Արտերկրում սահմանված հայանուն մրցանակներ

Արտերկրում սահմանված հայանուն մրցանակներ

«Կարող ես հայ լինել ծագումով, ազգանունդ կարող է «յան» վերջավորությունն ունենալ, բայց դա դեռ չի նշանակում, թե հայ ես: Հայ լինելը փորձություն է, ճակատագիր: Դա փորձություններով լի դժվարին ճակատագրի ընտրություն է:  Ֆրանսիայում դու ստանում ես ֆրանսիական քաղաքացիություն, ֆրանսիական անձնագիր: Եվ հայի ճակատագիրն ընտրելու համար  պիտի քեզ հայ զգաս»:
Կլոդ Մութաֆյան

Արտերկրում հայ եւ հայազգի գործիչների անուններով սահմանվել է ավելի քան 30 անուն մրցանակ: Ինչը յուրօրինակ տուրք է հայազգի այդ գործչներին տվյալ երկրում ներդրած ավանդի համար: Այդ մրցանակներից մի քանիսի համբավը վաղուց դուրս է եկել այդ երկրների սահմաններից եւ մեծ հեղինակություն են վայելում:

«ՎԻՐՋԻՆԻԱ ԱԲԳԱՐ» մրցանակ, Ամերիկյան մանկաբույժների ակադեմիայի ամենամյա մրցանակ՝ պերինատոլոգիայի բնագավառում ակնառու վաստակի համար: Մրցանակը շնորհվում է ամեն տարի որեւէ բժշկի, ով մեծ ազդեցություն է ունեցել նորածինների բարեկեցության վրա՝ մրցանակը կոչվել է ամերիկահայ աշխարհահռչակ մանկաբույժ Վիրջինիա Աբգարի անունով: 
ԱԴԵՈԴԱՏ ՊՈՏԱՆԻՈւՇ-ԱԲՐԱՀԱՄԻ անվան մրցանակ, սահմանվել է Հունգարիայի կառավարության կողմից` աչքի ընկնող գյուտարարներին պարգևատրելու համար (հայկական անուն-ազգանունը՝ Ասատուր կամ Աստվածատուր Աբրահամյան: Հայկական ծագման մասին տես, Հարություն Մինասյան, «Հունգարահայ բժիշկները XVIII դարից մինչեվ XX դ․ սկիզբ»): 

