Թրամփը եւ Պուտինը մինչեւ տարեվերջ կարող են հանդիպել եւս երեք անգամ

Թրամփը եւ Պուտինը մինչեւ տարեվերջ կարող են հանդիպել եւս երեք անգամ
ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը մինչեւ ընթացիկ տարվա վերջ կարող են հանդիպել եւս երեք անգամ։ Այս մասին հայտնում է «Известия»-ն` մանրամասնելով, որ այդ հանդիպումները կարող են տեղի ունենալ Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի ավարտի տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ, Արեւելա-Ասիական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Սինգապուրում եւ «Մեծ Քսանյակի» առաջնորդների հանդիպման ժամանակ՝ Արգենտինայում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ պարզաբանել է, որ ռուսական կողմը մտադիր է ռուս-ամերիկյան բանակցություններ կազմակերպել տարբեր հարթակներում, ներառյալ նաեւ բարձր մակարդակի շփումները այդ համաժողովների եւ միջոցառումների ժամանակ։



Միաժամանակ, սակայն Պեսկովը շեշտել է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով մտադրությունները կլինեն փոխադարձ։ Հիշեցնենք, որ Առաջին աշխարհամարտի ավարտի տարեդարձին նվիրված միջոցառումները կլինեն Ֆրանսիայում այս տարվա նոյեմբերի 11-ին, Արեւելա-Ասիական համաժողովը տեղի կունենա Սինգապուրում այս տարվա նոյեմբերի 11-15-ին, իսկ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին՝ Բուենոս Այրեսում։