիջոցներ, մաշված ավտոբուսներին կփոխարինեն նորերը։ Եթե այո, ապա ի՞նչ ժամանակահատվածում, որ երթուղիներին են տրամադրվելու այդ փոխադրամիջոցները։ «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ձեւավորում է միասնական երթուղային ցանց, որը կապահովի ուղեւորահոսքի պահանջներին համապատասխան, անվտանգ տրանսպորտային միջոցների շահագործում։ Վերջին մեկ ամսում Մերձավան համայնքի բնակիչներին սպասարկող երթուղին ապահովվել է նոր՝ 2018թ․ արտադրության տրանսպորտային միջոցներով։ Դրանից բացի, Երեւանի հետ տրանսպորտային կապով ապահովվել են Նոյեմբերյան, Ալավերդի համայնքները, ինչպես նաեւ մեկնարկել է Դիլիջան-Վանաձոր երթուղու սպասարկումը»,- արձագանքել են նախարարությունից։