Մեկ ու կես տարի պահանջվեց այդ որոշմանը գալու համար․ Մարինա Խաչատրյան

Մեկ ու կես տարի պահանջվեց այդ որոշմանը գալու համար․ Մարինա Խաչատրյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը այսօր հայտարարել էր, որ ինքը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը և Աստղիկ Պետրոսյանը լքել են կուսակցության շարքերը։



Մարինա Խաչատրյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց․ «Մեկ ու կես տարի պահանջվեց այդ որոշմանը գալու համար։ Անձնական անհամաձայնություն չի եղել, այստեղ սկզբունքների մեծ տարբերություն կա, պատկերացումների, գուցե գաղափարային տարբերություններ էլ կարող եմ նշել։ Դա միայն իմ անձնական որոշումը չի»։



Հարցին՝ ինչպե՞ս դրան արձագանքեց Փոստանջյանը, մեր զրուցակիցը նշեց․ «Դեռեւս չգիտեմ, իր արձագանքը չեմ ստացել, հուսով եմ, որ լրագրողների օգնությամբ կստանամ արձագանքը։ Ես իրեն էլեկտրոնային նամակ եմ ուղարկել այսօր։ Կոնկրետ կոպիտ միջադեպ չի եղել, եղել են խոսակցություններ, որ կան որոշակի անհամապատասխանություններ, ի վերջո ես որոշեցի առաջին հերթին հարգել ինքս ինձ, իմ գործընկերների սկզբունքները, իրենց մոտեցումները եւ նաեւ հարգելի Զարուհի Փոստանջյանին, «Երկիր Ծիրանի» կուսակցության մոտեցումները։ Այսինքն՝ չհակադրվել, ցանկացած ոք ունի իր մոտեցումները, սկզբունքներ ունենալու իրավունք»։



Նա նշեց, որ չի պատրաստվում առաջիկայում որեւէ կուսակցության անդամագրվել, սակայն հույս ունի, որ քաղաքապետարանի նոր ավագանիում լավ մարդիկ են լինելու, առողջացնելու են քաղաքը։



**Աննա Պապիկյան**