Գիտելիքի օրվա կապակցությամբ երեխաները նախագահական նստավայրում էին․ լուսանկարներ

Գիտելիքի օրվա կապակցությամբ երեխաները նախագահական նստավայրում էին․ լուսանկարներ
Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաեւ սիրիահայ դպրոցականներ:



Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային եւ ուսուցողական միջոցառում էին կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա եւ քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր ու հանրամատչելի ցուցադրություններ էին: Երեխաները նաեւ հնարավորություն էր տրվել զբաղվել նկարչությամբ ու կավագործությամբ, շախմատ խաղալ:



Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է երեխաների հետ, նրանց հետ շրջել տաղավարներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ որեւէ դպրոց գնալու փոխարեն նախընտրել է երեխաներին հյուրընկալել Նախագահական նստավայրում: **«Մենք նպատակ ունենք այս փոքրիկ, բայց գեղեցիկ այգին այսուհետ ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար»**,- նշել է Հանրապետության նախագահը:



Նախագահ Սարգսյանի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի սեպտեմբերի 1-ին երեխաները սիրով գնան դպրոց: **«Երեխաների համար դպրոցն այնպիսի տեղ պետք է լինի, որ հաճուքով այցելեն: Եթե հաճույքով ես սովորում՝ սովորում ես շատ արագ, որակով եւ ընդմիշտ»**: