Պավլիկ Մանուկյանի բացառիկ հարցազրույցը՝ բանտից

Պավլիկ Մանուկյանի բացառիկ հարցազրույցը՝ բանտից
Քիչ առաջ կալանավայրից **«Հրապարակի»** խմբագրություն զանգահարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը՝ հայտնելով, որ ասելիք ունի, որը ցանկանում է հնչեցնել մամուլով։ Նրա խոսքը վերաբերում էր «Սասան ծռերի» իր ընկերներին, նրանց՝ կուսակցություն հիմնելու մտադրությանը և Գարեգին Չուգասզյանին։



«Խոսքս նախ պետք է ուղղեմ «Սասնա ծռերի» իմ ընկերներին, որոնք իրենց պարտքն են կատարել հայրենիքի, համայն հայության առաջ։ Մենք արդարության մարտիկներ ենք եղել և կանք։ Վաղ, թե ուշ, միևնույն է, մենք երկրի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին, անվտանգության դերակատարության մեջ մեր անելիքն ունենալու ենք, քանզի արդարությունը, եթե մի տեղ բացակայելու է, թագավորելու են սատանաները։ Մեր խնդիրն այն չի եղել մաս կազմել իշխանության, մեր խնդիրը եղել է վերականգնել արդարությունը, ժողովրդի գողացած իրավունքը հետ բերելը, կանխել պետական տեռորը»,-**Hraparak.am**-ի հետ զրույցում իր խոսքն այսպես սկսեց պարոն Մանուկյանը։



Ապա անցավ բուն թեմային՝ «Հիմնադիր խորհրդարանի» հետ համատեղ կուսակցություն հիմնելու իր ընկերների որոշմանը։



«Ես մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները, իմ «Սասնա ծուռ» ախպրտինքը պետք է շատ զգույշ լինեն, քանզի «Հիմնադիր խորհդրարանի» համակարգող խորհուրդը պետք է նախ մի հատ հաշվետվություն տա Գարեգին Չուքասզյանի կատարած գործողությունների ամսին, ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց և ապրիլի 24-ին հայտնվեց, կամ երբ որ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի՝ գիշերով ստորագրությամբ բաց թողնվեց և հայտնվեց դատարանի դիմաց՝ «Սասնա ծռերի» աջակիցների և հարազատների առաջ և համարեց քաղաքական սաբոտաժ ժողովրդի արդար ցասումը՝ «Սասնա ծռերին» բաց թողնելու կապակցությամբ։ Կամ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարություն էր Գարեգինի՞, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած՝ հոգևոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին և տեղում օրհնեցին էդ հարությունը։ Ինչպե՞ս։ Այսինքն՝ սա ես համարում եմ քաղաքական անեքսիա կամ, իմ որակմամբ, քաղաքական բուտիլիզմ»,-ասաց Պավլիկ Մանուկյանը՝ ժողովրդին զգուշացնելով, որ զգոն լինեն, քանզի «կապ չունի «Սասնա ծռերի» ցանկության և ժողովրդի արդար երազանքի հետ»։



Նրա խոսքով՝ Գարեգին Չուքասզյանը 2016 թվականի հուլիսի 17-ից հետո ուղղակի «պահածոյացվել» էր, ու մեկ էլ այդ «վարունգը ապրիլի 24-ին պայթեց», ուստի համարում է, որ «այս բուտիլիզմին վերջ պետք է տալ»։ Նա կարծում է, որ․



«Մինչև որ դուրս կգամ, ես անձամբ ինքս «Սասնա ծռերից» ևս մեկ երկու հոգու հետ կհանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև տենց չի լինում, «Սասնա ծռերից» խոսում են մարդիկ, որոնք․․․ Իսկ Դուք լավ հիշում եք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը մի գեղեցիկ հայտարարություն արեց, որ տարիներ շարունակ Ղարաբաղի մասին խոսել են, քննարկել են, բայց ղարաբաղցին չի մասնակցել։ Այսինքն՝ էդ հարցը չի լուծվի, մինչև որ ղարաբաղցին չմասնակցի»,-ասաց Պավլիկ Մանուկյանը։



**-Պարոն Մանուկյան, Ձեր ընկերների և Ձեր հայտարարությունները վերջին շրջանում կարծես թե իրար չեն համընկնում, ի՞նչ տարաձայնություններ ունեք նրանց հետ։**



-Ինչը ես հայտարարել եմ, դա բացարձակ ճշմարտություն է, և շուտով ինքներդ կհամնոզվեք դրանում։ Եթե չեմ սխալվում, արդեն Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ Արմեն Բիլյանն այնտեղ չի եղել։ Այսինքն՝ դուրս կգանք, մնացածը կբացահայտենք, կասենք։ Ինձ համար խնդիր չէ, թե ով կմնա «Սասնա ծուռ», ով չի մնա։ Ես սկզբնական շրջանում մտածել եմ՝ Գարեգին Չուքասզյանն» էլ մեր «Ցռան Վերգոն» ա, ոչինչ, կարելի ա, էպոսի մեջ տենց էլ ա լինում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի նպատակը չի համապատասպանում այս գործընթացին։



**-Ինչպե՞ս եք վերաբերվում «Սասնա ծռերի» կողմից կուսակցություն հիմնելուն։**



-Իմ ամբողջ ասելիքը հենց դա էր, ես արդեն ասացի, որ պետք է զգույշ լինեն, աչալուրջ լինեն, և հատկապես, որ «Ծռերից» դեռ մաս կա, որ բանտում է, համարում եմ ուղղակի անիմաստ, կուսակցություն հիմնելը չի արտահայտում «Սասնա ծռերից» բոլորի կամքը։



**-Պարոն Մանուկյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ «Սասնա ծռերի» մի մասն ազատվեց, մի մասը, այդ թվում՝ Դուք, դեռ շարունակում եք մնալ բանտում։**



-Դե, հիմա տեսնո՞ւմ եք, որ այստեղ ինչ-որ մութ հարցեր կան, որը չի պարզաբանվում։ Երբ ամեն ինչ կպարզաբանվի և դուրս կգանք, բոլորս միասին կլինենք, իհարկե, նաև հայտ կներկայացնենք, թե ինչ ձևաչափով, ինչպես հայրենաշինությանը․․․ Հիմա, փառք Աստծո, Նիկոլ Փաշինյանի խոսքը հույս է ներշնչում ժողովրդին, բայց հավատը մենք ենք բերելու։ Այսինքն՝ սա անհրաժեշտ բան է թե՛ գործարար մասսային, թե՛ սփյուռքին․․․ Ինչ ուզում ես կառուցիր, եթե արդարությունը որպես տանիք չի ծառայում, վաղ թե ուշ վերածվելու է ավգյան ախոռերի։ Մեր առաջին հանրապետության Արամ Մանուկյանը մի խոսք ունի՝ «հայրենիքի շահերից ելնելով պատրաստ եմ համբուրվել սատանաների հետ»։ Իսկ ես ժխտում եմ դա՝ հայրենիքիս շահերից ելնելով պատրաստ եմ թքել սատանայի ճակատին։ Մեր ազգային միասնության հարսանիքին այդ բուտիլիզմով վարակված վարունգը չպիտի լինի, վերջ։



**-Սատանան ո՞վ է այսօր, և ովքե՞ր են ուզում համբուրվել նրա հետ։** **Կա՞ն այդպիսիք։**



-Իհարկե, կան։ Դուրս կգամ և այդ մասին արդեն հրապարակավ կասեմ։



_Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» վաղվա համարում։_



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**