ԱՆՆԱ   ԱՍԼԱՆԻ  անվան մրցանակ, շնորհվում է բժշկության բնագավառում: Մրցանակը սահմանվել է ԳԴՀ-ում (այժմ` ԳՖՀ-ի արլ. մասը)` ի պատիվ ռումինահայ ծերաբան-ծերաբույժ «Հաղթանակի արձան» մշակութային համաշխարհային մրցանակի դափնեկիր (Իտալիա, 1984) Աննա Ասլանի:  
«ԲՈւՆԻԱԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ», մաթեմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի բնագավառի ամենամյա մրցանակ, որը շնորհվում է ռուսաստանցի լավագույն երիտասարդ մասնագետներին: Մրցանակը 1998-ին սահմանվել է ՌԴ միջուկային կենտրոնի համառուսաստանյան գիտա-հետազոտական տեխնիկակական ֆիզիկայի ինստիտուտը՝ РФЯЦ-ВНИИТФ:
«ԳՈՐՈՎԵ» մրցանակ, սահմանվել է Հունգարիայում Լասլո Գորովեի (Կորովյան) եւ եղբայրների կողմից, այդ նպատակի համար Ակադեմիային հատկացնելով 1000 ֆորինտ դրամագլուխ՝ Գորովե մրցանակային ֆոնդ՝ Gorove-alapítványból, սահմանելու համար, որի մասին նրանք հայտնել են 1839թ փետրվարի 18-ի թվագիր նամակում: Մրցանակը տրվել է 4 տարին մեկ անգամ՝ 60 ոսկու չափով՝ հունգարական մշակույթի եւ գիտության մեջ բարոյականության խրախուսման համար: 
ԴՅԱԳԻԼՈՎԻ մրցանակ, Ռուսաստանի պատմության մեջ լավագույն պրոդյուսերական նախագծի համար սահմանված առաջին պրոֆեսիոնալ մրցանակը: մրցանակը սահմանվել է 2003-ին, սակայն 2012-ին զարգացման նոր իմպուլս է ստացել: Մրցանակն ամեն տարի տրվում է Պերմում՝ Դյագիլովյան միջազգային փառատոնի շրջանակներում: (Ս․ Դյագիլովի հայկական ծագման մասին տես, Վիգեն Իսահակյան, «Հայրս», Երեւան, 2000, էջ 139):
Ս. ԴՈՎԼԱԹՈՎԻ անվան ամենամյա գրական մրցանակ: Մրցանակը սահմանել է "Звезда" ամսագիրը՝ 1995 թ.-ին: Նախապես մրցանակը տրվում էր լավագույն պատմվածքի հեղինակին, ով ապրում էր կամ պատմվածքը տպագրել էր Սանկտ Պետերբուրգում: Այժմ մրցանակը համառուսաստանյան է:  Ավանդաբար մրցանակը շնորհվում է Ս. Դովլաթովի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 3-ին:
ԹԱՆՂԻԵՎԱ-ԲԻՐԶՆԻԵՑԵԻ անվան մրցանակ, Լատվիայի թատերական միության մրցանակ, որը շնորհվում է Թատրոնի միջազգային օրը: Մրցանակը տրվում է թատերական նկարիչներին՝ ակնառու հաջողությունների համար: Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1996-ին, որին առաջինն արժանացել է. Լիտա Բայրիսը: Տարբեր տարիների Թանգիեւա-Բիրզնիցեի անվան մրցանակին արժանացել են.
2006. Դրեգոն Ինեսե Դումպե, Այվարս Լեյմանիս, Գենադի Գորբանոուս եւ այլք: 
Հաղթողներին տրվում է դրամական մրցանակ, իսկ 2013-ից նաեւ՝ անհատական հատուկ պատրաստված մեդալ:
ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻ անվան մրցանակ, սահմանվել է 1998-ին ռուսական «Կինոտավր» բաց մրցույթի փառատոնի շրջանակներում՝ Մ. Թարիվերդիեւի լավագույն երաժշտության կատարման համար: 
«ԿԱՐԱՉՈՆԻ» մրցանակ, սահմանել է Հունգարիայի ԳԱ-ն 1858-ին ազգային թատրոնի ռոճկավորների հիմնարկության, երաժշտության զարգացման, չքավոր օրիորդնորի ամուսնության եւ այլնի համար: Մրցանակը կոչվել է արքունի խորհրդական Գվիդոն Կարաչոնիի (Գրեչունյան) անունով: 
ՄԵԼԻՔ-ՔԱՐԱՄՈՎԻ անվան մրցանակ (премия Советских профсоюзов им Н. Б. Мелик-Карамова), խորհրդային արհմիությունների մրցանակը, որը տրվել է 1980-ական թթ.-ին:
 «ՄԻՀԱՅ ԷՄԻՆԵՍԿՈւ» ազգային գրական մրցանակ, սահմանվել է 1991 թ.-ին, չնայած դեռեւս 1989 թ.-ին էր բանաստեղծ Ջելլու Դորյանը նախաձեռնել այն: «Միհայ Էմինեսկու» գրական մրցանակը ռումինական ժամանակակից պոեզիայի կողմնորոշիչն է աշխարհում: Մրցանակը հանձնվում է ամեն տարի հունվարի 15-ին՝ Մ. Էմինեսկուի ծննդյան օրը, Բոտաշանում՝ 2011 թ.-ից հունվարի 15-ը Ռումինիայում նշվում է նաեւ Ազգային մշակույթի օր:
Մրցանակակիրների թվում են եղել. Դորու Մորեշը, Լիվիու Ջորջեսկուն, Ռեզվան Ցուպան, Դան Սոչուն,  Շտեֆան Բագիուն, Իոն Մուրեշան  եւ այլք: [Մ. Էմինեսկուի հայկական ծագման մասին տես`Кость Бондаренко «Профиль» № 39 (157), 09.10.2010 г.,  Հակոբ Ճ. Սիրունի, «Միհայ Էմինեսկու», Պուքրեշ, 1937թ., Լ. Լանիս «Միհայ Էմինեսքու»՝ «Հայաստանի կոչնակ», 1949, էջ 869 եւ այլն]: 
ՉԱՄ(Ի)ՉՅԱՆ մրցանակ, սահմանվել է Իտալիայի Քիմիական ընկերության օրգանական քիմիայի բաժանմունքը 1979-ին, որն ամեն տարի տրվում է երիտասարդ գիտնականներին: 

