Անգամ հեղափոխականներն են պատրաստ Քոչարյանի համար մայրուղի փակել

Անգամ հեղափոխականներն են պատրաստ Քոչարյանի համար մայրուղի փակել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի եթերում երեկ՝ իր ծննդյան օրը, բացել է փակագծերը եւ քաղաքական հայտն ավելի հստակեցրել՝ խոսելով իր հավակնությունների մասին։ Նա հայտարարել է, թե դառնալու է ընդդիմադիր բեւեռի կենտրոն։ «Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ ընդդիմադիր բեւեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը, եւ ակնկալում եմ, որ այդպես է լինելու։ Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին, ապա հարցրեք այդ կուսակցություններին։ Կարծում եմ` վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նա՝ շեշտելով․ «Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա եւ իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու հնարավորությունը` դաշինքներ կազմելու կամ տեղից շարժելու այն գործընթացները, որոնց մասին դուք ասացիք»։



Ինչպե՞ս է արձագանքում քաղաքական հանրույթը Քոչարյանի հավակնություններին՝ փորձեցինք լսել կարծիքներ։ Երկրորդ նախագահի անվտանգության գծով խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չնչին կասկած չունի, որ Քոչարյանը հաջողելու է իր նկրտումներում, եւ նրան միանշանակ տեսնում է այդ բեւեռում։ Իսագուլյանն օրերս է հանդիպել Քոչարյանի հետ՝ նրա տանը, զրուցել պլանների մասին, բայց դրանք չի գաղտնազերծում, վստահեցնում է միայն, որ Քոչարյանի շուրջ «լուրջ» բեւեռ կձեւավորվի, հեղափոխությանը մասնակցած ուժեր եւս կմիանան Քոչարյանին։ Թե ովքեր, Իսագուլյանն անուններ չի տալիս․ «Մարդիկ կան, որոնք երկու-երեք մայրուղի են փակել, զանգում ու իրենց պատրաստակամությունն են հայտնում Քոչարյանին, որ հիմա էլ իր համար կանեն։ Որովհետեւ այդ մարդիկ հիասթափված են, դրական զարգացումներ չեն տեսնում, արտաքին քաղաքականության մեջ վտանգներ են տեսնում ու պատրաստ են Քոչարյանի համար մայրուղի փակել։ Բայց վստահ եմ, որ պարոն Քոչարյանը որեւէ անգամ չի խաթարի որեւէ մեկի անդորրը եւ թույլ չի տա մայրուղի փակել»։ Իսագուլյանը համաձայն չէ, թե Մարտի 1-ի տասը զոհերի համար պատասխանատվություն է կրում նաեւ Քոչարյանը․ «Մի հիվանդ մարդ, որ ինքն է մեղավոր, փորձել է ժողովրդի գիտակցության մեջ դա ներմուծել։ Նրանք, ովքեր շատ են խոսում, որ տասը զոհերի մեղավորը Քոչարյանն է, պարզապես ուզում են իրենց մեղքը թաքցնել այդ արտահայտության տակ»։



«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը պնդում է, որ «ԱԴ»-ն կլինի Քոչարյանի ձեւավորածի հակառակ բեւեռում․ «Քոչարյանը՝ վանդակի մեջ միայնակ գայլի նման, չգիտի ինչ անի, հարձակվում է բոլորի վրա, ամեն քայլի գնում է, որ իր օրերը երկարացնի։ Բայց ես համոզված եմ, որ ինքը փտելու է բերդում։ Իսկ բեւեռում կլինեն իր պես մի քանի «ջառմա» ոչ ՀՀ քաղաքացի, որ հայերեն խոսել էլ չգիտեն։ Բայց ո՞նց եք պատկերացնում՝ միլիոնավոր երիտասարդները, որոնք ճանապարհներ էին փակում, հասան իշխանափոխության, պիտի գնան Քոչարյանի կողի՞ն կանգնեն»։ Տեղեկացրինք, որ Իսագուլյանը չի կասկածում այդ հարցում։ Ի պատասխան՝ Առաքելյանը նետեց․ «Ըտենց լիքը անտեր շներ կան, որ տեր են ման գալիս, Քոչարյանն էլ լիքը փող ունի, կգնա մի երկու կոպեկ կքցի իրենց դեմները»։ Առաքելյանը համոզված է, որ քաղաքակիրթ պայմաններում Քոչարյանն ընտրություններով իշխանության վերադառնալ չի կարող․ «Դա մենակ երազում կտեսնի»։



ԲՀԿ պատգամավոր **Սերգեյ Բագրատյանը** Քոչարյանին հնարավոր աջակցության մասին պատասխանեց․ «Այն ուժերը, որոնք աջակցելու են, հայտնել են այդ մասին»։ Հիշեցրինք, որ Քոչարյանը հարցազրույցում նաեւ ԲՀԿ-ի անունն է հիշել՝ չբացառելով հնարավոր աջակցությունը, այդուհանդերձ, հորդորել է այդ ուժերից հարցնել։ Բագրատյանը հումորի վերածեց՝ խուսափելով պատասխանից․ «Ուրեմն մեր անունը տվել է, հա՞, պաշտոնական լիազորություններ է գերազանցել»։ Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀԿ մամլո խոսնակն ու ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանն էլ իրենց հարցազրույցներում կտրուկ չեն բացառել Քոչարյանին աջակցությունը։



Քաղաքագետ **Սարո Սարոյանի** գնահատմամբ, Քոչարյանը կփորձի դառնալ այդպիսի կենտրոն, բայց հանրության տրամադրություններն ու ցանկությունները Քոչարյանի օգտին չեն, վերադարձի շանս չկա․ «Քոչարյանն ինքն էլ միշտ իր հնարավորությունները տեսել է ոչ թե հանրության մեջ, այլ գլամուրային, ստվերային աջակցությունների մեթոդաբանության վրա»։ Քաղաքագետն ասում է, որ ստվերային, կլանային աջակցություններն առաջիկա ընտրություններին որոշիչ չեն կարող լինել, քանի որ «պետական կուրսը» ժողովրդավարական ընտրություններ անցկացնելն է․ «Ունի՞ այս պայմաններում ինքն այն ընտրազանգվածը, որը կգա եւ կընտրի իրեն, ես խիստ կասկածներ ունեմ։ Իսկ բոլոր նախկին ձեւերը, որոնցով իրենք ձայն են ապահովել նախկինում, ոչ միայն չեն աշխատելու, այլեւ քրեական միջոցառումներ են, որոնք հիմք կհանդիսանան համապատասխան ներազդման համար»։ Սարոյանի գնահատմամբ՝ Հայաստանում ներկայումս առանց հանրային աջակցության որեւէ հարց հնարավոր չէ լուծել․ «Հանրությունը նվաճել է այդ իրավունքը, եւ նա երբեք թույլ չի տա հետ գնալ, ապագան ոչ թե նախկին ուժերինն է, այլ նոր ուժերինը»։



ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ նախկին անդամ, ներկայումս ԲՀԿ ավագանու ցուցակում հանգրվանած **Լյուդմիլա Սարգսյանը** կարծում է, որ Քոչարյանը չափից շատ է գերագնահատում իր ուժերը, եւ որ այդ բեւեռը շատ փոքր է լինելու․ «Ես վստահ չեմ նույնիսկ, որ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն կմիանան այդ բեւեռին, ուր մնաց՝ ԲՀԿ-ն։ Չեմ կարծում, թե կլինեն այդպիսի ուժեր, որոնք խաչ կքաշեն իրենց ճակատագրի վրա, քանի որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ժողովուրդը շատ հստակ դիրքորոշում ունի, իսկ աջակցել նրան՝ նշանակում է դուրս գալ ժողովրդի դեմ»։ Սարգսյանը կարծում է․ «Հատկապես ԲՀԿ-ն, որի ղեկավար պարոն Ծառուկյանն ուրախանում է ժողովրդի ցանկացած գնահատանքով, ինչո՞ւ պիտի իր նկատմամբ սերն ու համակրանքը փոխի ատելության հետ»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**