Ավագանին պետք է լինի ոչ թե հակամարտության դաշտ, այլ՝ համագործակցության

Ավագանին պետք է լինի ոչ թե հակամարտության դաշտ, այլ՝ համագործակցության
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է նաեւ Հ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը․ «Մտածեցի ու համաձայնեցի, թեպետ այլ կուսակցություններից էլ են առաջարկներ եղել»,-ասում է Թուխիկյանը, ով ՔՊ-ի ցուցակում 13-րդ տեղում է։       



Նարինե Թուխիկյանն իր աշխատանքը ավագանու կազմում պատկերացնում է հիմնականում սոցիալական եւ մշակութային հարցերի հանձնաժողովում․ «Այդպես իմ գործն ավելի մեծ մասշտաբով հնարավոր կլինի անել։ Կան բաներ, որ իրականում շատ հեշտ է լուծել, ուղղակի պատկերացում եւ կազմակերպչական ջիղ պետք է ունենաս։ Կան նաեւ բարդ հարցեր՝ Երեւանի շենքերի սեյսմակայունության հարցը, վերելակների, բակային տարածքների, աղբահանության, տրանսպորտի քաղաքաշինական հարցերը։ Շատ են փչացրել քաղաքը, բայց դրանք լուրջ, հետաքրքիր, կրեատիվ լուծումներ են պահանջում քաղաքաշինական տեսանկյունից, որովհետեւ չես կարող այդ ապականությունը նորից քանդել, ի վերջո ներդրումներ են արվել, սեփականության իրավունք կա, ինչ որ լուծումներ պետք է գտնել եւ դրանք, հավատացեք, շատ հեշտ է կազմակերպելը։ Ենթադրում եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ թիմակիցների եւ ավագանու մյուս կուսակցությունների անդամների հետ միասին։ Սա չպետք է լինի հակամարտության դաշտ, այլ համագործակցության, որովհետեւ նպատակը մեկը պետք է լինի՝ Երեւանը դարձնել համայն հայության մայրաքաղաք։ Բոլորը դրանով պետք է առաջնորդվեն անկախ նրանից որ ցուցակով են կամ կուսակցական են, թե՝ ոչ»։



Թե ինչպես է գնահատում ՔՊ-ի շանսերը՝ ի դեմս Հայկ Մարությանի, ասաց․ «Ենթադրում եմ՝ բավականին բարձր է՝ շատ ձայներ հավաքելու առումով, ի վերջո այս կուսակցության հետ է կապվում մեր նոր իրականության կերտումը, անշուշտ հասարակությունն էր, որ մեկին գումարվելով մեկ դարձավ այդ ուժը, բայց քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրն» էր, որը տեր կանգնեց այդ ամենին։ Այդ առումով իրենց շանսերը մեծ են եւ կարծում եմ՝ նաեւ այդ բարոյական իրավունքն ունեն հավակնելու ավելիին, բայց դա չի նշանակում, որ չպետք է լինեն քննադատություններ, արդարացի պահանջներ տվյալ քաղաքական ուժին։ Հիմա նրանք ավելի մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, այլեւս չի կարող կրկնվել հին մոտեցումներն ու սկզբունքները»։