Օտարները իրենց սովորության համաձայն ոչինչ չեն ասի, ուղղակի կժպտան ու կճանապարհեն մերոնց

Օտարները իրենց սովորության համաձայն ոչինչ չեն ասի, ուղղակի կժպտան ու կճանապարհեն մերոնց
Մեր նոր իշխանավորներն ի լուր աշխարհի հայտարարում են, որ Հայաստանը արդեն ժողովրդավարական երկիր է, ու դա շատ վտանգավոր է, քանի որ եթե Հայաստանի ներսում քաղաքացիական կեցվածք չունեցող և ոչ իրավագիտակից մասսան իրենց հավատում է, ապա օտար երկրների ղեկավարները բնականաբար իրենց հավատալու ոչ մի հիմք չունեն. ընդհակառակը, նրանք մտահոգ են, որ Հայաստանում ավտորիտարիզմը կարող է որակապես մի նոր փուլ մտնել, և որ եթե նախկինում գոնե ինչ որ չափով կարող էին արձանագրել, որ Հայաստանում գոյություն ունի շատ թե քիչ բաց հասարակություն, ապա հիմա արդեն այդ առումով անորոշություն է տիրում. ասեմ ավելին, այդ անորոշությունը մեր նոր իշխանությունների կողմից ազատ խոսքի ու այլակարծության դեմ կտրուկ հայտարարությունների ֆոնի վրա կամաց-կամաց վերածվում է լրջագույն մտահոգության:



Մեր նորաթուխ ղեկավարության անդամներից ոմանք օտար երկրների ներկայացուցիչների հետ զրուցելիս նույնիսկ տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն են անվանում (երևի նրանք կարծում են, որ օտար երկրների ներկայացուցիչները մեր միամիտ ժողովրդի նման չգիտեն թե ինչ ասել է հեղափոխություն), ու պնդում են, որ դրանից հետո Հայաստանը արդեն ժողովրդավարական և իրավական երկիր է դարձել: Ինչևէ, օտարները իրենց սովորության համաձայն ոչինչ չեն ասի, ուղղակի կժպտան ու կճանապարհեն մերոնց, բայց մտքների մեջ շատ վատ կարծիք կկազմեն վերջինների մասին, որը վերջնարդյունքում իր բացասական հետևանքները կունենա մեր երկրի համար, քանի որ նրանք չեն սիրում, երբ ինչ որ փոքրիկ ու հետամնաց երկրի ավտորիտար ռեժիմի կիսագրագետ չինովնիկները փորձում են իրենց խաբել ու մոլորեցնել:



Օտար երկրների ղեկավարները, ի տարբերություն մեր չինովնիկների, քաղաքագիտություն են սովորել, ու ըստ այդմ հասկանում են, որ քանի դեռ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից ստեղծված ավտորիտար գոտում, երբեք չի կարողանա ժողովրդավար ու իրավական երկիր դառնալ, այլ ընդհակառակը վերջնականապես կընկղմվի ավտորիտարիզմի ճահճի մեջ, ու դրա վառ ապացույցն այսօրվա իրադարձություններն են, երբ արդեն Նիկոլին քննադատելը անթույլատրելի մեղք ու հայրենիքի դավաճանություն է համարվում, նույն այնպես, ինչպես որ Ռուսաստանում Պուտինին քննադատելը, կամ Ղազախստանում Նազարբաևին քննադատելը: Կամ եթե ինչ որ վատ բան այնուամենայնիվ պիտի բարձրաձայնվի, ապա դրա մեղավորության մեջ կարելի է մատնացույց անել ցանկացած չինովնիկի, սակայն ոչ միայն Նիկոլին, նա արդեն անձեռնմխելի է (արդեն Պուտինի օրինակով Նիկոլի իկոնաներն են ոմանք նկարում), ու սա արդեն շատ վտանգավոր է, քանի որ սա տիպիկ ավտոկրատիայի դրսևորում է, որը, ինչպես գիտենք, ավտորիտարիզմի ավելի խորացված տարբերակն է: Կարճ ասած, այս ամենը սպասելի էր, քանի որ Ռուսաստանի հետ միևնույն համակարգի մեջ գտնվելը բնականաբար կբերեր սրան, այլ բան ուղղակի անհնար էր սպասել:



**Թորոս Ալեքսանյան**