Պատահել է՝ մի մուտքից մյուսը գնալու համար տաքսի են պատվիրել

Պատահել է՝ մի մուտքից մյուսը գնալու համար տաքսի են պատվիրել
Երևի թե մեկ անգամ չէ, որ օգտվել եք տաքսի ծառայություններից, հենց այդ ծառայություններն են մեզ օգնում չուշանալ օդանավակայինից, կարևոր հանդիպումներից, աշխատանքից, դասից: Թե որքան բարդ է տաքսիստի աշխատանքը, և ինչ դժվարությունների է հանդիպում նա իր լարված աշխատանքի ընթացքում փորձեցի պարզել մի շարք տաքսու վարորդների հետ զրուցելով։ Մհերը թեեւ թույլ չտվեց իրեն լուսանկարել, բայց անկեղծորեն պատասխանեց ինձ հետաքրքրող հարցերին․  



**-Ինչպե՞ս որոշեցիք տաքսի վարել։**



** **-Գործից դուրս էի եկել, աշխատանք չկար, ցանկանում էի տաքսի վարել, ընկերներս ասացին՝ չես կարող, քանի որ շատ դժվար գործ է, իսկ ես ապացուցելու համար, որ կարող եմ, որոշեցի տաքսի վարել։



**-Հանդիպու՞մ եք մարդկանց, ովքեր հրաժարվում են վճարելուց։**



-Չեն հրաժարվում, ուղղակի միանգամից իջնում ու փախնում են։



**-Ի**՞**նչն  է  ձեզ դուր գալիս այս աշխատանքում**։



-Ոչ մի բանն էլ դուր չի գալիս։



**-Իսկ ո՞ր հերթափոխին եք սիրում աշխատել։**



-Միևնույն է, կարևորը գումար վաստակեմ։



**-Կան վարորդներ, ովքեր սկզբունքորեն չեն աշխատում գիշերները, իսկ Դո՞ւք։**



-Նախ նշեմ, որ այս գործը շատ ռիսկային է, քանի որ չգիտես, թե ինչ սպասես ուղևորից: Ընկեր ունեմ, որ գիշերվա հերթափոխին էր աշխատում, երկու անգամ թալանեցին, հիմա էլ չի աշխատում: Ինչ խոսք պատվերները լավն են, գրեթե ոչ ոք մինիմալ չի վճարում, բայց վտանգավոր է: Մի անգամ «отвертка» էի թողել մեքենայիս մեջ, ոստիկանները քաղմաս էին տանում, չէի կարողանում համոզել, որ դա իմ մեքենայինն է։ Աշխատում եմ հարբածներին չվերցնել․ում կասկածում եմ, ասում եմ՝ մեքենան զբաղված է։



**-Եղե՞լ են դեպքեր, որ վեճի բռնվեք հաճախորդների հետ։**



-Այո՜, եղել է նման մի դեպք, հարբած է եղել, ցանկացել է ծխել, թույլ չեմ տվել, ասել եմ իջի, չի իջել, բռնի ուժով հանել եմ։



**-Քանի՞ մեքենա եք փոխել մինչև այս մեքենան։**



 -Երեք ումիշտ դեպի լավը։



**-Ո՞րն է ամենաերկար ճանապարհը, որ գնացել եք։**



 -Մեղրի։



**-Ի՞նչ կասեիք կին վարորդների մասին։**



-Դեմ եմ կին վարորդներին, խանգարում են երթևեկությանը։



**-Պատահե՞լ են այնպիսի դեպքեր, ինչպիսին հանդիպում ենք դետեկտիիվ ֆիլմերում, երբ հաճախորդը ներխուժի մեքենա և ասի «հետևեք այն ավտոմեքենային»։**



-Կրիմինալ չի եղել, բայց պատահել է, ասել են, որ աղջկա հետևեմ, կամ եղել է աղջիկ նստի և ասի «Հոպար ջան, շուտ փախի էն ավտոյից»։



**-Ընկերանու՞մ եք հաճախորդների հետ։**



 -Այո՜, ունեմ երեք տարվա հաճախորդ, ով նաև մտերիմ ընկերս է։



**-Կպատմե՞ք տարօրինակ ուղևորների մասին։**



-Տարօրինակ ուղևորների շատ եմ հանդիպել, պատահել է մի մուտքից մյուսը գնալու համար տաքսի են պատվիրել և վճարել մինիմալ գումար, կամ եղել է նստել են և պահանջել iphone-ի կամ notebook-ի լար, հետո բողոքել չունենալու համար: Ընկերներիցս մեկը պատմել է՝ ինչպես է մի մարդ պատվիրել երեք ավտոմեքենա, որպեսզի քաղաքից դուրս գնա․ ավտոմեքենաներից մեկում դրել է բեռը, մյուսում գլխարկը, իսկ մյուսում հենց ինքն է նստել: Պատահել է նստել են մեքենաս, վճարել և խնդրել նստած մնալ ու զրուցել: Այսպիսի դեպքերը շատ են, բոլորն էլ ունեն իրենց տարօրինակությունները։



**-Կթվարկե՞ք երեք հատկություն, որն անհրաժեշտ է տաքսու վարորդին։**



-Մեքենան մաքուր պահել, սարքին պահել և արագ չքշել։



**Մերի Էկտուբարյան**