ՀՀԿ-ն պատմությունից դասեր չի քաղում

ՀՀԿ-ն պատմությունից դասեր չի քաղում
Մեր քաղաքական ուժերի պրոբլեմն այն է, որ իրենց համարում են կատարյալ, իսկ իրենց գործողություններն ու քայլերը՝ անթերի։ Մինչդեռ հասարակությունը կարոտ է այնպիսի քաղաքական իրավիճակի, երբ քաղաքական ուժն ազնիվ է, քաղաքական գործիչը՝ անկեղծ եւ ավելորդ ինքնավստահությունից զերծ, երբ ընդունում է իր սխալներն ու զղջում դրանց համար։



Տասնյակ տարիներ մեր հասարակությունը սպասեց, որ որեւէ նախագահ, վարչապետ, կուսակցության ղեկավար գեթ մեկ առիթով զղջման ու ափսոսանքի խոսքեր ասի։ Կամ՝ ետ նայելով իր անցած ուղուն, թերություններ գտնի եւ ինքնաքննադատությամբ հանդես գա։ Չկա, գրեթե չի եղել նման դեպք։ Անգամ 1996-ի, 98-ի, 99-ի, 2003-ի ու 2008-ի ընտրությունները կեղծած, դրանց կեղծման համար պատասխանատու մարմիններն ու անձինք զղջման խոսքեր չեն ասել։ Մանավանդ՝ նորից քաղաքականություն վերադարձող գործիչները պետք է իրենց կենսագրության նոր էջը սկսեն ապաշխարանքով։ Բայց մենք դա չտեսանք ո՛չ 2008-ին քաղաքականություն վերադարձած Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, ո՛չ այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ։



Ավելին՝ նրանք աչալուրջ հետեւում եւ արձանագրում են իրենց մրցակիցների սխալներն ու վրիպումները, խոսում այդ մասին, ինչպես արեց օրերս NTV-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի կողմից սխալ էր Սահմանադրություն փոխելը եւ նախագահի աթոռից վարչապետի աթոռին նստելը։ Դատելով այդ հայտարարությունից՝ Հանրապետականը ծանր է տարել այն։ Երեկ իրեն ուղղված հարցին պատասխանելով՝ ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ բոլոր պարագաներում, եթե վարչապետի պաշտոնին առաջադրվեր եւ նշանակվեր ՀՀԿ-ի ցանկացած թեկնածու, դեպքերն անխուսափելի էին՝ այս գործընթացը, միեւնույն է, լինելու էր։



Նման հայտարարությունը մի քանի բանի մասին է վկայում․ նախ այն մասին, որ Սերժ Սարգսյանն այսօր եւս շարունակում է մնալ Հանրապետականի անվերապահ լիդերը, եւ թիմն այս բոլոր իրադարձություններից որեւէ հետեւություն չի արել, ՀՀԿ-ն նորացման չի գնալու, եւ կուսակցության ղեկավար չի փոխվելու։ Մյուս հետեւությունն այն է, որ սեփական սխալները տեսնելու փորձեր ՀՀԿ-ում չեն արվում։ Տարրական տրամաբանությունն ասում է, որ եթե Սահմանադրությունը 2015-ին չփոխեին, եւ Սերժ Սարգսյանը փոխելուց առաջ չխոստանար, որ չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, ապա 2018-ին չդրժեր իր խոսքը՝ հեռանար իշխանությունից կամ գոնե ոչ առաջին պլանի պաշտոն զբաղեցներ, ապա շատ բան այլ կերպ կարող էր դասավորվել։ Ցանկացած սցենարի դեպքում, եթե վարչապետ նշանակվեր, օրինակ՝ Կարեն Կարապետյանը կամ Վիգեն Սարգսյանը, մարդկանց զայրույթն ու ատելությունն այդքան մեծ չէին լինի, եւ այդ ցասումի արդյունքում փողոց ելած մարդկանց քանակն էլ այդքան չէր լինի։



Հեղափոխությունները, առհասարակ, ծագում են անելանելիությունից, երբ ներքեւները չեն ուզում ապրել նախկին ձեւով, վերեւները չեն կարողանում կառավարել նախկին ձեւով։ Սա հեղափոխությունների մեծ գիտակ Լենինի բանաձեւն է, որն անվրեպ գործում է բոլոր ժամանակներում։ Եթե ժամանակին ՀՀ իշխանություններն իրենց գործողություններով չլցնեին ժողովրդի համբերության բաժակը, ագահորեն չիշխեին՝ թույլ չտալով, որ որեւէ մեկը մի թիզ տեղ զբաղեցնի իշխանական բուրգում։ Եթե հանրային դժգոհությունը մարելուն ուղղված քայլեր արվեին, բարեփոխումներ իրականացվեին, նոր մարդկանց բերեին ասպարեզ եւ ինքնավստահ ու ցինիկ հայտարարություններ չանեին, իրադարձությունների ընթացքը կարող էր բոլորովին այլ լինել։ Սա չհասկանալն ու չընդունելը վկայում են այն մասին, որ ՀՀԿ-ն պատմությունից դասեր չի քաղում եւ ինչպես անհանդուրժող ու ոչ ճկուն եղել է, այդպես էլ մնացել է։



**Սմբատ ՎԱՐԴԱՆՅԱՆ**