Սկզբնական շրջանում մտածել եմ՝ Գարեգին Չուգասզյանն էլ մեր «Ցռան Վերգոն» ա՝ ոչինչ

Սկզբնական շրջանում մտածել եմ՝ Գարեգին Չուգասզյանն էլ մեր «Ցռան Վերգոն» ա՝ ոչինչ
Երեկ կալանավայրից «Հրապարակի» խմբագրություն զանգահարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը՝ հայտնելով, որ ասելիք ունի, որը ցանկանում է հնչեցնել մամուլով։ Նրա խոսքը վերաբերում էր «Սասնա ծռերի» իր ընկերներին, կուսակցություն հիմնելու հիմնելու մտադրությանը եւ Գարեգին Չուգասզյանին։



«Ես մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները, իմ «Սասնա ծուռ» ախպրտինքը պետք է շատ զգույշ լինեն, քանզի Հիմնադիր խորհրդարանի համակարգող խորհուրդը պետք է նախ մի հատ հաշվետվություն տա Գարեգին Չուգասզյանի կատարած գործողությունների մասին։ Ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց եւ ապրիլի 24-ին հայտնվեց, կամ երբ որ Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի՝ գիշերով ստորագրությամբ բաց թողնվեց եւ հայտնվեց դատարանի դիմաց՝ «Սասնա ծռերի» աջակիցների եւ հարազատների առաջ, եւ համարեց քաղաքական սաբոտաժ ժողովրդի արդար ցասումը՝ «Սասնա ծռերին» բաց թողնելու կապակցությամբ։ Կամ՝ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարությո՞ւնն էր Գարեգինի, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած հոգեւոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին եւ տեղում օրհնեցին էդ հարությունը։ Ինչպե՞ս։ Այսինքն՝ սա ես համարում եմ քաղաքական անեքսիա կամ, իմ որակմամբ՝ քաղաքական բուտիլիզմ»,- իր խոսքն այսպես սկսեց Պավլիկ Մանուկյանը։



Նրա խոսքով՝ Գարեգին Չուգասզյանը 2016 թվականի հուլիսի 17-ից հետո ուղղակի «պահածոյացվել» էր, ու մեկ էլ այդ «վարունգն ապրիլի 24-ին պայթեց», ուստի համարում է, որ «այս բուտիլիզմին վերջ պետք է տալ»։



**-Պարոն Մանուկյան, Ձեր ընկերների եւ Ձեր հայտարարությունները վերջին շրջանում կարծես թե իրար չեն համընկնում, ի՞նչ տարաձայնություններ ունեք նրանց հետ։**



-Ինչը ես հայտարարել եմ, դա բացարձակ ճշմարտություն է, եւ շուտով ինքներդ կհամոզվեք դրանում։ Եթե չեմ սխալվում, արդեն Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ Արմեն Բիլյանն այնտեղ չի եղել։ Այսինքն՝ դուրս կգանք, մնացածը կբացահայտենք, կասենք։ Ինձ համար խնդիր չէ, թե ով կմնա «Սասնա ծուռ», ով չի մնա։ Ես սկզբնական շրջանում մտածել եմ՝ Գարեգին Չուգասզյանն էլ մեր «Ցռան Վերգոն» ա, ոչինչ, կարելի ա, էպոսի մեջ տենց էլ ա լինում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի նպատակը չի համապատասխանում այս գործընթացին։



**-Ինչպե՞ս եք վերաբերվում «Սասնա ծռերի» կողմից կուսակցություն հիմնելու**ն։



-Իմ ամբողջ ասելիքը հենց դա էր, ես արդեն ասացի, որ պետք է զգույշ լինեն, աչալուրջ լինեն եւ հատկապես, որ «ծռերից» դեռ մաս կա, որ բանտում է, համարում եմ ուղղակի անիմաստ, կուսակցություն հիմնելը չի արտահայտում «Սասնա ծռերից» բոլորի կամքը։



**-Պարոն Մանուկյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ «Սասնա ծռերի» մի մասն ազատվեց, մի մասը, այդ թվում՝ Դուք, դեռ շարունակում եք մնալ բանտում։**



