Մարզպետի հետ հանդիպման եկածները խմած էին

Մարզպետի հետ հանդիպման եկածները խմած էին
Մի քանի օր առաջ Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը, բողոքում էին համայնքների խոշորացման գործընթացի դեմ և պահանջում առանձնացնել համայանքները: Ավելի ուշ՝ ճանապարհը բացելուց հետո, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետը պետք է այցելի այդ համայնքներ՝ տեղում պարզելու խնդիրները:



Նշենք, որ **hraparak.am**-ի հետ զրույցում Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանն էլ վստահեցնում էր, որ բողոքողները համայնքների նախկին ղեկավարներն ու նրանց ազգականներն են, ովքեր խոշորացումից հետո մնացել են անգործ: Շիրակի մարզպետը երեկ շրջել է խոշորացված համայնքի գյուղերով, բայց, ինչպես մարզպետարանի կայքն է հայտնում, Շիրակ գյուղում մարզպետարանի պատվիրակությունը մեծ հիասթափություն է ապրել. «Մարզպետի հետ հանդիպման եկածները խմած էին, չգիտեին՝ ինչ էին պահանջում, ո՞րն էր բողոքի հիմնական պատճառը: Պարզ դարձավ մի բան: Գյուղացիների մի ստվար մաս տեղեկացված չէին հենց համայնք հասկացությունից, ոչ մեկը չէր այցելել համայնքային կենտրոն, բայց բոլորը դժգոհում էին տեղեկանք ստանալու խնդրից, որն, ինչպես պարզվեց, տալիս է հենց վարչական պատասխանատուն: Կամոյում նույն խնդիրն էր, այն տարբերությամբ, որ գյուղացիները խմած չէին:



Այստեղ ևս պարզ երևում էր վարչական ղեկավարի դեմ լարվածությունը, ով երկար տարիներ եղել է նույն համայնքի ղեկավար: Գյուղացիները տեղյակ չէին, որ իրենց գյուղում 75 միլիոն դրամ արժողությամբ մանկապարտեզ է կառուցվելու շուտով, մի քանի օրից շինարարի մրցույթն է լինելու: Շատ զարմացան: Կառնուտում վիճակը հանգիստ էր, այնտեղ հիմնականում մանկապարտեզի խնդիր կար, որն այս տարի լուծում չի ստանա, բայց հաջորդ տարվա համար կմտածեն սուբվենցիոն ծրագիր: Հովիտում նույն միջանձնային խնդիրն էր, որն ուղեկցվում էր ջուր և ճանապարհ չունենալու բողոքներով, ինչը միանշանակ չի եղել խոշորացումից առաջ էլ:



Պարոն մարզպետը հանձնարարեց ցանկապատել ջրի ակունքը և հնարավորինս հարթեցնել ճանապարհը, ինչը հետո բնակիչները խոստովանեցին, որ երկու անգամ միայն այս տարի է հարթեցվել: Բասենում համայնքի նախկին ղեկավարը նույնպես շեշտը դրեց ոչ թե անձերի, այլ հենց խոշորացման վրա՝ ներկայացնելով իր ինը տարվա պաշտոնավարման ընթաքցում կատարած աշխատանքները: Մարզպետի այն հարցին, թե դեմ լինելով խոշորացման գործընթացին, այնուամենայնիվ ինչո՞ւ առաջադրվեցիք, և եթե ընտրվեիք, կրկին պետք է բողոքեիք խոշորացման գործընթացի դեմ, պարոն Համլետ Պետրոսյանը այդպես էլ չպատասխանեց:



Ջրառատը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չուներ ոչ մի խնդիր, ճիշտ է բնակիչների որոշ մաս բողոքել էին հողերի հետ կապված, բայց հարցը լուծվել է, շուտով կհայտարարվեն մրցույթներ և պարզ կլինի, որքանով էին արդարացի նախկինում երբեք վար ու ցանք չարած բնակիչների բողոքները՝ հողերի հետ կապված: Նույն նորմալ վիճակը Այգաբացում էր: Արևիկում էլ կային խնդիրներ, բայց դրանք ոչ անձերի հետ էին կապված, ոչ էլ՝ խոշորացման: Բնակիչներն առաջարկում էին ընդամենը, որևէ ծրագիր իրականացնելուց առաջ լսել իրենց կարծիքը՝ հետո կայացնել որոշում որքան էլ այն լավը լինի »,-հայտնում են մարզպետարանից՝ տեղեկացնելով, որ մարզպետն այցելության ավարտին համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանին հորդորել է հնարավորինս շատ այցելել բնակավայրեր, հանդիպել եւ զրուցել բնակչների հետ, իրազեկել նրանց, թե որտեղ ինչ աշխատանքներ են արվում:



Իրականում Ախուրյանին միացած 7 համայնքի բնակիչները բաժանվել են երկու մասի: Մի մասը նախկին ղեկավարների հետ միասին պահանջում է խոշորացումից դուրս գալ, մյուսը մասը կողմ է խոշորացմանը՝ թվարկելով նկատելի փոփոխությունները: Բողոքողներն իրենց հիմնավորումներն են անում. «Ի՞նչն է փոխվել, մե հատըմ եկեք,ճամփեքը նայեք, հեսա անձրևներն եկան, հեչ չես էլ կըրնա գեղից դուրս գաս, փոխվել է, բա չի փոխվել: Խմելու ջուրն ի՞նչ է, գեղ կա, չունեն, էղավ մե տարի, էդ հարցերն ինչը՞խ է չեն կըրնա լուծեն»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Կամոյի բնակիչը: Բասենում ոտքի է ելել ամբողջ համայնքը. «Նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանն է բոլորին համոզել , որ այդպես լավ է, բայց ես չեմ կարող չնշել գոնե մի բան, որ խոշորացումից հետո մեր մանկապարտեզի վարձն է նվազել, ձմռանը ջեռուցվում է, դա ի՞նչ է՝ քի՞չ է »,-ասաց Բասենի բնակչուհիներից մեկը:



**Արևիկ Հակոբյան**