Զ. ՑԻԲՈւԼՍԿՈւ մրցանակ (լեհ. Nagroda Zbyszka Cybulskiego), 
լեհական կինոմրցանակ՝ տրվում է խիստ անհատկանություն ունեցող երիտասարդ դերասաններին: Մրցանակը սահմանվել է 1969 թ.-ին: 1969 թ.-ին մրցանակի առաջին դափնեկիր է դարձել Դանիել Օլբրիխսկին:  
2008 թ-ին մրցանակային հիմնադրամը թողարկել է «Լինե՞լ  Ցիբուլսկի» կինոյին նվիրված գիրքը՝ նվիրված մրցանակի բոլոր դափնեկիրներին (Հայկական ծագման մասին տես, Газета «Республика Армения», 3 января, 2022)
ՕԿՈւՋԱՎԱՅԻ անվան մրցանակ, Բուլատ Օկուջավայի անվան գրական պետական մրցանակ: Մրցանակը հիմնվել է 1997-ին՝ ՌԴ նախագահին կից մրցանակների շնորհման հանձնախմբի կողմից: Ըստ կանոնադրության մրցանակը տրվում է այն բանաստեղծներին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել ժամանակակից ռուսական գրականության զարգացման գործում, ինչպես նաեւ սեփական երգերը կատարող արվեսագետներին: Մրցանակն առաջին անգամ 1998-ին շնորհվել է Ալ. Գորոդիցկուն: Հետագա տարիներին մրցանակի դափնեկիրներ են դարձել. Յու. Կիմը (1999), Դմ. Սուխարեւը (2000), Ալ. Դոլսկին (2001), Յու. Ռյաշենցեւը (2002), Բ. Ախմադուլինան (2003): 
Մրցանակի դրամական համարժեքը կազմել է մինիմում աշխատավարձի երկու հարյուրապատիկը, իսկ դափնեկրի դիպլոմը Մոսկվայում շնորհել է ՌԴ նախագահը՝ Ռուսաստանի անկախության օրվա առթիվ: ՌԴ նախագահի 2004թ. հրամանով դադարեցվել է մրցանակի հետագա շնորհումը:
«ՕՐԲԵԼՈւ ՄՐՑԱՆԱԿ», պաշտոնական անվանումը`Լ. Ա. Օրբելու անվան մրցանակ: Չնայած ամենամյա մրցանակ է, սակայն անցած 60 տարիներին մրցանակին արժանացել են միայն 2 տասնյակ գիտնականներ: Մրցանակը 1962-ին հիմնել են ԽՍՀՄ և Ռուսաստանի ԳԱ-ներն` էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բնագավառում ակնառու աշխատանքների համար: Կոչվել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից մեկի, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, ԽՍՀՄ ակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ-ի փոխպրեզիդենտ Լևոն Աբգարի Օրբելու անունով: 1962-ին մրցանակի առաջին դափնեկիր է դարձել Խաչատուր Սեդրակի Կոշտոյանցը` «Համեմատական ֆիզիոլոգիայի հիմքերը» աշխատության համար (1-ին հատոր` 1950թ., 2-րդ հատոր`1957թ.):  Հետագա տարիներին Օբելու մրցանակի դափնեկիրներ են դարձել. Խ. Ս. Կոշտոյանցը, Ա. Գ. Գինեցինսկին, Ա. Ի. Քարամյանը,  Հովհ. Գ. Բակլավաջյանը, Մ. Ն. Պերցեւան եւ այլք; 
Բացի վերոհիշյալ մրցանակներից արտերկրում մրցանակներ են սահմանվել նաեւ հայկական բարեգործական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների եւ հայ անհատների կողմից, որոնք շնորվել են միայն սփյուռքահայերին: Այդ մրցանակներին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ:

Գագիկ Արծրունի