Կարեւորը՝ անկարեւորից

Կարեւորը՝ անկարեւորից
Փոքրիկ իրադարձությունները երբեմն փոթորիկի ազդեցություն են թողնում մեր հասարակության վրա։ Երեկ նման ալիք առաջացրին Ռոբերտ Քոչարյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցն ու kremlin.ru-ում տեղադրված հաղորդագրությունը, որտեղ նշված էր, որ ՌԴ նախագահը «ջերմորեն շնորհավորել է» Քոչարյանին։ Այս շնորհավորանքի շուրջ օրվա ընթացքում լուրջ քաղաքագիտական վերլուծություններ արվեցին, եւ անգամ Քոչարյանի ծավալուն հարցազրույցը մղվեց հետին պլան։ Ոմանք սա համարեցին ապտակ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, մյուսները հիշեցին, որ նման հրապարակային շնորհավորանք Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինն արել է միայն նրա՝ նախագահ լինելու տարիներին։



Նկատեցին, որ ընդամենը 1 ամիս առաջ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր, բայց Պուտինը չշնորհավորեց նրան, երբ նա, հավանաբար, ավելի մեծ «աջակցության» էր կարոտ։ Ենթադրեցին, որ սա քաղաքական պայքարի մեկնարկն է, եւ ընդդիմադիր բեւեռն արդեն իսկ սկսել է ձեւավորվել։ Այս թոհուբոհի մեջ, սակայն, շատ ավելի կարեւոր լուրեր կային, որ վրիպեցին ՀՀ քաղաքացիների աչքից։ Օրինակ այն, որ այսօր Սոչիում տեղի կունենա Պուտինի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ։ Օրինակ այն, որ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչները փակել էին Երեւան- Արմավիր մայրուղին՝ ոռոգման ջուր էին պահանջում։



Հիմա սածիլներ տեղադրելու օրերն են՝ եթե ջուր չլինի, գարնանը գյուղացին սոված կմնա։ Չնկատեցին նաեւ, որ «Երկիր ծիրանի» կուսակցության չորս նվիրյալ անդամներ լքեցին կուսակցությունը՝ հայտարարելով, որ «խոսքի եւ գործի անհամապատասխանություն» կա կուսակցությունում։ Իսկ Բարձրագույն որակավորման կոմիտեի նոր նախագահ Սմբատ Գոգյանը երեկ դադարեցրեց ԲՈԿ-ի մասնագիտական խորհուրդների գործունեությունը։ Մենք Քոչարյանով էինք զբաղված։