-Դե, հիմա տեսնո՞ւմ եք, որ այստեղ ինչ-որ մութ հարցեր կան, որը չի պարզաբանվում։ Երբ ամեն ինչ կպարզաբանվի, եւ դուրս կգանք, բոլորս միասին կլինենք, իհարկե, նաեւ հայտ կներկայացնենք, թե ինչ ձեւաչափով, ինչպես հայրենաշինությանը… Հիմա, փառք Աստծո, Նիկոլ Փաշինյանի խոսքը հույս է ներշնչում ժողովրդին, բայց հավատը մենք ենք բերելու։ Այսինքն՝ սա անհրաժեշտ բան է թե՛ գործարար մասսային, թե՛ սփյուռքին… Ինչ ուզում ես կառուցիր, եթե արդարությունը որպես տանիք չի ծառայում, վաղ թե ուշ վերածվելու է ավգյան ախոռների։ Մեր առաջին հանրապետության Արամ Մանուկյանը մի խոսք ունի․ «Հայրենիքի շահերից ելնելով՝ պատրաստ եմ համբուրվել սատանաների հետ»։ Իսկ ես ժխտում եմ դա․ հայրենիքիս շահերից ելնելով՝ պատրաստ եմ թքել սատանայի ճակատին։ Մեր ազգային միասնության հարսանիքին այդ բուտիլիզմով վարակված վարունգը չպիտի լինի, վերջ։



**-Սատանան ո՞վ է այսօր, եւ ովքե՞ր են ուզում համբուրվել նրա հետ։ Կա՞ն այդպիսիք։**



Իհարկե, կան։ Դուրս կգամ եւ այդ մասին արդեն հրապարակավ կասեմ։ Այնպես որ, միայն ես չեմ թքում սատանայի ճակատին։ Էս արյունը՝ իմ, տղայիս, ընկերներիս, որ թափվել է, սրանք վաճառքի ենթակա չեն։



**-Ի դեպ, Ձեր տղայի առողջական վիճակն ինչպե՞ս է։**



-Դե, հիմա, սպասում եմ, որ դուրս գանք, միասին գնանք տեսնենք… էս երկաթները՝ Արամինն ութ ամսից պիտի հանեն, իմը երեւի ցմահ կմնա, եսիմ, չգիտեմ։ Բայց չեմ նեղվում, ես պատրաստ եմ ավելի ծանր պայմաններում ապրեմ, միայն թե իմ ժողովրդից գողացված ժպիտը, ծիծաղը հետ բերեմ, Վահե ջան։ Էս ոտքս, որ կարճացել է 34 սմ, նրա համար է, որպեսզի իմ ժողովրդի ոտքը երկարի։ Եթե ես իմ զավակին եմ դրել զոհասեղանին, զուտ նրա համար, որ՝ հավատացեք, մի օր էլ դուք պետք է ձեր զավակներին վստահեք մեզ, եւ էս արեւի տակ մենք մեր տեղը կունենանք։ Այսինքն՝ ամենաթանկն եմ տվել եւ պատրաստ եմ էլի տալ։



**-Նիկոլ Փաշինյանի այս քայլը որեւէ կերպ իրականացրե՞ց ձեր նպատակները։**



-Իհարկե, հիմա ես հայտարարում եմ կանգնել Նիկոլի կողքին, պատրաստ ենք։



**-Բայց մեթոդները տարբեր էին ձեր եւ Նիկոլ Փաշինյանի։ Երկու տարի է անցել ՊՊԾ գունդը գրավելոււց, այս ընթացքում չե՞ք մտորել այդ ամենի շուրջ՝ ճի՞շտ էր, ամեն դեպքում, ձեր արարքը՝ զենքով փորձել հարց լուծել, թե՞ ոչ։**



-Այդ ժամանակ դա անհրաժեշտություն էր։ Հիմա՝ էս պահին, դրա կարիքն արդեն չի զգացվում։ Մեր քայլը նաեւ նրանում էր, որ դա էլ պատճառ հանդիսացավ, որ ժողովուրդը տեսավ՝ այլընտրանք չկա։ Մենք ամեն ձեւի խոսեցինք, ինչ քաղաքակիրթ մեթոդ ասես մենք ընտրել ենք… Իսկ հիմա դրա կարիքը չի զգացվում։ Պարտադի՞ր է ես կուսակցական լինեմ, որ ցույց տամ։ Ես առանց էդ էլ 22 տարի դաշնակցական եմ եղել, էդ թթուն խմել եմ, բոլ ա։ Այլ բան է, որ հետագայում պիտի մաքրենք, մաքրենք ու մաքրենք։ Ինքնամաքրման պիտի գնանք։ Եթե ինքնամաքրման չգնանք, սիրելիս, այսինքն՝ էս ավգյան ախոռների մաքրման մեջ ամեն մեկս մեր բաժինը չվերցնենք, մեկ ա, մի օր հեղեղը տանելու ա։ Այսինքն՝ պետք է օգնենք նաեւ վարչապետին այս ավգյան ախոռները մաքրելու մեջ։ Դրանում էլ եմ ես պատրաստ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**