Վարչապետն իր նստավայրում ընդունել է «Կենգուրու 2018» և «Մեղու 2017» մրցույթների հաղթողներին (ֆոտոշարք)

Վարչապետն իր նստավայրում ընդունել է «Կենգուրու 2018» և «Մեղու 2017» մրցույթների հաղթողներին (ֆոտոշարք)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, Բաղրամյան 26-ի իր նստավայրում ընդունեց «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու 2018» և «Մեղու 2017» մրցույթների հաղթողներին։ Վարչապետիւ նստավայրում հյուրընկալվել էր 34 աշակերտ ՀՀ բոլոր մարզերից և Արցախից։ Նրանց մի մասը ստացավ ոսկե մեդալ՝ գերազանց առաջադիմության համար, մի մասն էլ՝ պատվոգիր մրցույթներում լավագույն արդյունք գրանցելու և բարձր միավորներ հավաքելու համար։ Մեդալներն ու պատվոգրերը երեխաներին հանձնեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։



Նշենք, որ այս միջոցառումը ավանդույթ է դարձել Բաղրամյան 26-ում, և մի քանի տարի շարունակ այս երկու մրցույթների հաղթողները հյուրընկալվում էին այն ժամանակվա նախագահականում։ Նախորդ տարիներին նրանց ընդունել է Սերժ Սարգսյանը, ով արարողակարգային մասն ավարտելուց և իր խոսքն ասելուց հետո պատասխանում էր աշակերտների հարցերին։ Այս անգամ նման բան տեղի չունեցավ։ Նիկոլ Փաշինյանը միայն ելույթ ունեցավ հյուրերի առաջ, իր մաղթանքը հղեց հաղթող աշակերտներին և հեռացավ։



Վարչապետն իր խոսքի սկզբում նախ նկատեց, որ բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան գիտելիքը, դրա համար էլ այս իրադարձությունն այսքան կարևորվում և հանդիսավոր կերպով նշվում է։ Ապա հիշեցրեց, որ այն ամենը, ինչ տեսնում ենք, կապ ունի կրթության հետ՝ աթոռները, որոնց վրա նստել ենք, կոշիկը, բարձրախոսը, ինտերնետը, տիեզերք թռչելը, այս ամենը կրթության արդյունք է։ Ազատ մամուլ, անկախ դատական համակարգ ունենալը և ուրիշի իրավունքները հարգելը ևս, ըստ վարչապետի, կրթության արդյունք են։



«Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշից, այլ ձեզանից է կախված: Նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծվի և յուրաքանչյուրը արձանագրի, որ Հայաստանում հնարավորի սահմանները ընդլայնվում են»,-իր խոսքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Սլայդում ներկայացնում ենք ֆոտոշարք այսօրվա միջոցառումից



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**