Նոր կառավարությունը շարունակում է «մերժվածների» ավանդույթները

Նոր կառավարությունը շարունակում է «մերժվածների» ավանդույթները
Բաղրամյան 26-ում շարունակվում են հին ավանդույթները, որոնց արմատները գցվել են շենքի հին տերերի, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի կողմից։



Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բ26-ի իր նստավայրում Գիտելիքի օրվան ընդառաջ հյուրընկալել էր «Այբ» կրթական հիմնադրամի «Կենգուրու 2018» եւ «Մեղու 2017» մրցույթների հաղթողներին՝ 34 աշակերտի։ Նրանք ներկայացնում էին ՀՀ մարզերն ու Արցախը։ Մեդալներ շնորհվեցին, պատվոգրեր։ Դրանք հանձնեցին Նիկոլ Փաշինյանն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Արդեն մի քանի տարի է՝ այս միջոցառումն անցկացվում է։ 2009-ից ի վեր՝ ամեն տարի, երեխաներին իր նստավայրում ընդունում էր Սերժ Սարգսյանը։ Նա պարգեւները հանձնելուց, այնուհետեւ աշակերտների առաջ իր խոսքն ավարտելուց հետո նաեւ շփվում էր երեխաների հետ, պատասխանում նրանց հարցերին։ Այս տարի Նիկոլ Փաշինյանը պահպանեց Սերժ Սարգսյանի հիմնած ավանդույթը՝ միջոցառման մասով, բայց խախտեց հարցուպատասխանի մասով, ընդամենը ելույթ ունեցավ ու հեռացավ՝ առանց շփվելու նրանց ու լրագրողների հետ։ Նախորդ տարիների համեմատ այս տարին առանձնանում է նաեւ նրանով, որ Բ 26-ում այս միջոցառումը լուսաբանելու էին հրավիրվել ոչ միայն իշխանության սիրելի եւ «անվնաս» լրատվամիջոցները, այլեւ բոլորը, այդ թվում՝ «Հրապարակը», ինչը ողջունելի է։ Սա, ինչ խոսք, դրական է բնութագրում նոր կառավարությանը, որ Բ 26-ի դռները բացվել են բոլոր լրատվամիջոցների առաջ։



«Ուզում եմ ձեզ ներկայացնել հաջողության նոր բանաձեւը նոր Հայաստանում: Սովորաբար ինչպե՞ս էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում. անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետեւ նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարեւոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար եւ ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից եւ մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները, եւ ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ հնարավորությունների ընդլայնվող դաշտից օգտվելու հավասար հնարավորություն»,- աշակերտներին ուղղված իր խոսքում ասաց վարչապետը։



Այս միջոցառման ընթացքում մեր ուշադրությունը գրավեց երկու դրվագ։ Նախ, որ Փաշինյանը չի խորշել շարունակել մի ավանդույթ, որը ձեւավորվել է իր եւ իր թիմի կողմից մերժելի Սերժ Սարգսյանի կողմից, մյուսը՝ որ այս մրցույթների եւ միջոցառման հետեւում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կանգնած է Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական, սկանդալային բիզնես-հոգեւորական Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հիմնած «Այբ» դպրոցը։ Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ նախարար նշանակվելուց հետո առաջին հեղափոխական քայլերից մեկը եղավ այն, որ նա որոշեց աուդիտ անցկացնել «Այբ»-ի մոգոնած անհասկանալի եւ բյուջեն ուղղակիորեն թալանող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի հետ կապված եւ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի օրոք ու նրա հովանավորությամբ այս ծրագրին փոխանցված միլիոնները պետք է վերադարձվեն բյուջե։ Նախարարի այս արշավը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում, սրեց հարաբերությունները ԿԳՆ-ի եւ «Այբ»-ի միջեւ։ Այսօր, սակայն, այդ նույն նախարարն ու վարչապետն անցկացնում են նույն այդ «Այբ»-ի նախաձեռնությամբ ստեղծված միջոցառումը, ինչը նշանակում է, որ երիտասարդ պաշտոնյաները նաեւ իրենց սխալներից են դասեր քաղում։



ԿԳ նախարար **Արայիկ Հարությունյանը** մեզ հետ զրույցում զարմացավ, թե ինչու ենք զարմացել այս փաստից։ «Կրթության եւ գիտության նախարարության վերապահումը եղել է բացառապես «Արարատյան բակալավրիատի» հետ կապված, բազմիցս ասել եմ, եւ տարօրինակ է, որ էս հարցը հնչում է, որ էդ ամենը նորից կապում եք «Այբ»-ի հետ։ Այբ»-ի հետ կապված եղել է զրո հայտարարություն երբեւէ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Խոսքն այն մասին է, որ «Այբ» դպրոցն ու «ԱԲ» ծրագիրը թեեւ նույն մարդու՝ Տեր Մեսրոպի հետ են կապվում, բայց տարբեր երեւույթներ են, եւ նախարարն անդրադարձել էր միայն «ԱԲ» ծրագրին։



**-Իսկ ի՞նչ եղավ «Այբ»-ի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի հետ կապված գործընթացը, ստուգումները։**



-Հիմա բանակցություններ են «Այբ»-ի հետ, որպեսզի «Արարատյան բակալավրիատը» վերադարձվի, վերահսկողությունը հաստատի պետությունը՝ դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով։



**-Իսկ այդ ծրագրին տրամադրված գումարները վերադարձվելո՞ւ են բյուջե։**



-Եթե խախտումներ կլինեն, բոլոր տեղերից կվերադարձվեն։



**-Բայց մի քանի հարյուր միլիոն դրամ նախորդ կառավարությունն արդեն տրամադրել էր «Այբ»-ին՝ այդ ծրագրի համար։ Պահանջելո՞ւ եք, որ դրանք վերադարձնեն բյուջե։**



-Եթե աշխատանք արված չի լինի, ուրեմն կվերադարձվեն։



**-Իսկ արվա՞ծ է աշխատանք։**



-Հիմա ստուգվում է, բոլորը ստուգվում են։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**