Գորիսի համալսարանում լարված իրավիճակ է․ նախարարը չի լուծում կուտակված հարցերը

Գորիսի համալսարանում լարված իրավիճակ է․ նախարարը չի լուծում կուտակված հարցերը
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի Կապան կատարած այցը շարունակում է մնալ մարզի բնակչության բուռն քննարկման թեման: Նախարարը, մոռանալով իր այցի նպատակը, որն, ըստ էության պետք է վերաբերեր կրթության ոլորտի առողջացմանը, առաջարկությունների վերհանմանը, սկսել է փնովել մանկավարժներին, մեղադրանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոռումպացված և կաշառված լինելու համար, մոռանալով, որ իր դիմաց նստած են նաև սահմանամերձ գյուղերում աշխատող և կոպեկներով սերունդ կրթելու պատասխանատվություն կրող անձինք: Թեև նպատակը, ըստ էության, ողջունելի է՝ նախարարն ամեն տեղ հրապարակային նշում է, որ դպրոցներն ապաքաղաքականցվում են՝ այլեւս չեն ծառայելու ընտրություններին եւ կոնկրետ կուսակցությունների համար աշխատանք չեն տանելու, սակայն կուլիսների հետևում մարզպետ Կարեն Համբարձումյանը հայտարարել է, որ առաջիկայում դպրոցներ է մտնելու՝ հասկանալու համար, թե ով ու՞մ բարեկամն է:



Քննարկումից հետո մարզի մանկավարժներն արձանագրել են, որ նախարարը մարզ է այցելել ոչ թե խոսելու տարիներ շարունակ երկրում տիրող իրավիճակի զոհը դարձած մանկավարժի արժանապատվության, կրթության որակի բարելավման, խղճուկ աշխատավարձերի մասին, այլ  էժանագին հայտարարություններանելու եւ համակարգի հանդեպ իր նեգատիվ վերաբերմունքը ցուցադրելու:



Արայիկ Հարությունյանը նեղ շրջանակներում անդրադարձել է նաև Գորիսի Պետական համալսարանի խնդրին: Առջևում նոր ուսումնական տարվա մեկնարկն է, սակայն անօրինական կարգով աշխատանքից ազատված, գիտական աստիճաններ ունեցող դասախոսների հարցն ու համալսարանում տիրող լարված մթնոլորտը շարունակում է նույնը մնալ:



Թեև Արայիկ Հարությունյանին համալսարանի դասախոսական կազմը բազմաթիվ փաստեր է ներկայացրել։ Օրինակ, որ Գորիսի պետական համալսարանի ռեկտորին կարգել է Սուրիկ խաչատրյանը եւ կողքից տարիներ շարունակ կառավարել է, մինչդեռ Արտյուշա Ղուկասյանը նախկինում ազատվել էր զբաղեցրած պաշտոններից՝ անհասկանալի պատմությունների արդյունքում եւ այսօր էլ մեծ դժգոհություններ կան նրանից․ Գորիսի համալսարանի դասախոսական կազմից մի մեծ խումբ նրա դեմ է եւ տարիներ շարունակ հրապարակումներով է հանդես գալիս՝ ներկայացնում փաստեր բուհում տիրող իրավիճակի մասին: Ավելին՝ համալսարանում հիմա հարցերի լուծման նոր մեթոդ է ներդրվել. Դժգոհ դասախոսներին լռեցնելու համար: Այդ պրոցեսին ներգրավվել են նաեւ նախկին ուսանողները, անհասկանալի կանայք, որոնք ավելի վաղ, Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ համալսարանում  տեղի ունեցած քննարկման ժամանակ պախարակել են Ղուկասյանին դեմ հանդես եկող դասախոսներին։ Այս ամենի մեջ ամենից ակտիվը նախկին ուսանողներից մեկն է՝ Նարե Հովհաննիսյանը, ով Ղուկասյանի հրավերով ժամանակ առ ժամանակ ժամանում է համալսարան, եւ ըստ դասախոսների, զբաղվում է ռեկտորից դժգոհ դասախոսների անձնական կյանքի և գործունեության մասին տվյալներ հավաքելով, անգամ ինչ որ ձայնագրություններ է իրականացնում, ապա համացանցում դասախոսների դեմ հրապարակումներով է հանդես գալիս: Բուհից մեզ ասացին, որ Նարեն իրավապաշտպան է, օգնում է ռեկտորին իրավական հարցերով, հատկապես բուհի դեմ ներկայացված հայցերով, այդպիսի մի քանի հայց կա բուհի ղեկավարության դեմ քննվող։ Իսկ նախարարի հետ կայացած քննարկմանը մասնակցել է որպես նախկին ուսանող․ «եկավ, ցանկություն հայտնեց մասնակցելու, հո չէինք ասելու՝ ոչ», բացատրեցին մեզ։ Առհասարակ, բուհը երկու մասին է պառակտված՝ ղուկասյանականներ եւ հակաղուկասյանականներ։ Անգամ ուսանողներն են այս կամ այն թեւին հարում, ինչը բնականաբար ազդում է ուսումնական գործընթացի վրա։



Այս ամենի մասին Սյունիք կատարած այցի ժամանակ վրդովված դասախոսները տեղեկացրել են նախարարին՝ հույս փայփայելով, որ նա կկարգավորի իրավիճակը, սակայն ապարդյուն՝ Արայիկ Հարությունյանին այդ պայթունավտանգ վիճակը չի հետաքրքրել։ Իսկ մինչ այդ համալսարանում բողոքի նոր ալիք է բարձրանում, չի բացառվում որ սեպտեմբերին  դասադուլ կանեն՝ ռեկտորի եւ նրա թիմի դեմ, դժգոհ դասախոսներն անգամ մտածում են Նարե Հովհաննիսյանի վերաբերյալ իրավապահներին դիմել՝ իրենց անձնական կյանքի մասին տվյալներ հավաքագրելու և անօրինական գործողություններ կատարելու հետ կապված բողոքով, քանի որ ֆեյսբուքում դասախոսների, նրանց ընտանիքի անդամների, կանանց վիրավորող հրապարակումներ են եղել, որոնք վերագրվում են Արտյուշա Ղուկասյանի թիմին եւ հատկապես այդ նախկին ուսանողուհուն: 



**Վարդուհի Համբարձումյան**